Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Ըստ ընդդիմության՝ «ԸՕ»-ի հարցը «ծածկադմփոց» է արվում, իսկ ըստ Ազգային ժողովի նախագահի՝ պատգամավորները պարզապես կարգին չեն կատարում իրենց պարտականությունները:

ԱԺ երեկվա արտահերթում ոչ ոք չէր էլ սպասում, որ «Ընտրական օրենսգիրքը» կքննարկվի օրվա ավարտին, քանի որ մի քանի տասնյակ հարցեր կային օրակարգում: Երբ 16-ից 10 րոպե պակաս ԱԺ նախագահը հայտարարեց, որ սկսում են նախագծի քննարկումը, դահլիճը բառացիորեն դատարկ էր, ներկա էին միայն ինքը՝ Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ից՝ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գագիկ Մելիքյանը, ՄԱԿ-ից՝ Մնացական Պետրոսյանը, անկախներից՝ Թաթուլ Մանասերյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը եւ Գագիկ Ավետյանը, «Արդարություն»-ից՝ Գրիգոր Հարությունյանը եւ Արշակ Սադոյանը: Հետո դահլիճ սկսեցին գալ Վիկտոր Դալլաքյանը, Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը եւ վերջում՝ Գալուստ Սահակյանը:

Հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանը թ վարկեց «ԸՕ»-ի փոփոխությունները, որ կատարվել են առաջին ընթերցման ռեժիմով, բայց չասաց գլխավորը` այն, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը մեկ օր առաջ իր ստորագրությունը ետ է վերցրել նախագծից, եւ «Ընտրական օրենսգիրքը», որի մասին շարունակ խոսվում էր, թե դառնալու է ընդդիմության եւ մեծամասնության միասնական տարբերակը, այլեւս միասնական չէ եւ ընդամենը իշխող կոալիցիայի տարբերակն է:

Ստեղծված իրավիճակը խնդրեցինք մեկնաբանել դահլիճում ներկա ընդդիմադիրներին: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նախ հայտարարեց, որ նախորդ օրը իրենք իրենց ստորագրությունը ետ են վերցրել նախագծից, քանի որ խիստ սկզբունքային առաջարկությունների եւ հարցերի հետ կապված կոալիցիայի հետ համաձայնության չեն եկել. «Այն առաջարկությունները, որոնք տեղ չէին գտել նախագծում, սակայն դրանց շուրջ նախօրոք համաձայնություն էր ձեռք բերվել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, փաստորեն հենց այդ առաջարկություններն են հանվել, եւ այդ պատճառով մենք որոշեցինք ետ կանչել մեր ստորագրությունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ենք քվեարկելու, առաջին ընթերցման ռեժիմը մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք մեր կողմից կատարվել են. կարծում եմ, սա այն հարցն է, որ չպետք է շտապենք»: Մեր հարցին՝ ինչո՞վ է բացատրում, որ այդ կարեւոր հարցը կոալիցիան քննարկում է դատարկ դահլիճում, Հովհաննես Մարգարյանն ասաց. «ԱԺ նախագահի կողմից նախապես չհայտարարվեց հերթականությունը, որ, ասենք, երրորդ նիստում քննարկման է դրվելու «ԸՕ»-ն: Ընդամենը ասեմ, որ հերթական անգամ փորձ է արվում նույնիսկ այս կարեւոր նախագիծը ոտքի վրա քննարկել եւ անմիջապես դնել քվեարկության, որը անթույլատրելի է»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը օրակարգի ձեւավորման ժամանակ արդեն մտահոգ էր «ԸՕ»-ի քննարկման հետ կապված եւ առաջարկեց, որ այն քննարկվի մեկ օր անց, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան ծանոթանալ արված փոփոխություններին, որովհետեւ առաջին տարբերակի համեմատ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Գրիգոր Հարությունյանը իր բացատրությունն ունի՝ այսքան կարեւոր հարցը կառավարությունը ԱԺ է ներկայացրել արտահերթ նիստում քննարկելու համար, քանի որ սա չի ենթադրում հանձնաժողովների եզրակացություն եւ այլն, եւ նպատակը մեկն է. «Ծածկադմփոց են անում, ենթակա, լսող, խելոք մեծամասնությունն էլ վաղն առավոտյան գալու է կոճակները սեղմի եւ ընդունվեն անորակ օրենքներ, որով հետո պետք է պարտադրեն մեզ ապրել, իսկ իրենք դրանցով իշխանություն պետք է ձեւավորեն: Իրենց կողմից արված «ԸՕ»-ի փոփոխությունները, կարծում եմ, մեկ նպատակ է հետապնդում՝ սողանցքներ թողնել կեղծիքների համար»:

Ընդդիմադիր պատգամավորների այս բոլոր մեկնաբանություններից հետո ստացանք նաեւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի մեկնաբանությունը: Ասաց, որ պարզապես պատգամավորները չեն կատարում իրենց պարտականությունները, չեն մասնակցում կարեւորագույն հարցերի քննարկումներին եւ հետո հարցերը շահարկում են: Ըստ Տիգրան Թորոսյանի, երեկվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումներին եթե ակտիվ մասնակցություն լիներ, պատգամավորները նորմալ հարցեր տային, կարծիքներ հայտնեին եւ առաջարկություններ անեին, ապա ժամանակ չէր մնա եւ «ԸՕ»-ի հարցը կքննարկվեր այսօր, բայց «հո չէի՞նք կարող ասել՝ հիմա աշխատանքները դադարեցնում ենք, որովհետեւ մարդիկ աշխատելու հավես չունեն, նիստը չավարտված գնացեք տուն, վաղը կգաք «ԸՕ»-ն կքննարկեք»: Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ է ինքը ընդդիմությանը քննադատում չաշխատելու համար, երբ հենց իշխանական մեծամասնությունը դահլիճում չէր, պարոն Թորոսյանն ասաց. «Մեղադրանքը ուղղված է բոլոր պատգամավորներին, ովքեր չեն մասնակցում քննարկումներին, եւ առաջին հերթին նրանց, ովքեր դժգոհում են այդ արագ ընթացքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել