Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 09,2007 00:00

Երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթին առավել ընդդիմանում էին ՄԱԿ-ն ու ՀՀԿ-ն

Դեռ ամիսներ առաջ՝ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի ընթացքում ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը հիշեցրեց, որ 1995-ին իր կուսակցությունը ՀՀԿ-ի հետ միասին էր հանդես գալիս ընդդեմ երկքաղաքացիության, եւ այդ իսկ պատճառով իրեն զարմացնում է Հանրապետականի ներկայիս դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Սակայն վաղ էր կարծել, թե ՀՀԿ-ն իրոք ամբողջությամբ է վերանայել իր դիրքորոշումը: Սահմանադրական փոփոխություններից, որոնցով վերացվեց երկքաղաքացիության արգելքը, հազիվ մի քանի ամիս էր անցել, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «ԱրմԻնֆո»-ին ասաց, թե երկքաղաքացիներին ընտրություններին մասնակցելու իրավունքի տրամադրումն անմիջականորեն առնչվում է երկրի ինքնիշխանությանը: Հավելել էր, որ եթե սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին շնորհվի ընտրություններին մասնակցելու իրավունք, ապա նրանց ձայները որոշիչ կդառնան Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը պետք է տրամադրվի այն անձանց, ովքեր բնակվում եւ աշխատում են Հայաստանում, վճարում են հարկեր: Այն օրենսդրական փաթեթում, որի քննարկումը երեկ ավարտվեց ԱԺ-ում, չկան ընտրական իրավունքի դիմաց նման պայմաններ:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց. «Մենք պնդում ենք, որ այն սահմանափակումները, որոնք պետք է հնարավորություն տան Հայաստանի ժողովրդին տնօրինել իր ճակատագիրը, պահպանվեն»: Դրանցից մեկն, ըստ նրա, այն է, որ նախարար լինելու իրավունք ունենան բացառապես ՀՀ քաղաքացիները: ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես չհայտնեց իր դիրքորոշումը: Սակայն հանրապետականների տրամադրվածության մասին կարելի էր գուշակել այն հարցերից, որոնք նրանք երեկ ուղղում էին հարակից զեկուցողին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանին, որը ներկայացնում էր ԱԺ պետաիրավական հարցերի տեսակետը: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը նրան հարցրեց. «Ինձ մտահոգում է այս խնդրի բարոյական կողմը: Մեկը, որ Հայաստանում ապրել է այն մութ, ցուրտ տարիներին, սահմանամերձ շրջանում, այդ ամբողջ դառնություններն իր մաշկի վրա տարել է, մեր պետությունն է կառուցել ու մնացել այստեղ՝ միակ հպարտությունը կամ իրավունքը որ ունի՝ ի տարբերություն մյուս հայերի կամ իր հարեւանի, որը լքել է հայրենիքը, այն է, որ ինքն ունի ընտրական իրավունք: Իսկ հիմա Հայաստանից մեկնածներին մենք միանգամից տալիս ենք այդ իրավունքը»: Գեղամ Մանուկյանը հարցին հակադարձեց հարցով. «Որքանո՞վ է բարոյական, որ ճակատում կռված, տարիներ շարունակ դիրքերից չիջած տղան այսօր որեւէ նյութական հնարավորություն չունի, ապրում է սարսափելի վատ պայմաններում եւ դրան հակառակ՝ տեսնում է մեկ այլ հայրենակցի, որն այդ նույն ժամանակաշրջանում չի ապրել ՀՀ տարածքում, Ռուսաստանում կամ որեւէ այլ երկրում զբաղվել է տնտեսական գործունեությամբ, դիզել է սարսափելի մեծ հարստություն եւ այսօր ակտիվ մասնակցում է մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքին»: Նիկոյանն այնուամենայնիվ առաջարկեց ընտրական իրավունքն իրացնել ավելի ուշ՝ որոշակի պարտականություններ սահմանելով:

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հարցի ընթացքում փոքր-ինչ հեգնեց ավելի վաղ Գեղամ Մանուկյանի արած արտահայտությունը՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանցքներում վազվզող երիտասարդների մասին, որոնց շնորհիվ Հայաստանը տարեվերջին փող է ստանում: «Շնորհակալ ենք այդ երիտասարդներին,- ասաց տիկին Հերմինեն:- Բայց բացի այդ կոնգրեսի ջահելներից՝ մեզնից շատերն այս տարիների ընթացքում հանդիպել են էլի շատ մարդկանց Սփյուռքում, որոնք խիստ շահագրգիռ, սրտացավ ձեւով հարցուփորձ էին անում՝ հը, ինչպե՞ս եք, էդ մութին, ցուրտին, պատերազմին դիմանո՞ւմ եք: Է հա՝ ասում էինք, դիմանում ենք: Է՝ դիմացեք, լավ կլինի՝ պատասխանում էին: Հիմա ժողովուրդն այստեղ դիմացողներն են, մյուսներն էլ այնտեղ՝ դիմանալու կոչերով դիմողներն են: Բոլորս հավասար քաղաքացի՞ պետք է լինենք: Բարոյական հարթության մեջ խնդիրը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում»: Գեղամ Մանուկյանն արդեն բորբոքված պատասխանեց. «Եկեք ուրեմն բարոյականության սահմանները մինչեւ վերջ հասցնենք: Ով որ կազմակերպել է այդ ցուրտ ու մութ տարիները՝ ո՛չ իրավունք ունի քվեի, ո՛չ էլ քվեարկելու: Ով որ կազմակերպել է այդ ցուրտ ու մութ տարիները՝ եկեք կախաղան բարձրացնենք, որովհետեւ ախր մենք տառապել ենք այդ ցուրտ ու մութ տարիներին: Եթե սահմանափակումներ ենք մտցնում՝ մենք դիմացել ենք-չենք դիմացել, եկեք, քանի որ մեր երկիրը եղել է պատերազմական գոտում՝ ով որ չի եղել ճակատում կռվող՝ զրկենք բոլոր քաղաքացիական իրավունքներից՝ առաջադրվելու, ընտրելու եւ ընտրվելու»: Այս կոչերին տեղից գլխով հավանության նշաններ էր անում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որը հետո իր ելույթում հայտարարեց, թե երբ ասվում է, որ սփյուռքը կարող է ձեւավորել ՀՀ իշխանությունը, ապա «եթե Հայաստանի 3 միլիոնանոց բնակչությունն այդքան անտարբեր է իր ճակատագրի նկատմամբ, որ այն կարող է լուծվել դրսից՝ ուրեմն, պետք է լուծվի դրսի՛ց: Եղեք ակտիվ»:

Այս փաթեթի քվեարկությունը թերեւս տեղի ունենա արտահերթ նիստում: ԱԺ նախագահը երեկ լրագրողներին ասաց, թե փետրվարին հերթական նիստեր գումարելն արդեն ձեռքբերում է, ու դժվար թե մարտին գումարվեն նիստեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել