Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՍՊԱՍԵՔ»

Մարտ 07,2007 00:00

\"\"Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նորանշանակ գլխավոր բալետմայստեր Հովհաննես Դիվանյանը:

«Առավոտը» տեղեկացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում օրերս կատարված կադրային փոփոխության մասին: Գլխավոր բալետմայստեր Արմեն Գրիգորյանի պաշտոնն այլեւս կվարի ճանաչված բալերոն, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը: Հարկ է նկատել, որ այս նշանակումը վերջին տարիներին մշակույթի ոլորտում իրականացվող կադրային քաղաքականության հատուկենտ ճիշտ դրսեւորումներից է:

Հովհ. Դիվանյանի բեմական գործունեությունը հաշվվում է շուրջ երեք տասնյակ տարի՝ սկսած 1969թ.: 1990-ականների կեսերից մինչ օրս նա համատեղում է պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի եւ օպերային թատրոնի գլխավոր փորձավարի աշխատանքները:

«Առավոտի» հետ զրույցի սկզբում ճանաչված բալերոնը խոստովանեց, որ օպերային թատրոնի տնօրինության առաջարկը՝ ստանձնել գլխավոր բալետմայստերի պաշտոնը, իր համար անակնկալ չէր. «Անակնկալ էր Արմենի դիմումն ազատման մասին (նկատի ունի թատրոնի նախկին գլխավոր բալետմայստեր Ա. Գրիգորյանին)»: Հարցին, թե ի՞նչ մարզավիճակում է այսօր թատրոնի բալետային խումբը, պարոն Դիվանյանը պատասխանեց հարցով՝ «գուցե ուզում եք հարցնել, թե ինչպե՞ս եմ ընդունել այն», ասածին ավելացնելով, որ թատրոնի բալետային խումբը անցած-գնացած գլխավոր բալետմայստերների օրոք միշտ էլ աչքի է ընկել աշխատասիրությամբ: «Մեր ոլորտում նոր մարդու հայտնվելով (նկատի ունի հենց իրեն- Ս. Դ.) անակնկալների ու մեծ փոփոխությունների մի սպասեք: Այս պահին եւ ոչ մի խոստումի մի սպասեք»,- ասաց Դիվանյանը:

Դիտարկմանը, թե թատրոնի ներկայիս խաղացանկային 6 ներկայացումները (այդ թվում՝ Ա. Խաչատրյան՝ «Գայանե», Ադան՝ «Ժիզել», Մինկուս՝ «Դոն Քիշոտ», Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն» եւ այլն) գլխավոր բալետմայստերը համարո՞ւմ է բավարար, պարոն Դիվանյանը հայտնեց, որ ինքն ունի արդեն հստակ ծրագրեր՝ կապված Ա. Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Դիմակահանդես» բալետների ներկայացման հետ: Հետո էլ փաստեց, որ մեր հանդիսատեսը հոգնել է «Ժիզել» ու «Դոն Կիխոտ» դիտելով. «Պետությունը պետք է համապատասխան հետեւություններ անի. ինչո՞ւ խաչատրյանական տարբեր երկերի ներքո աշխարհի հեղինակավոր բեմերում ընթանում են բալետային ներկայացումներ, իսկ մեր թատրոնում՝ ոչ»: Շրջանառվող լուրերի առնչությամբ, թե Խաչատրյանի «Սպարտակը» Երեւանի օպերային թատոնում չի բեմադրվում հենց Սպարտակի դերապարի հարմար թեկնածու չունենալու պատճառով, պարոն Դիվանյանն ասաց. «Ունենք փորձառու եւ սկսնակ մենապարողներ: Եթե ցանկացած թատրոն ունի համաշխարհային բալետային գրականությունից «Ժիզել» կամ «Դոն Քիշոտ», ուրեմն այդ թատրոնում հաստատ սպարտակներ կան: Ուրիշ բան է, որ այսօր, մեր թատրոնի անվան մեջ, իմ ընկալմամբ՝ օպերա բառը գրվում է մեծատառով, իսկ բալետը՝ փոքրատառով: Այս տարվա ընթացքում պետական հովանավորությամբ մեզ մոտ բեմադրվող Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերաների կողքին, որոնցում ընդգրկված է նաեւ բալետային խումբը, կուզեի տեսնել ուշադրություն զուտ բալետային արվեստի հանդեպ: Ընդ որում, նշված ներկայացումներում ներգրավված են նաեւ թատրոնի բալետային խմբի արտիստները: Հուսով եմ կամ, ավելի ճիշտ՝ ուզում եմ հավատալ, որ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը կոնկրետ բալետային ներկայացումներով այնպիսի համբավ ձեռք կբերի արտերկրում, որ այսօր Եվրոպայում փայլող հայաստանցի պարողները մեկ մարդու նման կվերադառնան հայրենիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել