Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական անհնազանդություն»

Դեկտեմբեր 14,2006 00:00

Ահա արդեն քանի տարի է այսպիսի տեսք ունի մեր խորհրդարանի նիստերի դահլիճն իր աշխատանքային օրերին: Կազմված ապաքաղաքական ու քրեականացված տարրերից այն լիքն է լինում միայն այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը կարիք է ունենում արագացված կերպով անցկացնել իր համար կարեւոր մի օրենք: Ահա այդ ժամանակ, օրենքի նախագծին ու քննարկումներին անտեղյակ ու չմասնակցած պատգամավորի պաշտոնում նշանակվածները մի կարճ ժամանակով բերվում են խորհրդարան սեղմելու իրենց ամրագրված կոճակները: Սովորական օրերին, ասել է թե ողջ տարվա ընթացքում, շատ ավելի կարեւոր գործերով զբաղված լինելու պատճառով կոճակների մոտ չեն լինում եւ նրանց փոխարեն նրանց կոճակները սեղմում են իրենց պարապ կոլեգաները, որոնք խորհրդարան են գալիս անգործությունից, այնտեղ նստելու, ննջելու եւ այլոց կոճակները սեղմելու համար: Քանի որ քաղաքական ուժեր ներկայացնող քչաթիվ պատգամավորները, որոնք գալիս են աշխատելու, որեւէ կերպ աշխատանքների վրա ազդել չկարողանալով նույնպես հեռանում են, ստացվում է, որ մեր խորհրդարանը իր գոյությունը պահպանում է հենց պարապ պատգամավորների հաշվին: Ճշտ այսպիսի դատարկ տեսք է ունենալու Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2007թ. ընտրություններից հետո, եթե դրանք կկայանան համաձայն գործող իշխանությունների մշակած ծրագրերի: Իսկ, եթե այդ ծրագրերում պարապ պատգամավորներ չներառվեն, ապա այն բոլորովին դատարկ կլինի:

Սիրելի ընթերցող

 

երկրում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ բոլորը նրանք, ովքեր անտարբեր չեն երկրի ու մեր երեխաների ապագայի նկատմամբ եւ պատասխանատվության զգացում ունեն, այլեւս չեն կարող հանդուրժել արյամբ ու քրտինքով ձեռք բերված տարիների մեր նվաճումների ու վաստակի փոշիացումը:

Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն ինչ անելու են եւ անում են, վերարտադրվելու համար: Նրանք իշխանությունը ցանկացած գնով պահելու հայտ են ներկայացրել: Եւ, քանի որ նրանց համար սա կենսական նշանակություն ունի եւ բխում է նրանցից յուրաքանչյուրի շահից, ապա այդ ճանապարհին նրանք չեն պատրաստվում որեւէ խոչնդոտի առաջ կանգ առնել: Սա է պատճառը, որ մի կողմ դրած իրար նկատմամբ ունեցած, թվացյալ կամ իրական հակասություններն ու թշնամանքը, նրանք լծվել են այս գործին: ալիք խորհրդարանում եղած տեղերը սահմանափակ լինելու պատճառով, ճիշտ է, դժվար են բաժանվում շահագռգիռ անձանց եւ ուժերի միջեւ, բայց այսօր իշխանական ճամբարում արդեն ընթանում են վերջին ճշտգրտումները: Իրենց համար քիչ թե շատ արժեք ունեցող բոլորի շահերն ու կարծիքները փորձում են հաշվի առնել, միաժամանակ, արհամարելով ու հաշվի չառնելով Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կարծիքը եւ բնակչության շահը:

Հաշվարկը պարզ է եւ մի քանի անգամ փորձված: Ընտրողները` ընտրելու են, իսկ իրենք` հաշվելու: Փառք Աստծո, ընտրական հանձնաժողովներն իրենցն են եւ նախապես ծրագրած ու համաձայնեցված ցանկացած թիվ կարող են հայտարարել:

Իշխանությունների այս ծրագիրը չի կարող իրականություն դառնալ միայն մի դեպքում, եթե երկրի եւ, ինչպես հատուկ շեշտվեց, մեր երեխաների ճակատագրով մտահոգ ու քաղաքացիական պարտք ու պատասխանատվություն ունեցող մարդիկ կհամախմբվեն ու կնդվզեն դրա դեմ, եթե ժողովուրդը հրապարակավ, անթաքույց ու կտրուկ «ոչ» կասի այս ծրագրին:

Եվ ահա այդ «ոչի» կազմակերպման ու իրականացման նպատակով մի շարք հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձիք ու գործիչներ համախմբվելով նախաձեռնել են Քաղաքացիական Անհնազանդության Շարժումը, որն էլ սկսվում է պարբերաբար հրապարակվել այս չորս էջը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում «Առավոտին»:

Սիրելի ընթերցող, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը եւ աջակցությունը, հրապարակված հեռախոսահամարի եւ էլեկտրոնային փոստի միջոցով, մեր անցուդարձին եւ, որ ավելի կարեւոր է, հայաստանյան քաղաքական զարգացումներին: Եթե այդ զարգացումները կլինեն մեզանից յուրաքանչյուրի մասմակցությամբ, ապա դրանք բխելու են մեր բոլորի շահից եւ ծառայելու են բոլորիս: Հակառակ դեպքում որեւէ լավ բան մեզ ոչ միայն չի սպասվում, այլ` ակնկալելու իրավունք էլ չունենք:

 

Մեր օրհներգը

 

Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի անհեթեթ միտք, իբր Հայաստանն այլեւս օրհներգ չունի: Ասում են քանի որ Սահմանադրության փոփոխություններով նախատեսված էր մեկ տարվա ընթացքում, առանձին օրենքով որոշել ՀՀ օրհներգը եւ դա չի արվել, ուրեմն օրհներգ չունենք: Իսկ ինքն իրեն վարչապետ համարող մեկն էլ ասում է` լավ բան չեղավ, բայց ոչինչ մի քանի օր առանց օրհներգ կդիմանանք:

Խայծը կուլ տալ բոլորովին էլ պետք չի: Մենք հո գիտեք, որ ոչ մի սահմանադրության փոփոխություն էլ չի եղել: Պարզապես այս ինքնահռչակ իշխանավորները, սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որը բացարձակ բոյկոտի է ենթարկվել ժողովրդի կողմից, ինչ որ թվեր են հրապարակել: Եւ ահա այդ անօրեն սահմանադրության հիմքով էլ փորձում են չեղյալ հայտարարել մեր օրհներգը:

«Մեր Հայրենիքը» մեր օրհներգն է, այն մենք ժառանգել ենք մեր պապերից, այն նոր շունչ ու իմաստ է ստացել 1991-ին Հայաստանի անկախությունը հռչակած խորհրդարանի որոշմամբ եւ այն մենք հպարտությամբ ենք կրում մեր սրտերում:

Ամեն ինչ պղծող ու ապականող այս անհայրենիքներին ոչ միայն օրհներգ պետք չէ, այլ յուրաքանչյուրին, ով հայրենիք ու տարիներից եկած օրհներգ է սիրում, ով իրեն զգում է երկրի քաղաքացի ու տեր, թշնամի են համարում: «Մեր Հայրենիքը» եղել եւ մնում է մեր օրհներգը, որը անխուսափելիորեն միավորվելու է բոլորիս: Եւ դա լինելու է նրանց վերջը ու մեր երազած Արդար Հայաստանի սկիզբը:

Հայկազ Մեհրաբյան

 

09. 12. 06թ

«Կոնգրես» հյուրանոցում կայացած կանանց համաժողովի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

2006թ. դեկտեմբերի 9-ին Քաղաքացիական Անհնազանդության Շարժման նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցած հայաստանյան տարբեր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց համաժողովը քննարկելով երկրի եւ հասարակության սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակը, վերլուծելով հասարակության առջեւ ծառացած խնդիրները` կապված ընտանիքի, երեխայի եւ մոր առողջության, կրթության եւ զինվորական ծառայության, օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության հետ, եկավ հետեւյալ եզրահանգումների.

ե Տարիներ շարունակվող ապօրինությունների, Սահմանադրության ոտնահարման, ընտրակեղծիքների եւ ժողովրդի հանդեպ բռնությունների կիրառման արդյունքում Հայաստանում ձեւավորվել է կլանային-օլիգարխիկ ավտորիտար մի համակարգ, որի հետագա պահպանումը վտանգում է հայոց պետականությունը, ամոթաբեր եւ աղետաբեր է մեր ժողովրդի համար:

ե Վարչախումբը` ստեղծելով եւ հովանավորելով ապօրինի մենաշնորհներ, համատարած կոռուպցիայի եւ ապօրինի ձեռնարկատիրության մեջ ներքաշելով պետական ապարատը եւ իրավապահ ոլորտը կեղեքում է ժողովրդին եւ մսխում համապետական ունեցվածքը: Վարչախմբի եւ նրանց սպասավոր «գործարարների» մոտ են հայտնվել ահռելի կարողություններ, իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը աղքատ է, կամ աղքատության եզրին է:

ե Համատարած կաշառակերությունից, հարկային, մաքսային, դատախազա-ոստիկանական մամլիչից հոգնած շարքային քաղաքացին գերադասում է լքել երկիրը եւ իր ընտանիքի համար վաստակ հայթայթել արտերկրում: Արդյունքում քայքայվող ընտանիքներ եւ անծնող մեծացող երեխաներ, անփեսա հարսնացուներ եւ ծնելիության աննախադեպ անկում:

ե Անարդարության, ապօրինության եւ երիտասարդների նվաստացման կուռ համակարգ է դարձել հայոց բանակը: Հայ զինվորը զրկված է փակ, գաղտնի քվեարկության իր սահմանադրական իրավունքից: Մեր երեխաների թերսնման, ապօրինի շահագործման, իրենց իսկ դրդմամբ զինակոչից ապօրինի խուսափողներից տարեց-տարի հավաքվող ահռելի գումարներ կուտակած ու օրըստօրե լկտիացող հայ գեներալիտետը պատուհաս է դարձել ժողովրդի գլխին:

ե Կոռուպցիայի մեջ է թաղված ամբողջ կրթական համակարգը, ծայրաստիճան անկում է ապրել կրթության որակը: Վարչախմբի ստվերային միջոցների չնչին տոկոսն անգամ կլուծեր նորմալ կահավորված, տաք դպրոցներ եւ արժանապատիվ վարձատվություն ստացող ուսուցիչներ ունենալու խնդիրը: Անընդունելի բարձր ու ժողովրդի ճնշող մեծամասնության համար անմատչելի են ԲՈՒՀ-երում վճարովի ուսուցման վարձերը, իսկ անվճար ուսուցումը մեծամասամբ դարձել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների մենաշնորհ:

Ելնելով վերը նշվածից, համաժողովում քննարկված այլ խնդիրներից ու առաջարկներից, կանանց համաժողովը եկավ համոզման, որ երկրի առաջնթացի, սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքացիների բարեկեցիկ, արժանապատիվ եւ խաղաղ կյանքի ապահովման համար հրամայական է դարձել ապօրինի վարչախմբից օր արաջ ազատվելը:

Համաժողովը կոչ է անում հայ կանանց ու տղամարդկանց, երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին` չհամակերպվել ներկա իրավիճակի հետ եւ քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել ապօրինի վարչախմբի հանդեպ:

Միահամուռ պահանջենք երկրում իշխանությունը յուրացրած Ռ. Քոչարյանի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ նախագահական արդար ընտրությունների անցկացումը:

 

Անահիտ Մինասյան – «Նոր ժամանակներ«

Բիշարյան Հեղինե – «Օրինաց երկիր«

Անահիտ Աղոյան – ԱԺՄ

Ռուզաննա Խաչատրյան – ՀԺԿ

Երեմյան Նառա – «Մեր տունը Հայաստանն է« եւ «1-ին գունդ հայրենասիրական Հ/Կ»

Արմինե Ղազարյան – «Հայկանդուխտ«

Մակունց Լիլիթ – ՀՀ Առաջադիմական ազգային կուսակցություն

Ժասմին Թելյան – Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Աղաբեկյան Տաթեւիկ – Կանանց ռեսուրսային կենտրոն

Սահակյան Աղավնի – «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միություն

Դավթյան Ծովինար – «Սեփականության իրավունքների պաշտպանություն« Հ/Կ

Անահիտ Սաֆարյան – «Պետական կարիքների զոհեր» Հ/Կ

Հարությունյան Սուսաննա – «թության ակունք» Հ/Կ

Վարդանյան Սիլվա – «Զարթոնք-89» ԲՀԿ

Ղարախանյան Անահիտ – «Ծիծեռնակ»

Կարապետյան Ջեմմա – «Դալմայի այգիներ» այգեգործական միություն

Ասլանյան Սուսաննա – «Մայրության ֆոնդ»

Արմենակյան ոհար – «Զինվորի մայր»

Դանիելյան Կարինե – «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա

Թումանյան Կարինե – «Մայր Հայրենիք» Հ/Կ

 

Կանայք փորձում են ինչ-որ բան փոխել երկրում

 

Հիմա գոնե կարող ենք կանխատեսել, որ եթե մեր երկրում ժողովրդավարական ճանապարհով իշխանության փոփոխություն տեղի ունենա, ապա դա կլինի միայն իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար պայքարող քաղաքացիների շնորհիվ: ՌԴ նախկին վարչապետ Եգոր այդարն այս առումով իրավացի է. «Փորձը ցույց է տալիս, որ եթե կաթսայի գոլորշին բաց չթողնվի` կաթսան կպայթի»: Հայաստանյան իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ոչ միայն կաթսայի գոլորշին բաց չթողնեն,այլեւ` լռեցնեն ազատ խոսքի հատուկենտ ամբիոնները, իսկ հանձինս որոշակի ինքնուրույնություն ունեցող գործիչների` ձեռք բերեցին քաղաքական կոշտ ընդդիմախոսների:

Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի` իրենց սեփականությունից հանիրավի զրկված բնակիչներ, դատական եւ դատախազական համակարգի զոհ քաղաքացիներ, ընդդիմադիր հայացքների տեր կուսգործիչներ, որոնք տարիներ շարունակ հալածվել են քոչարյանական իշխանություններից, կորցրել աշխատանք, ապրել վախի եւ սարսափի մթնոլորտում, ընչազուրկ գյուղաբնակներ, որոնք ենթարկվում են տեղական իշխանությունների կամայականություններին: Այս ցանկը կարելի է համալրել նորանոր զոհերով, որոնք վաղը փողոց դուրս գալով փորձելու են տեր կանգնել իրենց ոտնահարված իրավունքներին:

Մի բան ակնհայտ է` եթե մի երկրում հայտարարվում է քաղաքացիական անհնազանդության շարժում սկսելու մասին, ուրեմն այդ երկրում գոյություն ունի սոցիալական խորը բեւեռացում եւ չգործող իրավակարգ:

Դեկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրյակին, «Կոնգրես» հյուրանոցում, Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանանց համաժողով, որին մասնակցում էին կուսակցություններ եւ հ/կ ներկայացնող կանայք եւ եզդի համայնքի ներկայացուցիչներ, որոնք ի դեպ, ներկայացել էին դաժանաբար սպանված Քյարամ Ավդալյանի նկարով: Նրանք կրկին ու կրկին բարձրաձայնեցին երկրում տեղի ունեցող ապօրինությունների մասին` փորձելով նաեւ լուծման ուղիներ առաջարկել:

Իր ելույթում ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը նշեց. «Եթե մենք այսօր ոչ մի բան չկարողանանք անել, ապա վաղը որեւէ մեկից չենք կարող սպասելիքներ ունենալ: Բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվել մեր երկիրը: Մեր երկրի այրերը ասում են` աղետի գոտի գոյություն չունի, բայց Հայաստանի մարզերը հայտնվել են խայտառակ, բարձիթողի վիճակում: Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց համարում են մի տեսակ ինքնիշխան, պահանջում են մարդկանցից իշխող կուսակցության անդամ լինել,ինչը մարդու իրավունքների խախտում է: Հասել ենք նրան, որ մարդուն ասում են` դու մի մտածիր այնպես, ինչպես ուզում ես, դու պետք է մտածես այնպես, ինչպես ուզում են երկրում մի քանի մարդիկ»: Հետո տիկին Բիշարյանը հայտարարեց, որ չի կարող երկրում մեկը լինել միլիարդատեր, իսկ թոշակառուն ստանալ12000 դրամ, երբ կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն կա: Նա ցավ հայտնեց, որ երիտասարդները, շարքային քաղաքացիները չեն զգում պետության շունչն իրենց թիկունքում:

Ելույթներ ունեցան նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը, ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը, Բուզանդի փողոցի տուժած բնակիչներ, հ/կ-ներ ներկայացնող կանայք: Ելույթները վերաբերում էին սոցիալ-տնտեսական խնդիրներին,էկոլոգիական աղետալի վիճակին, մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերին,նորակառույց բարձրահարկներին, որոնք խաթարում են քաղաքի տեսքը:

Համաժողովը ընդունեց հայտարարություն, որում կոչ է անում հայ կանանց ու տղամարդկանց, երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին` չհամակերպվել ներկա իրավիճակի հետ եւ քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել ապօրինի վարչախմբի հանդեպ:

«Միահամուռ պահանջենք երկրում իշխանությունը յուրացրած Ռ. Քոչարյանի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»,-ասված է հայտարարության մեջ:

 

Արմինե Սարգսյան

 

Նվիրվում է մարդու իրավունքների պաշտպանության 56-րդ «տարելիցին»

 

 

1950 թվին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջարկով դեկտեմբերի 10-ը հռչակվեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանի երիտասարդ հանրապետությունն այս օրը նշելու մեծ փորձ եւ հմտություններ չունի՝ առայժմ մենք ընդամենը սովորում ենք քաղաքակիրթ աշխարհի մասնիկը դառնալ: Բայց չգիտես ինչու այդ փորձերն ավելի հաճախ ոչ հեռավոր անցյալի տեսարաններ են հիշեցնում, որի ժամանակ թմիրից հանկարծ արթնացած ինչ-որ չինովնիկներ իրենց պարտքն են համարում մի տաքուկ դահլիճում հավաքվել, մարդու իրավունքների պաշտպանության մասին հերթապահ հայտարարություններ անել, տեսախցիկների առաջ սեթեւեթել, թե՝ մենք էլ ենք քաղաքակիրթ երկիր ու մեզ մոտ էլ են մարդու իրավունքները հարգվում եւ պարտքը կատարածի թեթեւությամբ ցրվել:

Բնականաբար՝ դեկտեմբերի 10-ին ամենաակտիվն «ի պաշտոնե» պետք է լիներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ Արմեն Հարությունյանը, որը ստիպված էր խզել մեկամյա լռությունն ու հայտարարել, որ ինքը կա, իր գրասենյակը գործում է (չնայած համառ լուրերին, որ «գրասենյակը մեռել է»), ավելին՝ եռանդով պաշտպանում է ՀՀ քաղաքացիների իրավունքները: Իսկ եթե արդյունքներն այնքան էլ նկատելի չեն՝ իր մեղքը չի, զանազան մանր-մունր չինովնիկների «վատ վարչարարության», նրանց կողմից «օրենքը չկիրառելու» կամ «խտրական կիրառելու» եւ վերջապես՝ հայկական մենթալիտետի մեղքն է: Ի՞նչ անի «խեղճ Արմեն Հարությունյանը», երբ օրենքը խախտողներն այդքան շատ են՝ Երեւանի քաղաքապետարան, որը քաղաքացիներին ձեւական պատասխաններ է տալիս եւ անօրինական որոշումներ կայացնում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որը չի կատարում դատարանների որոշումները, տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զլանում են թուղթ բերել եւ մամուլի անխափան աշխատանքն ապահովել՝ ո՞ր մեկը թվես:

Հենց այս չափավոր քննադատության եւ իրադարձությունները մնացած երեւույթների «կոնծեկստում» դիտարկելու ոգով էլ կանցներ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը, եթե մի շարք չնախատեսված հանգամանքներ չշեղեին այն Արմեն Հարությունյանի նախանշած ուղուց:

Սկզբում ամեն ինչ հարթ ու սահուն էր ընթանում՝ հրավիրյալները եկել էին ժամանակին եւ «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում ներկայացուցչական կազմ էր հավաքվել, նախագահությունում նստած զեկուցողները պահպանում էին ռեգլամենտը (Տիգրան Թորոսյան, ագիկ Հարությունյան, Սուրեն Զոլյան, Ավետիք Իշխանյան, Վլադիմիր Պրյախին, Կոնսուլեա Վիդալ) դահլիճը մեկ ուշադիր, մեկ՝ ոչ այնքան, լսում էր խոսողներին, սակայն երբ հերթը հասավ հարցերին, տոնական օրվա փուչիկը միանգամից պայթեց՝ ի ցույց դնելով մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրական վիճակը: Ըստ ամենայնի՝ Արմեն Հարությունյանի նախագիծը՝ «փակ, կամերային» քննարկում կազմակերպել, չէր ստացվել՝ մարդիկ ինչ-ինչ ճանապարհներով տեղեկացել էին այս միջոցառման մասին, դահլիճի մուտքը չէր հսկվել, նրանք մտել էին ներս եւ երկար ու համբերատար լսելուց հետո հնչեցրին իրենց հուզող հարցերը՝ թեեւ արդյունք ներկաներից նրանք, ամենայն հավանականությամբ, արդեն չէին ակնկալում: Առաջինը բարձրախոսին տիրացավ միջին տարիքի մի տղամարդ, որի մոտ ակնհայտ էր, որ երկար պայքարից կամ անօրինականությունների առաջ անզորությունից նյարդային խնդիրներ են առաջացել: Նրա՝ տեղ-տեղ անկապ, զայրույթից շնչակտուր խոսքից հասկացվեց, որ դժգոհ է հատկապես դատախազությունից, որտեղ «գլխավոր հանցագործներն են նստած», դժգոհ է, որ «Սահմանադրության ոչ մի կետ չի գործում», դժգոհ է, որ բոլոր նախարարությունները հավաքել են մի շենքում եւ մարդկանց վերեւ չեն թողնում, դժգոհ է օմբուդսմենից, որը «ոչ թե պաշտպանում է, այլ ինքն է ոտնահարում մարդկանց իրավունքները», դժգոհ է նաեւ այս միջոցառումից, որի ժամանակ «խոսում են, բայց ոչ մի միջոց չեն ձեռնարկում»: Մի քանի վայրկյան անց «պրեզիդիումում» նստածներն ափերից դուրս եկան ու փորձեցին ընդհատել մարդու խոսքը, սակայն ոչ ամոթանքը, ոչ զսպվածության կոչերը նրա վրա չէին ազդում՝ նկատելի էր, որ նա երկար էր սպասել այդ օրվան եւ պատրաստ էր ամեն գնով արտահայտվել: Արմեն Հարությունյանը փորձեց հարթել իրավիճակը՝ ընդհատելով ու բացատրելով, որ իր գրասենյակը չի կարող նրան օգնել, քանի որ օրենքը չի թույլատրում իրենց «միջամտել այն գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում»: Այս պատասխանն ավելի զայրացրեց մարդուն՝ «Բա եթե դուք չեք միջամտում դատարանին ու միլիցիային, մարդու ո՞ր իրավունքներն եք էդ դեպքում պաշտպանում»: Հաջորդ ելույթը, թվում էր, միջոցառումը ետ կբերի նախկին հուն, քանի որ «պետության կարիքների զոհ» տարիքով տիկինն իր խոսքն սկսեց շնորհակալություն հայտնելով Արմեն եւ ագիկ Հարությունյաններին, որ Սահմանադրական դատարանն այդքան լավ որոշում է կայացրել, բայց քիչ անց պարզվեց, որ այդ որոշումը նրան անձամբ ոչինչ չի տվել: Որոշումից անցել է 6 ամիս, ինքը դիմել է դատարան, որ վերադարձնեն իր տունը կամ փոխհատուցում վճարեն, սակայն դատարանն իր գործը չի քննում՝ «ի՞նչ անեմ»՝ տիկինն իր հարցով փակուղի մտցրեց մարդու իրավունքների պաշտպան չինովնիկներին: Հաջորդ հարց տվողը հաշմանդամի սայլակով էր, նա հարցնում էր՝ ե՞րբ է ընդունվելու «Հաշմանդամների մասին» օրենքը եւ ե՞րբ են լուծվելու հաշմանդամներին հասարակության լիարժեք անդամ դարձնելու խոստումները՝ հաշմանդամների համար այսօր հասանելի չեն ոչ դատարանները, ոչ նոտարական գրասենյակները, ոչ ընտրական տեղամասերը, մի պարզ պատճառով՝ թեքահարթակներ չկան: Հաջորդ հարցի իրավունքը եզդի համայնքի ներկայացուցիչներինն էր՝ համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը, որ միջոցառմանը եկել էր մի տարեց եզդի կնոջ հետ, խոսեց մի քանի օր առաջ տեղի ունեցած պատահարի մասին: Նա փորձում էր չզայրացնել հայ չինովնիկներին ու պահպանում էր՝ «եւ նալին, եւ մեխին» սկզբունքը. Սա մեր հայրենիքն է, մենք չենք ուզում հեռանալ, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մեզ թույլ են տվել դպրոցներում մեր լեզուն պաշտոնապես ուսուցանել, սակայն անարդարությանը հնարավոր չէ դիմանալ՝ այս սպանության չբացահայտվելու դեպքում շատ եզդիներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից: «Մենք չենք կարողանում այս հարցը կարգավորել՝ 7 հոգով ծեծել – սպանել են մարդուն, ում ասես դիմել ենք, 2-3 անգամ Ձեզ ենք դիմել, հարգելի օմբուդսմեն՝ չեք պատասխանել, խնդրում ենք հանձնաժողով ստեղծեք, պարզեք ինչումն է բանը, օգնեք, որ հանցագործը պատժվի»: Այս բոլոր հարցերին տրված օմբուդսմենի պատասխաններից կարելի էր լիովին պատկերացում կազմել, թե ինչպես է աշխատում նրա գրասենյակը, ամենից հաճախ կրկնվող պատասխանը՝ «նամակ ենք գրել, սպասում ենք պատասխանի» արտահայտությունն էր: Եզդիների ինքնահրկիզման առիթով էլ ՄԻՊ գրասենյակը նամակ է գրել դատախազությանը ու սպասում է պատասխանի: Եւ վերջապես՝ հանդիպման կուլմինացիան, երբ փաստաբան Զարուհի Փոստանջյանն ու հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը բարձրացրին ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինվորների՝ Ռազմիկ Սարգսյանի, Արա Զալյանի, Մուսա Սերոբյանի հարցը: Նախ՝ Կարենը խոսեց եզդիների պատահարի մասին, որտեղ սպանության մեջ կասկածվողը ՀՀԿ անդամ գյուղապետն է եւ հարց ուղղեց Տիգրան Թորոսյանին՝ «Դուք քաղաքական պատասխանատվություն չե՞ք կրում կատարվածի համար»: Հարցը խիստ զայրացրեց ԱԺ նախագահին, նա ասվածը որակեց որպես «շահարկում», ապա հայտարարեց, որ «մարդու իրավունքների մասին խոսելիս հաճախ այլ նպատակներ են հետապնդում» եւ վերջում՝ տեղից ռեպլիկներով իրեն պատասխանող Կ.Հակոբյանին անվանեց «ամբարտավան»: Սակայն վերջինս չէր պատրաստվում նահանջել եւ մինչեւ վերջ ասաց իր խոսքը՝ օմբուդսմենին մեղադրելով նրանում, որ երեք տղաների գործով չի զբաղվում՝ թեեւ նրանց կյանքին վտանգ է սպառնում եւ անգամ չի օգնում, որ թոքախտով հիվանդացած Ռազմիկին հիվանդանոց տեղափոխեն: «Ինչի՞ եք սպասում, որ այս անգամ էլ այդ տղաների մայրերն ինքնահրկիզման դիմե՞ն»՝ հարցնում էր Կ.Հակոբյանը: Օմբուդսմենը փորձում էր արդարանալ ծանոթ «տրաֆարետով»՝ «գործը դատարանում է», իսկ մյուս հարցերով «դուք ինձ չեք դիմել», ինչին տեղից պատասխանեցին՝ «թերթ կարդացեք՝ ամեն օր գրում են այդ մասին»: «Ես մի անգամ էլ եմ ասել՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող թերթ կարդալ եւ դրանով առաջնորդվել»՝ հպարտությամբ հայտարարեց իր անելիքը արտասահման գործուղվելու, կլոր սեղաններ կազմակերպելու եւ սրան-նրան նամակ գրելու մեջ տեսնող օմբուդսմենը:

Հանդիպման ավարտից հետո մտածեցինք, որ այն կարող էր օրինական ճանապարհով քվե ստացած կամ ընտրովի իշխանության կողմից օրինական կարգով նշանակված ցանկացած պաշտոնյայի համար տխուր հետեւություններ անելու, իր աշխատաոճը կտրուկ փոխելու առիթ դառնալ, սակայն ոչ մեր՝ կասկածելի ճանապարհով աթոռ զբաղեցրած չինովնիկների համար: Նրանք թեթեւ սրտով ու անխռով հոգով լքեցին «Կոնգրեսի» դահլիճը:

Արմինե Օհանյան

 

Փրկության ճանապարհ

Տարիներ շարունակ իշխանության ղեկին եղած մարդիկ իրենց իշխանավարության ընթացքում կարողացել են այնքան արատավորել իրենք իրենց, կարողացել են այնքան մանր ու մեծ խախտումներ, զանցանքներ ու հանցանքներ գործել, որ այսօր, իշխանավարման ժամկետների ավարտի կապակցությամբ, հանգիստ խղճով իշխանությունը հանձնելու հնարավորություն չունեն: Իրենց իշխանության տարիներին իրենց առաջ ծառացած խնդիրները լուծելիս նրանք դիմել են ամենատարբեր անօրեն քայլերի:Դիմել են ընտրակեղծիքների, օգտվել են քրեական աշխարհի ծառայություններից` քրեականացված մտածողությունը եւ փոխհարաբերությունները բարձրացնելով պետական մակարդակ, ապահովել են քրեական տարրերի մուտքը քաղաքականություն, արել են ամեն ինչ իշխանությունների տարանջատումը բացառելու նպատակով:

Օրենսդիր իշխանությունը պառլամենտական ընտրությունների իմիտացիայի արդյունքում լցրել են անգրագետներով ու թաղային հեղինակություններով, որի անդամները բերվում են պառլամենտ հանձնարարված քվեարկությունները կատարելու համար միայն:

Դատական իշխանությունը վերածել են գործադիրի եւ գործադիրի առանձին ներկայացուցիչների կամակատարի ու հանձնակատարի:

Արգելել են խաղաղ ցույցերը: Ռազմական ուժ ու հատուկ միջոցներ են օգտագործել խաղաղ ցույցերը ցրելու համար: Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ: Հայաստանի միակ ազատ, պետության վերահսկողության տակ մտնել չցանկացող հեռուստաընկերությունը` Ա1-ը, քանի տարի է արդեն փակ է: Միջազգային իրավապաշտպան կառույցների բոլոր զեկույցներում մեր երկիրը վաղուց արդեն ժողովրդավարական ուղղուց շեղվածների շարքում է:

Զրկելով տեղացի արտադրողին աշխատելու ու շահույթ ստանալու իրական հնարավորություններից, օտարերկրյա սեփականություն են դարձվել այսօր կամ վաղը աշխատելու հնարավորություն ու ներուժ ունեցող գործարանները: Արդեն քանի տարի է Հայաստանը դուրս է մղված տարածաշրջանի տնտեսական համագործակցության շրջանակներից: Չունենալով որեւէ հարեւանի հետ հարեւանի համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտ այն վերածվում է անկլավի, որը, եթե այսպես շարունակվի, կարող է գոյություն ունենալ միայն հարեւանների մեծահոգության եւ մարդասիրական օգնությունների հաշվին:

Տնտեսական մեկուսացմանը զուգընթաց մեկուսանում ենք նաեւ քաղաքականապես: Արտաքին քաղաքականության բնագավառում եղած բոլոր նախկին հաջողությունները մսխվել են: Ղարաբաղը ինքնորոշվողից վերածվել է անջատողականի, իսկ Հայաստանը` ոչ ժողովրդավարական երկրի, ուր պետությունը, պետականությունը եւ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միայն դատարկ խոսքեր են, ուր բացահյատորեն կեղծվում են ընտրությունները, ուր օրենքը օրենքից դուրս է եւ պաշտպանված են միայն իշխանավորները, այն էլ այնքան ժամանակ քանի դեռ իշխանության մեջ են: Հայաստանն աշխարհի աչքում այլեւս ագրեսոր է: Եւ այս ամենն այն մարդկանց օրոք ու շնորհիվ, ովքեր 1998 թ. ոսկե սարեր խոստանալով եւ առջեւում եղած դժվարությունների մասին պատկերացում անգամ չունենալով կամ այդ դժվարություններն արհամարելով, այնքան անպատասխանատու կերպով հանձն առան մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման դժվարին գործը եւ այնքան անփառունակ տապալվեցին` վտանգելով պետության ու ժողովրդի ապագան:

Այսօր մեզանում բարձրագույն իշխանավորներից շատ քչերը կհամարձակվեն, հեռանալով իշխանությունից, սովորական քաղաքացու կարգավիճակով ապրել ու աշխատել Հայաստանում: Այս պայմաններում բնական է եւ հասկանալի, որ նրանք ոչ մի կերպ չպետք է ցանկանան եւ չեն էլ ցանկանում, կազմակերպել արդար ընտրություններ: Իշխանությունը պահելը նրանց համար ինքնանպատակ չէ: Պահել իշխանություն, նշանակում է խուսափել պատասխանատվությունից: Այդ ճանապարհով նրանք ժողովրդի մոտ կուտակված հարցերին պատասխան տալը փորձում են, ճիշտ է` ժամանակավորապես, բայց` հետաձել: Իսկ ընտրությունները կեղծելու ավելի հիմնավոր պատճառ դժվար է ունենալ: Այդ նպատակով կուսակցություններ են պառակտում, ստեղծում են փողի վրա հիմնված արհեստական կուսակցություններ, մարդկանց մտածողության մեջ տարբեր միջոցներով մտցնում են այն միտքը, թե իրենց դեմ խաղ չկա, թե ցանկացած դեպքում իրենց հաղթանակը ապահովված է եւ, որ ամեն ինչ պայմանավորված է եւ ներսում, եւ դրսում: Այդ նրանց մատուցմամբ է, որ ամենուր, թերթերում, տարբեր մակարդակի քննարկումներում, պատերի տակ, փողոցներում հուսահատ ու ապագայի նկատմամբ հավատը կորցրած մարդիկ կարծիք են հայտնում, թե սրանք հավերժ են եւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ:

Այս իրավիճակում, եթե չենք ցանկանում կորցնել մեր բոլոր ձեռքբերումները, եւ վերջնականապես հայտնվել անելանելի փակուղում, թողնելով մեր սերունդներին միայն անլիարժեքության բարդույթներ եւ հպարտության զգացում չառաջացնող պետություն, եթե չենք ցանկանում ապրել այսքան անարժանապատիվ, ինչպես այս տարիներին ենք ապրել, ապա պետք է կարողանանք կազմակերպել ու իրականացնել արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնց արդյունքում իշխանության կգան ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ, ովքեր կձեւավորեն օրինական իշխանություն, որը վայելելով ժողովրդի համակրանքն ու վստահությունը կկարողանա իրականացնել բարեփոխումներ, վերադարձնել երկիրը ժողովրդավարական ուղղի, իրականացնել պատասխանատու արտաին քաղաքականություն, որը դուրս կբերի մեր երկիրը մեկուսացումից եւ կապահովի հարեւանների հետ խաղաղ գոյակցություն ու համագործակցություն: Սրան պետք է ուղղված լինեն երկրի ճակատագրով մտահոգ անհատների ու կուսակցությունների բացարձակապես բոլոր գործողություններն ու ծրագրերը: Այս ծրագրերը կարող է եւ պետք է համախմբող դեր կատարեի: Հակառակ դեպքում անհնարին է լինելու կանխել այս իշխանությունների վերարտադրումը: Կուսակցությունները պետք է գտնեն ժողովրդին իր ուժերի նկատմամբ վստահությու ներշնչելու ձեւեր ու միջոցներ: Պետք է մարդկանց տալ այն համոզմունքը, որ համաժողովրդական պայքարը պարտություն կրել չի կարող ինչպես այն եղավ , ասենք, Ոկրաինայում, Վրաստանում կամ Կիրգիզիայում, մեր աչքի առաջ եւ մեր օրերում: Միայն ժողովրդական ակտիվությամբ է հնարավոր կանխել ընտրությունները կեղծելու իշխանական ծրագիրը: Բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, հասարակական ակտիվություն ունեցող անհատների ամենակարեւոր խնդիրն այսօր պետք է լինի մարդկանց իրենց ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը: Երկրորդական խնդիր է դառնում լիդերի ով լինելը:Համաժողովրդական շարժումն ինքն է արդեն ծնելու առաջնորդին, որի հետեւից գնալու են իրենց իրավունքի գիտակցումը խորապես ընկալած մարդիկ: Սա մեզ համար նոր բան չէ: Մենք այն անցել ենք 1988-ին, փորձել ենք 2003-ին եւ ոչ ոք մեզ չի կարող խանգարել փորձել եւս մեկ անգամ:

Մեկ անգամ հաջողել ենք, կհաջողենք մեկ անգամ էլ:

 

Վարդան Մանասերյան

Անհնազանդության կոչ

 

«Տարեգիր» ինտերնետային թերթը «Քաղաքացիական անհնազանդության շարժման» կողմից Երեւանում կազմակերպած մի շարք ցույցերի կապակցությամբ իր խմբագրականում գրում է, «Բուզանդի եւ մայրաքաղաքի այլ փողոցներից տեղահանված բնակիչների վերջին շրջանի հուզումները ցույց տվին, որ ժողովուրդը միանգամայն պատրաստ է ոտքի ելնել ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ:Պետական կարիքների համար սեփական ժողովրդի սեփականությունն օտարելու՝ իշխանությունների տարօրինակ ու հակամարդկային մոլուցքը կարող է հանդիսանալ ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլը: Փաստորեն, ժողովրդին առաջնորդող չկա»: Եւ ավելացնում է, որ միայն նորաստեղծ «Քաղաքացիական անհնազանդության շարժունը» սատարեց նրանց, հավելելով` « Եթե խորհրդարանական գործող ընդդիմությունն առաջնորդի եւ ուղղորդի բուզանդցիների եւ մյուս տուժածների հուզումները, անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան թե՝ օրերով նստեն խորհրդարանում եւ հետեւեն, թե ով ում կոճակն է սեղմում»:

Ի լրումն սրան ասենք, որ Բուզանդի եւ այլ անօրինաբար իրացված տարածքների բնակիչները իրենց ցույցերում հանդես են գալիս Քաղաքացիական անհնազանդության կոչերով ու պաստառներով, որովհետեւ իրենց երկամյա պայքարի արդյունքեւմ հանգել են այն համոզմանը, որ միայն երկրում քաղաքական փոփոխությունների արդյունքում կարող են հասնել իրենց օրինական պահանջների բավարարմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել