Լրահոս
Օրվա լրահոսը

«Չզբաղվել պոլիտիկա»

Դեկտեմբեր 01,2006 00:00

\"\"Երեկ հայտարարեցին Ավագյան կրկեսային ընտանիքի անդամները

Երկարամյա ընդմիջումից հետո այս տարվա հոկտեմբերին հայ հանդիսատեսը մեր կրկեսում կրկին ականատես եղավ երաժշտական էքսցենտրիկների եւ վարժեցված շներով համարների՝ շնորհիվ Ադրբեջանում ծնված, բայց երկար տարիներ Կրասնոդարում ապրող Ավագյան ընտանիքի անդամների, որոնք առաջին անգամ են ներկայանում հայրենիքում: Արտիստները Հայաստանում կաշխատեն մինչեւ 2007թ. հունվարի 15-ը:

Նշենք, որ երաժշտական էքսցենտրիկներ հայկական կրկեսում եղել են երկուսը, 60-70-ական թվականներին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Մարտիրոսյանը, որը հայտնի էր սաքսոֆոնով, կլարնետով, քսիլաֆոնով համարով եւ 70-ականներին՝ Սոս Պետրոսյանը՝ դարձյալ դհոլներով, դուդուկով, զուռնայով, կլարնետով համարով: Վարժեցրած շնիկներով համարով ճանաչված էին Շողիկ Գեւորգյանը (որը ծանոթ է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմից), այժմ մոսկվաբնակներ Լյուդմիլա Մանուկյանը, Անժելա Սարգսյանը եւ հայկական կրկեսային առաջին կոլեկտիվի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանի կինը՝ Վերան:

Մեր զրուցակիցներին՝ ամուսիններ Սամվել, Օլգա Ավագյաններին եւ նրանց դստերը՝ Կօրիննային (հայկական Կարինեի հունական տարբերակը) խնդրեցինք ներկայացնել իրենց կրկեսային ընտանիքի ստեղծման պատմությունը: Սամվելը հայտնեց, որ ինքը տրոմբոնահար էր եւ աշխատում էր զինվորական նվագախմբում, եւ երբ 1984-ին Կիրովաբադ եկավ Նովոսիբիրսկի կրկեսը, իրեն առաջարկեցին աշխատանք վերջինիս նվագախմբում: «Նովոսիբիրսկի կրկեսում էլ ծանոթացա ապագա կնոջս՝ Օլգայի հետ, որի ծնողները կրկեսի արտիստներ էին, իսկ կինս հաղորդավար էր: Նրա հետ էլ ստեղծեցինք մեր կրկեսային համարները՝ տարիներ շարունակ հանդես գալով որպես երաժշտական էքսցենտրիկներ: Մենք նվագում ենք սղոցով ու զանգակով, փայտերով ու այլ առարկաներով: Հետագայում մեզ միացավ նաեւ դուստրս»,- պատմեց Սամվելը:

Հետաքրքրությանը, թե Ավագյան ընտանիքն իրեն ինչպե՞ս է զգում առաջին անգամ լինելով հայրենիքում, Կօրիննան պատասխանեց. «Ափսոս, կրկեսի արտիստները ստիպված են ապրել թափառական կյանքով, թե չէ, հավատացնում եմ՝ կապրեի Հայաստանում»: Անդրադարձ եղավ նաեւ կրկեսային ոլորտում համագործակցող տարբեր ազգի արտիստների փոխհարաբերություններին: «Արվեստի մարդիկ, հատկապես կրկեսի արտիստները, կապ չունեն քաղաքականության հետ: Մենք այժմ էլ նորմալ շփվում ենք ադրբեջանցի արտիստների հետ: Մի առիթով մեր գործընկեր, ադրբեջանցի ծաղրածու Վուգարը դառնացած նշեց, որ քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց արտիստներս պետք է կարողանանք մեզ արժանապատիվ պահել՝ անկախ ազգամիջյան կոնֆլիկտներից»,- նշեց Օլգան:

Կրկեսային արտիստներով հարուստ Ռուսաստանում ինչպե՞ս է լուծվում իրենց աշխատանքի հարցը: Այս մասին էլ Սամվելը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ռուսաստանում կրկեսի արտիստների թիվը երեւի Հայաստանի բնակչության չափ է: Մենք աշխատանք չենք փնտրում, ագենտներն են մեզ գտնում: Օրինակ՝ մինչ հայաստանյան հյուրախաղերը, մենք ընտանիքով մեկուկես տարի աշխատում էինք Հունաստանում: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է աշխատավարձը, բնականաբար, Ռուսաստանի տարբեր քաղաքներում դրանք տարբեր են: Աշխատավարձը կախված է տվյալ երկրի կենսամակարդակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031