Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՊԵԿԻՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

Փետրվար 26,2007 00:00

\"\"ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացած 531 օրից յուրաքանչյուրը ծառայելու է օլիմպիադայի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի մարզիկների հաջող մրցելույթներն ապահովելուն:

– Պարոն Ծառուկյան, հաշվի առնելով «Մրցաշրջան 2006»-ում Հայաստանի մարզիկների մրցելույթները միջազգային ասպարեզներում, ՀԱՕԿ-ի աշխատանքն անցած տարում ինչպե՞ս եք գնահատում:

– Համեմատած նախորդ տարիների հետ, առաջընթաց կա թեկուզ նվաճված մեդալների քանակով: Բայց դա արվածին դեռ համարժեք չէ, ինձ չի գոհացնում: Սպորտն այնպիսի բնագավառ է, որտեղ արվող աշխատանքի, դրված նոր հիմքերի արդյունքները շուտ չեն երեւում: Դրա համար տարիներ են պահանջվում: Կարեւորն այն է, որ կա ուշադրություն, հավատ ու վստահություն: Արդեն չեմպիոններ ու մեդալակիրներ ունենք աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, միջազգային խոշոր մրցաշարերում: Հիմա հայ մարզիկները, հիմնականում մեր ավանդաբար ուժեղ մարզաձեւերի, նկատի ունեմ ծանրամարտը, ըմբշամարտի երկու ոճերը, բռնցքամարտը եւ հրաձգությունը, ինչ մրցման էլ մեկնում են, պարտադիր մեդալներով են վերադառնում եւ արդեն՝ ոչ մեկ: Այնպես որ, անցած տարի օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքը գնահատում եմ բավարար:

– 2007 թվականը վճռորոշ է լինելու, թե եկող տարի Պեկինի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը քանի՞ մասնակից կունենա: Դրա համար լրացուցիչ ծախսեր են պահանջվելու. ավելի շատ ուսումնամարզական հավաքներ, մասնակցություն միջազգային մրցաշարերի, սնունդ, վիտամիններ, ինչո՞ւ չէ, նաեւ լավագույն մարզիկների եւ մարզիչների սոցիալական խնդիրների լուծում: Այդ ամենը հնարավո՞ր է ապահովել:

– Ոչ մի խնդիր չկա: Ինչ հնարավոր է՝ արվում է: Պահանջելուց առաջ պետք է պայմաններ ստեղծել: Հիմա թե պետությունը, թե օլիմպիական կոմիտեն մեծ ուշադրություն են դարձնում սպորտին: ԱՊՀ որեւէ այլ երկրում նման վերաբերմունք չկա: Այսօր արդեն բոլոր մարզկենտրոններում անհրաժեշտ պայմաններով ապահովված գոնե մեկ մարզադպրոց է գործում: Մարզական շինարարությունը շարունակվում է: Ինքս հիմնանորոգել եմ Աբովյան քաղաքի մարզադպրոցը, որը հավասարը չունի հանրապետությունում: Այնտեղ անվճար մարզվում է 2000 երեխա: Ամեն տարի նրանցից լավագույններին առանձնացնում ենք՝ ընդգրկելով պրոֆեսիոնալ խմբեր: Մտադիր ենք Ծաղկաձորում Ռուսաստանի հետ համատեղ մարզական մեծ կենտրոն կառուցել, որը կբացվի տարեվերջին: Սրան ավելացնենք մարզիկներին ու մարզիչներին տրվող խրախուսանքները: Կառավարությունը պարգեւատրում է լավագույններին: Մարզական տարվա ամփոփման արարողության ժամանակ հանրապետության նախագահը պետականորեն սահմանված դրամական պարգեւներ է հանձնում սպորտի հերոսներին, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին: Դրանք պատկառելի գումարներ են: Ես էլ պարտադիր գնահատում եմ արժանավորներին: Յուրաքանչյուր մարզիկ քաջ գիտի, որ եթե աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, մեդալակիր դարձավ, ինձանից դրամական խոշոր պարգեւ, մեքենա կամ բնակարան է ստանալու: Հայտարարել եմ, ու տա Աստված, որ այդպես լինի. Պեկինում օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճողին պարգեւատրելու եմ $800 հազարով: Ներկայիս դրությամբ 130 մարզիկ իմ անձնական գումարներից թոշակ է ստանում: Դա ամսական կազմում է $90 հազարին համարժեք դրամ: Նրանց մեջ քիչ չեն երիտասարդները, ովքեր արդյունքներ են ցույց տալիս ու ապագայի հույսեր են ներշնչում: Հավաքականների ավագ մարզիչների աշխատավարձը հասնում է մինչեւ $800-ին համարժեք դրամի: Սա դեռ բոլորը չէ: Ամեն բան արվում է, որպեսզի բոլորն ավելի լիարժեք նվիրվեն սպորտին:

– Հատկապես ո՞ր մարզաձեւերից օլիմպիական խաղերի մասնակից կունենանք եւ քանի՞ մեդալի ակնկալիք:

– Արդեն ասացի, որ Հայաստանն աշխարհում հայտնի է ծանրամարտով, բռնցքամարտով, ըմբշամարտով եւ հրաձգությունով: Իսկ թե ընդհանուր առմամբ քանի՞ մարզիկ կունենանք Պեկինում, ժամանակը ցույց կտա:

– Մեր ըմբիշները դժվարին կացության մեջ են հայտնվել, քանի որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում: Այդ ժամանակ է խաղարկվելու ուղեգրերի մեծ մասը: Մերոնց մասնակցությունը հայտնի պատճառներով կասկածի տակ է: Օլիմպիական կոմիտեն խնդիրը կարգավորելու համար ի՞նչ է անում:

– Մենք գնալու ենք: Եվ ոչ ընդամենը մասնակցելու, միայն ուղեգիր նվաճելու, այլ հաղթելու նպատակով: Այսօր հասել ենք նրան, որ առաջին եռյակում չլինելը հաջող մասնակցություն չենք համարում:

Ադրբեջանը, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԼԱ-ն թող մտածեն մեր ըմբիշների անվտանգության ու մասնակցության համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու մասին: Հսկայական աշխատանք է կատարվել: Հայաստանցիները ջանադրաբար մարզվում են, պայքարում հավաքականներում ընդգրկվելու համար: Դրսից հզոր մարզիկներ՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ենք բերել: Հիմա մեր հավաքականում է լեգենդար Ալեքսանդր Կարելինին հաղթողը՝ Յուրի Պատրիկեեւը, ով Ռուսաստանի թերթերից մեկում հայտարարել է, թե Հայաստանում իրենց համար ավելի լավ պայմաններ են ստեղծված: Եթե ժամանակին մեր լավագույն մարզիկները հեռանում էին, հիմա հակառակն է՝ շատերն արդեն ցանկանում են վերադառնալ ու հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո: Մեծ նշանակություն եմ տալիս նաեւ արտասահմանում բնակություն հաստատած մեր այն մարզիկներին, ովքեր չեն մոռանում, որ հայ են ու բարձր են պահում Հայաստանի պատիվը: Ցանկանում եմ, որպեսզի նրանց կապը հայրենիքի հետ չկտրվի, ավելի ամրանա: Մի քանի օրով Հայաստան է եկել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Չնայած նա հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, բայց ամեն մի հերթական հաղթանակից հետո ռինգում բարձրացնում է նաեւ Հայոց Եռագույնը: Արթուրն ամեն առիթով ի լուր աշխարհի հպարտությամբ հայտարարում է, որ հայ է, հայաստանցի: Սեպտեմբերին նա ծանրագույն մենամարտում ծնոտի կոտրվածք ստանալուց հետո պայքարը շարունակեց ու հաղթանակ տարավ Էդիսոն Միրանդայի նկատմամբ, ինչով Հայաստանում բոլորն են հպարտանում: Ես հրավիրեցի նրան, շնորհավորեցի ու հանձնեցի «Հրանտ Շահինյան» մեդալ: Աշնանը հանդիպել եմ նաեւ իր հարսնացուի հետ Հայաստան ժամանած Վախթանգ Դարչինյանին: Նրանց նման մարզիկներին, ովքեր փառքի գագաթին լինելով իրենց երկիրը չեն մոռանում, չի կարելի անտեսել:

– Ասացիք, որ ձեր անձնական միջոցներից մեծ գումարներ եք հատկացնում սպորտին: Չե՞ք հոգնել այդ հոգսերի առյուծի բաժինը կրելուց:

– Ոչ: Անգամ դրանից հաճույք եմ ստանում եւ պատրաստ եմ ավելին անել, որպեսզի հանրապետություն բերվող մեդալների հոսքը մեծանա: Հավասարապես կարեւորում եմ նաեւ երիտասարդության առողջությունը, առանց որի ապագա չկա: Դրա գրավականը սպորտով զբաղվելն է: Պարտադիր չէ, որ բոլորը պրոֆեսիոնալ մարզիկ դառնան: Ճիշտ է, պատահում է նաեւ, որ այս կամ այն մրցումից մեր մարզիկները ձեռնունայն են վերադառնում: Շատերը դրանից դժգոհում են, քննադատում մեզ՝ մարզական ղեկավարներիս: Բայց ամեն բան միայն Գագիկ Ծառուկյանի հոգսը չպետք է լինի, թեեւ ամեն ինչ էլ արվում է: Լավ կլինի, եթե յուրաքանչյուր գործարար, ով կայացել է այստեղ, դրամ է վաստակում եւ մտածում է իր երկրի, երիտասարդության մասին, մի որեւէ մարզաձեւի ֆեդերացիա ֆինանսավորի: Նրանք միասին որքան գումար ներդնեն, նույնքան էլ ես կհատկացնեմ: Ուզում եմ ասել, որ ոչ մի հարց միայն խոսելով չի լուծվում: Գործ անել է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել