Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՆԵՆԱՆՔ ԵՐԿՈՒ ՏԻՊԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Փետրվար 13,2007 00:00

Երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը գնահատում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ երկքաղաքացիության հարցն ԱԺ-ում քննարկվեց այս պայմաններում, երբ դահլիճում ներկա էին հազիվ 10-15 պատգամավոր, քանի որ մնացածներին արդեն կլանել է նախընտրական եռուզեռը:

– Մի քանի պատճառ կարող է լինել, թե ինչու քննարկվեց հենց այս պահին: Առաջինը. այս նախաձեռնության իրական հեղինակը՝ ՀՅԴ-ն, վստահ չէ, որ ներկա է լինելու հաջորդ գումարման խորհրդարանում, կամ էլ՝ գոնե կունենա այնքան ազդեցություն, որքան ունի հիմա, եւ այդ պատճառով է փորձում հապշտապ անցկացնել կիսագրագետ այս օրենսդրական փաթեթը:

Երկրորդ պատճառաբանությունը քարոզչական նպատակներն են: Շեշտը կարծես առավել դրված է նոր ձեւավորված Սփյուռքին ընտրելու իրավունք տալու վրա: Պատահական չէ «Քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող անհասկանալի փոփոխությունը, ըստ որի՝ քաղաքացիությունն արագորեն վերականգնելու հնարավորություն ունեն 1995-ի հունվարի 1-ից հետո Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվածները:

Եվ երրորդ պատճառն է՝ սա հնարավորություն է տալիս այս փաթեթի ընդունման դեպքում առաջանալիք շիլաշփոթի պայմաններում ստեղծել մի իրավիճակ, երբ անհասկանալի կլինի ընդհանրապես ընտրողների թիվը՝ ովքեր ունեն իրավունք, ովքեր չունեն: Ընտրողների չարձանագրված թվաքանակի պայմաններում հեշտ կլինի կեղծիքներ իրականացնելը:

– Հակափաստարկ է հնչել, թե իզուր է նախաձեռնությունն ընտրությունների հետ կապելը, քանի որ սահմանված ընթացակարգերի պահպանման դեպքում 6-7 ամիս կտեւի քաղաքացիություն ստանալու գործընթացը:

– Այո, նրանք չեն կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց ոչ՝ նախագահականին: Ըստ էության՝ այս փաթեթը լուծում է 2 խնդիր: Նախ՝ հնարավորություն տալ ոչ Հայաստանի քաղաքացիներին ընտրել՝ դա կլինի հիմա, թե նախագահական ընտրություններին՝ որեւէ կապ չունի: Եվ զարմանալի է, որ բոլոր այն հակափաստարկները, որոնք մենք ներկայացնում էինք 2006-ի սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, այսօր կրկնում են նաեւ իշխանությանը մաս կազմող կուսակցությունները եւ հատկապես՝ ՀՀԿ-ն: Երեւի այն ժամանակ շատ լավ սերտեցին մեր փաստարկները եւ հիմա դրանցով են փորձում խոսել երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու դեմ:

Եվ երկրորդ խնդիրը, որը փորձում է լուծել այս փաթեթը՝ զինծառայությանն առնչվող մտահոգությունները մի փոքր փարատելն է: Բայց օրինագծից դատելով՝ այս առումով էլ է ստեղծվում մի իրավիճակ, երբ անհասկանալի է, թե պետությունն ինչպե՞ս է կարգավորելու զինծառայության խնդիրը, ինչպե՞ս են քաղաքացու վերաբերյալ տեղեկանք ստանալու, որ նա մինչ Հայաստանի քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում, որ ազատեն ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունից: Ասենք, Ռուսաստանում որեւէ տեղեկանք վերցնելը բացարձակապես խնդիր չէ: Այսպիսով, ըստ էության՝ կոռուպցիոն նոր հնարավորություն է ստեղծվում, ի դեպ՝ լայնածավալ:

– «Զինապարտության մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ արդյոք չի՞ փարատվում այն մտավախությունը, թե երկքաղաքացիություն ընդունելով՝ ՀՀ քաղաքացիներից շատերը կխուսափեն բանակից: Սահմանվում է. «Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այն հանգամանքից՝ ծառայե՞լ է նա այլ պետությունում, թե՞ ոչ»:

– Այդ մտավախությունը կարծես փորձել են փարատել: Բայց իմ կարծիքով, այս դրույթը սահմանում է անհավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների մի ինստիտուտ: Այսինքն՝ քաղաքացիների մի խումբը կունենա այդպիսի հնարավորություններ, իսկ մեկ այլ խումբ չի ունենա նման իրավունքներ:

Եվ երկքաղաքացիության դեմ մեր հիմնական փաստարկն այս է՝ չի՛ կարելի պետության մեջ ունենալ 2 տիպի քաղաքացիներ:

– Հայաuտանի քաղաքացիություն uտանալու համար սահմանվող հիմքերից մեկը հետեւյալն է. «Ծագումով հայ է, այսինքն՝ ունի հայ նախնիներ»: Ձեր կարծիքով, օրինագծից պա՞րզ է, թե որն է այն լիազոր մարմինը, որը պարզելու եւ տեղեկանք է տալու ծագման կամ նախնիների մասին:

– Սա ընդհանրապես հիմարություն է, քանի որ նախ՝ չեմ կարծում, թե կլինի որեւէ մարմին, որը կուսումնասիրի ծագումը կամ ունի դրա իրավունքը: Եվ երկրորդը՝ սա ուղղակի խտրականության մի ձեւ է, քանի որ եթե ընդունում ես երկքաղաքացիությունը՝ արդեն որեւէ կապ չունի՝ քաղաքացիության համար դիմողը ծագումով հա՞յ է, թե՞ ոչ: Իսկ եթե 1/4-ով է հայ՝ տատիկներից կամ պապիկներից մեկը հայ չէ, ինչպե՞ս է գործելու այս դրույթը:

– Օրենսդրական փաթեթով հավասարակշռվա՞ծ են արդյոք երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Երկքաղաքացիներին արդեն իսկ տրվել է ընտրելու իրավունք, բայց հարկեր վճարելու հարցը չի կարգավորվել այս փաթեթով:

– Իհարկե, ո՛չ: Երկքաղաքացիների համար առայժմ սահմանված չեն հարկերը, տուրքերը վճարելու եւ մնացած բոլոր պարտականությունները, որոնք կատարում են Հայաստանում բնակվող քաղաքացիները՝ պահպանելով մեր երկիրը: Եվ ոչ միայն հավասար պայմաններ չեն ստեղծվում, այլեւ ընդգծում եմ՝ առաջանալու են երկու տիպի քաղաքացիներ:

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ երկքաղաքացիների համար արդեն իսկ սահմանվում է, թե նրանք չեն կարող գրանցվել ՀՀ նախագահի կամ ԱԺ պատգամավորության թեկնածու, սակայն առայժմ բաց է մնում նրանց համար կառավարության անդամ դառնալու հնարավորությունը:

– Դա էլ է ինձ համար անհասկանալի: Եթե մնացած ամեն ինչն ընդունում են՝ ինչո՞ւ են այս երկուսն արգելում: «Ընտրական օրենսգրքում» կան ցենզային որոշակի սահմանափակումներ. եթե դրանք կիրառվելու են՝ ուրեմն թող ապրեն այստեղ, քաղաքացիություն ստանան եւ հնարավորություն ստանան ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նախարար աշխատելու, ե՛ւ առաջադրվելու նախագահի թեկնածու: Օրենսդրական փաթեթի առանձին հոդվածները նայելիս տրամաբանություն գտնում ես, բայց ամբողջության մեջ եթե դիտարկես՝ կիսատ-պռատություն է, շիլաշփոթ, կոռուպցիոն նոր ռիսկերի հնարավորություն: Եվ ինձ թվում է, որ որեւէ պարագայում չի կարելի ընդունել այս օրինագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել