Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացին քրտնում է, վերավաճառողը՝ օգտվում

Նոյեմբեր 15,2006 00:00

Երկրորդ ձեռքի շուկան խորացնում է համայնքների աղքատությունը

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը դոլար-դրամ թեմայով քննարկման ժամանակ ասել էր, որ մեր երկրում երկրորդ ձեռքի շուկայի 80%-ը ստվերում է եւ այդ շուկայում գործող տնտեսվարողների իրացման ծավալները, ըստ էության, չեն վերահսկվում: Սա է պատճառը, որ թեկուզ արտադրողն իր ապրանքի գինն էժանացնում է, սպառողն այն թանկ է գնում, որովհետեւ երկրորդ ձեռքի շուկայում ով ինչ խաղ ուզում՝ անում է: Ստվերային շուկայի մի մասն են կազմում, օրինակ, մթերքի շուկայի վերավաճառողները, որոնք գյուղացու մշակած բերքի վաճառքից ավելի շատ եկամուտ են ունենում, քան իրենք՝ գյուղացիները: Արդյունքում՝ գյուղացին ապրանքը ջրի գնով վաճառում է, մենք՝ սպառողներս էլ թանկուկրակ գնում, իսկ մեջտեղում օգտվում է վերավաճառողը:

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի: Բնակիչները մեծ դժվարություններով են ստանում իրենց բերքը: Միայն 1 հեկտարի վար ու ցանքի համար գյուղացիները 37 հազար դրամ են վճարում: Եվ քանի որ գյուղում վերամշակման որեւէ գործարան կամ արտադրամաս չկա, ռինդցիները ստիպված են իրենց բերքը հասցնել մայրաքաղաք ու իրացնել երեւանյան շուկաներում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին այս գյուղի բնակիչները, բանջարեղենի եւ մրգի 1 կիլոգրամն իրենք ստիպված են եղել վերավաճառողներին հանձնել նույնիսկ 20-30 դրամով. «Մենք մեր ճանապարհածախսն անգամ չենք կարողացել հանել, մի բան էլ տուժում էինք»: Մինչդեռ նույնիսկ աշնան բերքառատ սեզոնին շուկայում այս տարի գները չափազանց բարձր էին, լոլիկը, որը հանձնվել է ընդամենը 20 դրամով, շուկայում 80-100 դրամից պակաս չէր լինի: Այսինքն՝ մնացած 60-80 դրամը գնացել է ոչ թե գյուղացու, այլ՝ վերավաճառողի գրպանը: Այս խնդիրը մեծ հաշվով վնասում է գյուղատնտեսությանը, քանի որ գյուղացին, որը պետք է ստացված շահույթը ներդներ որակյալ պարարտանյութ, տեխնիկա, սերմ ձեռք բերելու համար, փաստորեն, զրկվել է դրանից:

Ընդհանրապես Ռինդը մարզի ամենաաղքատ գյուղերից է ու չնայած հողագործությունը մեծ եկամուտ չի ապահովում, գյուղացիներն այլ եկամտի աղբյուր չունեն: Սա «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց նաեւ գյուղապետ Արամ Կյուրեղյանը: Ըստ նրա, նույնիսկ գյուղի երիտասարդները սուղ միջոցների պատճառով չեն ցանկանում ամուսնանալ. «Ռինդում 20 տարին բոլորած 89 չամուսնացած երիտասարդ տղա կա: Շատերն առանձին տուն չունեն, ամուսնանալուց հետո ապրում են իրենց ծնողների հետ»:

Գյուղում նաեւ խմելու ջրի հետ կապված խնդիրներ կան: Գյուղապետը պատմեց, որ Ռինդի ջրագիծը կառուցվել է 1968-70թ.թ., եւ 80% ջրի կորուստ են ունենում: Բացի այդ, գյուղում հակահամաճարակային վիճակ է, քանի որ խողովակների մաշվածության պատճառով գարնան եւ աշնան անձրեւաջրերն ու ձնհալի ջրերը ներծծվում են խողովակների մեջ. «Առայժմ, բարեբախտաբար, կարողանում ենք խուսափել համաճարակների տարածումից, սակայն դրանք բացառել չենք կարող»,- իր մտահոգությունը հայտնեց գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930