Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ «ՏԵՌՈՐԻ» ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ

Մարտ 21,2007 00:00

\"\"Տոնավաճառում վաճառականներին «ճնշելու» համար գործում են դաժան մեխանիզմներ

Հարկային պետական ծառայությունն ուզում է տոնավաճառներում գործող վաճառականներին բերել հարկային դաշտ: Ըստ հարկայինի՝ ոչ մի տարբերություն չկա փողոցում գործող կրպակատերի եւ տոնավաճառում աշխատող առեւտրականի միջեւ. նրանք երկուսն էլ տնտեսական գործունեություն են ծավալում, բիզնես են անում, եկամուտ են ունենում եւ այդ եկամուտներից պետք է նաեւ բաժին հանեն ՀՀ պետբյուջեի համար:

Մինչդեռ նկատենք, որ տարբերությունը անկախ գործող վաճառականի եւ, այսպես ասած, տոնավաճառի տիրոջ ձեռքի տակ աշխատողի միջեւ՝ հսկայական է:

Օրինակ, Մալաթիայի հագուստի տոնավաճառի աշխատողը, որն այսուհետեւ, բացի տոնավաճառի տնօրինությանը ամսական վճարումներ կատարելուց, պետք է նաեւ հարկային վճարումներ կատարի, անհամեմատ ավելի «ցածր դիրքերում» է, քան փողոցի մի անկյունում վարձակալական հիմունքներով կրպակ աշխատեցնող վաճառականը: Այդ տոնավաճառում գործում են «ստալինյան» այնպիսի դաժան կանոններ, որոնք պարզապես մարդու ուղեղում չեն տեղավորվում:

Նախ, յուրաքանչյուր 1 քառակուսի մետր տարածքի համար (այդ տոնավաճառի մեկ տաղավարը սովորաբար հենց այդ չափսերով է լինում) առեւտրականները վճարում են մոտ 90 հազար դրամ՝ 15 օրը մեկ, այսինքն՝ ամսական մոտ 180 հազար դրամ: Բացի հիմնական վարձավճարներից, շաբաթական 500 դրամ վճարում են էլեկտրաէներգիայի համար. նման բան որեւէ այլ տոնավաճառում չկա, գոնե էլեկտրաէներգիայի վարձը պետք է հոգա տոնավաճառի տնօրինությունը: Լույսի համար վճարումներից բացի, այստեղ առեւտրականներին պարտադրվում է նաեւ ամսական 500 դրամ էլ վճարել բուժքրոջ համար: «Մարդ ես, օրերից մի օր կարող է վատանաք՝ անվճար առաջին օգնությունը ցույց կտա, ճնշում կչափի»,- ամեն անգամ, երբ վաճառողներն ընդդիմանում եւ հրաժարվում են այդ 500-ական դրամները մուծել՝ տոնավաճառի տնօրինությունն այսպես է բացատրում բուժքրոջ անհրաժեշտությունը տոնավաճառում: Հաշվի առնելով, որ Մալաթիայի տոնավաճառը մայրաքաղաքի ամենամեծ տոնավաճառներից է եւ այնտեղ գործունեություն են ծավալում հազարավոր առեւտրականներ՝ նրանցից յուրաքանչյուրի վճարած 500 դրամներով, փաստորեն, մի կլորիկ գումար վաճառականները ստիպողաբար ինչ-որ մեկին ամսական աշխատավարձ են տալիս: Նույն սկզբունքով տոնավաճառի տնօրինությունը կարող է շուտով բերել էլեկտրիկի, սանտեխնիկի եւ ընդհանրապես շտապօգնության մի ամբողջ անձնակազմ՝ սրտի բրիգադով հանդերձ՝ ասելով, որ օրերից մի օր նրանք պետք կգան, եւ վաճառողները պետք է նրանց էլ աշխատավարձ տան:

Տոնավաճառում գործունեություն իրականացնողները, ուզեն թե չուզեն, պետք է վճարեն, որովհետեւ հակառակ դեպքում ստիպված պետք է լինեն հավաքել իրենց ապրանքն ու տաղավարը լքել: Շատ առեւտրականներ տոնավաճառում օրվա հաց են վաստակում եւ այդպիսի քայլերը նրանց ընտանիքին կարող են մի կտոր հացից էլ զրկել:

Բացի լույսի եւ բուժքրոջ ծառայությունների համար վճարումներից, այս տոնավաճառի առեւտրականները ստիպված են լինում նաեւ ամենաթեթեւ պատճառի դեպքում տույժ-տուգանքներ վճարել: Օրինակ՝ եթե վաճառականն օրերից մի օր իր կրպակի կողպեքը մոռանա փակել կամ ինչ-ինչ պատճառներով լավ չփակի՝ պետք է տոնավաճառի տնօրինությանը 12 հազար դրամ վճարի: Նույնքան տուգանք է նախատեսված նաեւ «քնկոտ» առեւտրականների համար, որովհետեւ, եթե նա առավոտյան 9.30-ից անգամ 1 րոպե ուշացած գա՝ կամ պետք է այդ օրն ընդհանրապես չաշխատի, կամ մուծի տուգանք՝ ուշանալու համար:

Բոլոր տոնավաճառներում ընդունված է օրավարձով աշխատող պահելը: Մարդը ֆիզիկապես չի կարող միաժամանակ ե՛ւ մեկնել արտերկիր՝ ապրանք ներմուծելու, ե՛ւ տոնավաճառում կանգնել, ուստի պետք է աշխատող վարձի կամ հարազատ-բարեկամին խնդրի, որ իր փոխարեն կրպակին տիրություն անի եւ առեւտրով զբաղվի: Սակայն Մալաթիայի տոնավաճառում կրպակատերերին նման դեպքերում դարձյալ տուգանք է սպասվում՝ 12 հազար դրամ:

Տուգանքների շարանը այսպես կարելի է երկար շարունակել, բայց ամենաանհավանականն այս տոնավաճառի պատժիչ մեխանիզմներն են, որոնք կիրառվում են տուգանքը վճարել չցանկացող վաճառականների նկատմամբ: Օրինակ՝ այստեղ առեւտրականներին, լինի կին թե տղամարդ՝ ստիպում են աշխատանքային օրվա ավարտից հետո 15 օր կամ մեկ ամիս (նայած, թե ինչ «մեղք» է գործել) մնալ ու ավլել տոնավաճառի հսկայական տարածքը, թափել աղբակույտը, բահով մաքրել շարքերի ձյունը եւ այլն:

Այս ամենը հաշվի առնելով՝ հարկային մարմինները թող իրենք համեմատեն ու տեսնեն՝ տարբերություն կա՞ տոնավաճառում աշխատողի եւ առանձին կրպակատերի միջեւ եւ արդարացի՞ է, որ նրանք երկուսն էլ, որպես անհատ ձեռներեց, նույնքան հարկ վճարեն:

Հիշեցնենք, որ տոնավաճառները մեր երկրում հաստատագրված հարկով են աշխատում, եւ եթե հարկայինն ուզում է տոնավաճառները ստվերից հանել՝ նախ անհրաժեշտ է այդ գործընթացը սկսել տոնավաճառի տնօրինության վճարած հարկատեսակը փոխելուց, որպեսզի նրանք էլ իրենց տուգանքներով եւ եկամուտներով հանդերձ մտնեն հարկային դաշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել