Լրահոս
Օրվա լրահոսը

«Համով տիկինը» կդիմի վարչապետին

Դեկտեմբեր 13,2006 00:00

\"\"Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը խոստացավ թատրոնի վերանորոգման հարցով անհանգստացնել Անդրանիկ Մարգարյանին:

Երեկ Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հրավիրել էր ասուլիս, որի թեման Գյումրիում ու Վանաձորում կայացած հյուրախաղերն էին:

Հիշյալ քաղաքներում թատրոնը ներկայացրել էր խաղացանկի առավել ցայտուն՝ Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը», Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա», Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» եւ Ժ. Անանյանի «Մեր տան տերերը» ներկայացումները: Պարոն Շահբազյանը ներկայացված յուրատեսակ հաշվետվության սկզբում չմոռացավ հյուրախաղերի կապակցությամբ շնորհակալություն հայտնել վարչապետին եւ մշակույթի նախարարությանը՝ իրենց աջակցելու համար. «Մարզկենտրոններ մեկնել էինք 90 հոգով՝ թատրոնի նվագախումբը, երգչախումբն ու բալետային խումբը, տեխնիկական սպասարկող անձնակազմը, բնականաբար՝ դերասանները: Աննկարագրելի էր գյումրեցիների ու վանաձորցիների ընդունելությունը: Մյուս կողմից այն փոքր-ինչ մտահոգվելու տեղիք տվեց: Պատկերացնո՞ւմ եք, աճում է մի սերունդ, որը կենդանի նվագախումբ չի տեսել»:

Թատրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա ընթացքում իրենց մոտ ներկայացումներ են բեմադրել երիտասարդ ռեժիսորներ Վանուհի Ղազարյանը, Վահան Բադալյանը, աշխատել է երիտասարդ նկարիչ Նինել Սարգսյանը եւ այլք: «Տարվա ընթացքում եղել է 5 ներկայացման պրեմիերա, 3-ը՝ նոր, իսկ 2 վերականգնված բեմադրության: Վերջին 7 ամիսների ընթացքում թատրոնն ունեցել է 140 բեմել»,- ասաց նա: «Առավոտի» դիտարկմանը՝ ստացվում է, որ տարվա մեջ ընդամենը 7 ամիս եք աշխատում ջեռուցում չունենալու պատճառով, պարոն Շահբազյանը հայտնեց, որ դեռեւս 2000 թվականից, երբ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էին մայրաքաղաքի թատրոնները, վերջիններս խաղում էին միայն իրենց թատրոնի բեմում. «Մեզ հավատացրել էին, թե «Լինսի» հիմնադրամի երկրորդ փուլի միջոցներով էլ կոմեդիայի թատրոնը կվերանորոգվի, ինչը չեղավ: Միջոցներն ուղղվեցին կրթական ոլորտին ու ճանապարհների վերակառուցմանը: Թատրոններից միայն մե՛ր բախտը չբերեց: Այս ընթացքում արագ փոխվում էին նաեւ մշակույթի նախարարները, ուստի վերանորոգման աշխատանքների խնդրով 2005-ին ստիպված անհանգստացրինք վարչապետին: Վերջինիս միջնորդությամբ թատրոնին տրամադրվեց 20 մլն դրամ, ինչի շնորհիվ տեղադրվեցին միայն կաթսաներ: Ասեմ նաեւ, որ 2007-ին պետական բյուջեից նախատեսված է տրամադրել 25 մլն դրամ, բայց դա էլ է քիչ: Մեր հաշվարկներով, թատրոնին հարկավոր է 170 մլն դրամ: Անտանելի վիճակում է շենքի տանիքը, աշխատում ենք դեռեւս 60-ականների տեխնիկայով… Կարճ ասած՝ «հարուստ» ենք պրոբլեմներով, բայց, ի պատիվ մեր դերասանների եւ տեխնիկական անձնակազմի, առայսօր ոչ մի ներկայացում չի ձախողվել: Ավելին, մեր ներկայացումներն անցնում են լեցուն դահլիճներում»:

Ասուլիսին ներկա սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ինչպես ժողովուրդն է անվանում՝ «համով տիկին» Սվետլանա Գրիգորյանին մեկ հարց ուղղեցինք՝ վերջին տարիներին անվանի արվեստագետների կողմից մոդայիկ է դարձել վարչապետ Մարգարյանից այս կամ այն առիթով աջակցություն խնդրելը, չե՞ք պատրաստվում ձեր թատրոնի խնդրով նման քայլ անել: Տիկին Գրիգորյանը հիշեց, որ պարոն Մարգարյանը մի անգամ համբուրել է իրեն. «Հաջորդ նման հանդիպման դեպքում խոստանում եմ արդյունավետ օգտագործել առիթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել