Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂ ՊԱՅՔԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 14,2006 00:00

\"\"Foreign Direct Investment-ը անդրադարձել է Հայաստանին

Հաջորդ տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վճռորոշ են լինելու երկրի ապագա ուղենիշի համար: Ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը նավթով հարուստ չէ, ինչը նշանակում է, որ նա հաճախ գտնվում է արեւմտյան արտաքին քաղաքական վերլուծաբանների ուշադրությունից դուրս: Այնուամենայնիվ, նա ռազմավարական դիրք է գրավում աշխարհի այնպիսի մի մասում, որը արագորեն իր վրա է հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը. այն է՝ Հարավային Կովկասում:

Հայաստանն ունի խնդիրներ: Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա տարածքների խնդիրը մնում է չլուծված: Հայաստանը չունի ելք դեպի ծով, եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ սահմանները (որոնք հետեւանք են Լեռնային Ղարաբաղի խնդրի) առեւտրի համար լուրջ խոչընդոտ են հանդիսանում: Երկրում գործարարությունը խոցելի է հովանավորչության առջեւ: Հենվելով ռուսական գազի մատակարարումների վրա, հայերն անխուսափելիորեն գների աճի առջեւ են կանգնում: Շատերն աղքատության մեջ են: Մի մասը փախստականներ են Ադրբեջանից, իսկ 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով տներից զրկվածներից ոչ բոլորն են մշտական բնակարաններով ապահովվել:

Ռոբերտ Քոչարյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է եւ եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է սկսած 1998թ.: Նրա օրոք երկրում գրանցվել են որոշակի, բայց ոչ տպավորիչ բարելավումներ՝ ենթակառուցվածքների եւ տնտեսության ոլորտներում: 2003թ. կայացած Քոչարյանի վերջին ընտրության ընթացքում միջազգային դիտորդները մտահոգություններ են հայտնել կատարված լուրջ խախտումների վերաբերյալ: Ռեժիմի շուրջ 200 ընդդիմախոսներ բանտարկվել են «չարտոնված քաղաքական հանրահավաքներին մասնակցելու համար», եւ Սահմանադրական դատարանը, չբավարարելով ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու ընդդիմության պահանջը, առաջարկել է պրն Քոչարյանի համար վստահության հանրաքվե անցկացնել, առաջարկ, որին նախագահը մերժել է աջակցել: Ընտրության արդյունքների դեմ իրականացված հաջորդ հանրահավաքները դիմավորել են արցունքաբեր գազով եւ ջրանետ մեքենաներով: Առաջիկա ընտրություններին պրն Քոչարյանը չի կարող մասնակցել, քանի որ նա պաշտոնավարել է իր ժամկետները: Սակայն Հայաստանի դիտորդները նշում են, որ հնարավոր է ներկա իշխանական կառույցները մնան քիչ թե շատ անվնաս, անկախ՝ թե ով կդառնա նախագահ:

Բարեփոխումների թեկնածուն

Սակայն դա միակ հռչակված նախագահական թեկնածուի նախընտրելի տարբերակը չէ: 38-ամյա ֆրանսախոս Արթուր Բաղդասարյանը, ով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիի ընկերն է, օտար չէ քաղաքական վերնախավին: Նա մայիսին թողել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավին հանդիպելու նպատակով իրականացված այցի ընթացքում, որը նրա նախընտրական պայքարի մի մասն է՝ ուղղված վերջ տալու հայաստանյան իրողությունների հանդեպ միջազգային հանրության չափից ավելի լոյալ վերաբերմունքին եւ հաստատելու սեփական վարկանիշը որպես բարեփոխումներին առավել հակված թեկնածուի, Լոնդոնում պարոն Բաղդասարյանին հանդիպել է Financial Times խմբի Foreign Direct Investment պարբերականի ներկայացուցիչը:

«Երեք տարիների ընթացքում ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ»,- ասում է նա: «Չորս ամիս առաջ ես հրաժարվեցի իմ պաշտոնից: Ես ունեի տարաձայնություններ կառավարության հետ եւ ես գտնում եմ, որ այդ տարաձայնությունները մեր երկրի ապագայի հիմնական մարտահրավերներն են կազմում»: Պարոն Բաղդասարյանը պնդում է, որ եթե Հայաստանը պետք է դառնա միջազգային հանրության լիովին գործուն մի անդամ, այն պետք է աշխատի երեք հիմնական ուղղություններով. խորացնի ժողովրդավարական բարեփոխումները, պայքարի կոռուպցիայի եւ լճացված հատուկ շահերի դեմ եւ փոփոխի, ինչպես ինքն է կարծում, ինքնապարփակված, ոչ կառուցողական եւ դիրքորոշումներով հետխորհրդային արտաքին հարաբերությունները: Նա պնդում է, որ Հայաստանը պետք է աստիճանաբար ճանապարհ հարթի Եվրամիությանն անդամակցության եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար, որոնք երկուսն էլ հեռահար նպատակներ են: Հրաժարականի հետ միասին պարոն Բաղդասարյանն իր ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է բերել կառավարող կոալիցիայից. սկզբունքային խնդիր կամ ճկուն քաղաքական քայլ՝ նայած մեկնաբանության: Նա ասում է, որ կառավարությունը հուսահատության է մատնում ժողովրդին՝ օլիգարխների եւ մասնավոր մենաշնորհների նկատմամբ իր հանդուրժողականությամբ եւ բարեփոխումների հանդեպ իր դիմադրությամբ:

Նպատակը Ժողովրդավարությունն է

«Շատերը Հայաստանում ասում են, որ կողմնակից են բարեփոխումներին,- ասում է Բաղդասարյանը Foreign Direct Investment-ին,- քանի դեռ բարեփոխումները չեն սկսել ազդել իրենց վրա: Արդյունքում մենք ունենք քաղաքական համակարգ, որը ժողովրդավարության իմիտացիա է, բայց ոչ՝ ժողովրդավար. այն լճացում է ապրում: Մենք պետք է դուրս գանք այս լճացող իրավիճակից»: Պարոն Բաղդասարյանն ասում է, որ փոփոխությունների ոչ լավ ընթացքը ոչ այնքան հուսահատության, որքան որոշակի շահերի արդյունք են: Քաղաքական եւ գործարար վերնախավերի միջեւ առկա սերտ կապերի պայմաններում քչերը կամք եւ իշխանություն ունեն աշխատելու ազատ եւ բաց շուկայի ստեղծման, մենաշնորհների վերացման կամ հատուկ շահերին վերջ տալու ուղղությամբ: Ցածր աշխատավարձեր, աճող գներ եւ վատթարացող ծառայություններ. գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է, քան պաշտոնապես նշվող թվերը (ոմանք առաջարկում են 30 տոկոս թիվը), այս պայմաններում շատերը պարոն Բաղդասարյանի ուղերձը համոզիչ կհամարեն: «Ներկայումս մարդիկ հարկադրված են դիետա պահել, իսկ կառավարող խավերը գիրանում են»,- ասում է նա: «Ժամանակն է փոխել իրավիճակը»: Նա ավելացնում է, որ ժողովրդավարության հայկական մոդելը զրկում է հայերին ոչ միայն տնտեսական հնարավորություններից: «Freedom House հասարակական կազմակերպությունը Հայաստանը համարել է «մասամբ ազատ երկիր»՝ պնդելով ԶԼՄ-ների աշխատանքներին քաղաքական միջամտության, արդարադատության համակարգի նկատմամբ իրականացվող ճնշումների եւ ոստիկանության ու անվտանգության ծառայության կողմից կտտանքների զանգվածային օգտագործման մասին»: Գլխավոր հարցն այն է, թե որ չափով հայերը կհամակերպվեն իրենց ճակատագրի հետ: Պնդելով ընտրական գործընթացի նկատմամբ իր հակվածության մասին՝ պարոն Բաղդասարյանն ակնարկում է, որ եթե առկա քաղաքական մեխանիզմների նկատմամբ ընտրողների համբերությունը սպառվի, առճակատում կսկսվի: «Ինչ կատարվեց Ուկրաինայում եւ Վրաստանում, հասարակությունը ցանկանում էր փոփոխություններ, նոր մոտեցումներ, ազատություն: Անհնար է կանգնեցնել հոսող գետը, ինչքան էլ որ փորձեք»,- ասում է նա:

Իշխանության կառուցվածքը

Պարոն Բաղդասարյանն ասում է, որ ինքը միշտ պնդել է, որ ավելի լավ է «հասնել փոփոխությունների՝ բնական էվոլյուցիայի եւ զարգացման ճանապարհով: Երբ պարոն Քոչարյանը թողնի իշխանությունը, նրա ժառանգությունը Հայաստանին պետք է լինի՝ երաշխավորել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, որովհետեւ գոյություն ունեցող իշխանության կառուցվածքում կան ուժեր, որոնք ցանկանում են վերարտադրվել, դրանք մարդիկ են, ովքեր կարծում են, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են»,- զգուշացնում է նա: Երբ ժողովրդավարությունը «բռնաբարվում» է, Արեւմուտքը պարտավոր է միջամտել: Գրեթե միշտ միջազգային դիտորդները ընտրության արդյունքները կեղծված են նկարագրում, սակայն, այնուամենայնիվ, որպես մեկ քայլ առաջ: «Սակայն այժմ մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների կարիք եւ մենք միջազգային հանրության բողոքի կարիքն ունենք, եթե ընտրությունները չհամապատասխանեն միջազգային չափանիշներին»: Սակայն միջազգային հանրությունն այս կապակցությամբ շատ հանգիստ էր, ասում է Բաղդասարյանը՝ նշելով, որ Ադրբեջանում 2005 թ. կայացած ընտրությունների արդյունքների ընդունումը Արեւմուտքի կողմից կապված է ռազմավարական նավթային հարաբերությունների հետ եւ քիչ ընդհանուր բան ունի այնտեղ իշխող վարչակարգի օրինակելի վարքագծի հետ: Հայաստանում 2007թ. ընտրությունների նկատմամբ նմանատիպ վերաբերմունքը կնշանակի եւս մեկ հարված ողջ տարածաշրջանի ժողովրդավարական ձգտումներին: Ըստ Բաղդասարյանի, Արեւմուտքի շահերին համապատասխանում է հետաքրքրություն ցուցաբերելը: Չնայած Հայաստանը հարուստ չէ բնական հանածոներով, այն ռազմավարական դիրք է զբաղեցնում Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Բաց դիրքորոշմամբ վարչակարգն ավելի լավ դիրքում կգտնվի՝ զբաղվելու համար Լեռնային Ղարաբաղի (անլուծելի երեւացող) հիմնախնդրով, վերականգնելու համար հարաբերությունները եւ բացելու սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ քաղաքակրթիչ ազդեցություն թողնելու անկանխատեսելի տարածաշրջանի վրա: «Ինչո՞ւ չլինի Բաքու-Երեւան-Ստամբուլ նավթամուղ,- առաջարկում է նա,- դա հնարավոր է»: «Հայաստանի շահերին հետամուտ լինելը կբալանսավորի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում եւ կերաշխավորի հնարավոր հավասարակշռություն տարածաշրջանային մյուս պետության՝ Իրանի հանդեպ»,- առաջարկում է նա:

Երկարատեւ կանխատեսումներ

Պարոն Բաղդասարյանի հավակնությունները՝ առաջնորդելու Հայաստանը դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ, եթե ոչ քիչ հավանական, ապա երկար ժամանակ պահանջող են: Սակայն նրա կանխատեսումները կարող են հրապուրիչ լինել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար: Որոշ աղբյուրների համաձայն, նրան հարգում են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում եւ նա դրական հիացմունքի է արժանացել Ֆրանսիայում, որտեղ 2004թ. պարգեւատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով՝ հայ-ֆրանսիական կապերի զարգացման եւ եվրոպական արժեքների տարածման համար: Արդյոք նրան կհաջողվի՞ 2007թ. իր երկիրը միջազգային հանրությունում դեպի նոր դիրք առաջնորդել, հարց է, որի վրա նույնիսկ փորձագետը չի համարձակվի խաղադրույք կատարել: Սակայն որպես երիտասարդ եւ արդեն վետերան քաղաքական գործիչ, որն արդեն միջազգային իմիջ է ձեւավորում, քիչ հավանական է, որ նա առաջիկայում ստվերում հայտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել