Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար լեզուների դասավանդումը վտանգված է

Դեկտեմբեր 25,2006 00:00

Շատ ծնողների կարծիքով, առանց մասնավոր պարապմունքների՝ երեխաներն անզոր են օտար լեզվի տնային աշխատանքները կատարել:

Վերջերս դպրոցներից մեկի բակում բորբոքված զրույցի էին բռնվել մի խումբ ծնողներ ու երեխաներ: Ինչպես պարզվեց, նրանք դժգոհում էին անգլերեն լեզվի դասավանդումից ու դասագրքերի խրթինությունից: Զրույցին ներկա էին տարբեր դպրոցների ծնողներ, եւ քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում, կոնկրետ չենք նշի, թե հատկապես որ դպրոցներից էին բողոքողները, թեեւ նրանք հանդես են եկել իրենց անուններով:

«Երբ անգլերենիս ուսուցչուհին նոր դաս է բացատրում, չի հասցնում բոլոր բառերը թարգմանել, ասում է՝ կբացեք, գրքի ետեւում կնայեք: Եվ հետո՝ չի հասցնում բացատրել, թե ինչպես պիտի գրենք տնային աշխատանքը: Ես էլ ստիպված տնայիններս անելիս դիմում եմ քույրիկիս, որ անգլերեն գիտի»,- 5-րդ դասարանցի Արմանը նեղսրտած է, որ անգլերենի դպրոցական ծրագրի բարդությունը թույլ չի տալիս իրեն՝ ինքնուրույն անգլերեն սովորել: Նա շատ է անհանգստանում, թե ինչպես է հասցնելու անգլերենի քառորդը գերազանց փակել, քանի որ դրանից է կախված համակարգիչ ունենալ-չունենալու հարցը. ծնողները խոստացել են համակարգիչ նվիրել, եթե միայն քառորդը գերազանց գնահատականներով ավարտի: Օտար լեզվի դասավանդման հետ կապված դժգոհություններ ունեն նաեւ ծնողները: «Մենք, որ օտար լեզվի տնային աշխատանքներ էինք պատրաստում առանց մասնագետի օգնության, ի՞նչ է, աշակերտ չէի՞նք»,- իր աշակերտական տարիներն էր հիշում ծնող Շուշանիկ Հայրապետյանը, երբ պատմում էր, թե ինչպես են իր երեխային դպրոցում անգլերեն սովորեցնում:

«Ցածր դասարանում, երբ պետք էր լեզվական հիմք դնել, երեխայիս ֆրանսերենի մասնագետն էր անգլերեն դասավանդում»,- ասաց ծնող Անահիտ Սարգսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ չնայած այս տարի էլ անգլերենի մասնագետ է դասավանդում, նա էլ անգլերեն բառերի արտասանությունը հայերեն է գրում, որ հեշտությամբ սովորեն։ Այս մեթոդը ծնողը համարում է հակամանկավարժական:

Քանի որ խնդիրը շատ էր մտահոգում իրենց երեխաների կրթությանը հետամուտ ծնողներին, որոշեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ուսուցիչներից:

«Հայերեն տառերով անգլերեն բառեր սովորեցնելու մեթոդը բազմիցս քննարկվել է վերապատրաստման կուրսերի ժամանակ: Թույլատրվում է հայերեն գրել միայն այն տառերը, որոնք անգլերենում ունեն իրենց համարժեքները»,- ասաց Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի օտար լեզվի մեթոդմիավորման նախագահ Ալվարդ Ասատրյանը:

Պարզվեց՝ օտար լեզվի ծրագրերից իրենց դժգոհություններն ունեն նաեւ ուսուցիչները: «Չափից դուրս դժվար է շաբաթական երկու դասաժամով երեխային օտար լեզու սովորեցնել, այն էլ, երբ դասարանում 25-ից ավելի աշակերտ կա»,- ասաց Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի օտար լեզվի մեթոդմիավորման նախագահ Իրինա Եղիազարյանը: Ուսուցիչների դժգոհության մյուս առիթը դասագրքերն են:«Այդքան քննարկումներ են լինում, մի անգամ գոնե հեղինակները գային, մեզ բացատրեին, թե որ դասն ինչի համար են ընդգրկել տվյալ դասագրքում»,- ասաց Ի. Եղիազարյանը: Որոշ ուսուցիչներ եւ ծնողներ էլ կարծում են, թե ավելի որակյալ են ռուսական հրատարակության դասագրքերը, օրինակ՝ Վերեշչագինան. «Քանի որ որոշ դպրոցներում դասավանդում են այս գրքով, կառաջարկեի կամ ընդհանրապես դա թույլ չտալ, կամ դարձնել ծրագրային: Կարծում եմ՝ թե ծնողները, թե մասնագետները դեմ չէին լինի»,- ասաց Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանը եւ ավելացրեց, թե իրենց դպրոցում կիրառում են այդ գիրքը, սակայն միայն ցածր դասարաններում: Իսկ բարձր դասարաններում էլ շատ լուրջ է դասաժամերի հարցը. դրանք պարզապես չեն բավարարում, եւ քանի որ դպրոցի ուսուցիչները չեն հասցնում նյութն ամբողջությամբ մատուցել երեխաներին, ծնողները ստիպված դիմում են մասնավոր պարապմունքների:

Հ. Գ. ԿԳ նախարարը եւս իր վերջին ասուլիսում մտահոգություն հայտնեց դպրոցներում եւ բուհերում օտար լեզուների դասավանդման մակարդակի մասին եւ ասաց, որ արդեն եկող տարվանից նպատակաուղղված, լուրջ քայլեր պետք է կատարվեն այս ուղղությամբ: Նախատեսվում է նաեւ ունենալ ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուների զարգացման կոնցեպցիա, որովհետեւ եթե անգլերենի դեպքում հետաքրքրությունը կա, սակայն դասավանդման մեթոդներն են ոչ բավարար մակարդակի վրա, ապա այս 2 լեզուների դեպքում պարզապես վտանգված է դրանց դասավանդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել