Լրահոս
Օրվա լրահոսը

«Վագրը» Վարուդակիին էլ է ցնցել

Մարտ 21,2007 00:00

Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության մասին պատկերացում չունի՞

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմենե Վարուդակին մոտ մեկ շաբաթ է, ինչ եկել է Հայաստան եւ արդեն ցնցող տպավորություններ ունի մեր երկրի տնտեսության մասին: Նա օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ էր հանդիպել եւ այնպիսի խանդավառությամբ ներկայացրել մեր երկրի տնտեսության մասին իր բարձր կարծիքը, որ կարելի էր մտածել՝ նա խոսում էր ոչ թե գործազուրկների եւ աղքատների բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանի, այլ Շվեյցարիայի մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» նորանշանակ ՀԲ ղեկավարից հետաքրքրվեց, թե նման «ապակողմնորոշիչ» ինֆորմացիան ո՞ր աղբյուրից է ստացել՝ ՀԲ գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի՞ց: Ինչին ի պատասխան՝ պարոն Վարուդակին պարզաբանեց. «Ես ուղղակի ուսումնասիրելով իրավիճակը, իմ սեփական կարծիքն եմ հայտնել»: Ինչ վերաբերում է Ռոբինսոնին՝ ՀԲ-ի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը նրան նույնիսկ չի էլ ճանաչում:

Երեկ Համաշխարհային բանկը ներկայացրեց Հայաստանի տնտեսության մասին պատմող հերթական զեկույցներից մեկը, որը կոչվում է՝ «Հայաստան՝ կովկասյան վագր: Կայուն տնտեսական աճի պահպանման քաղաքականությունները»: Հավանաբար, մեր երկրի վագրային թռիչքներով տնտեսության մասին պարոն Վարուդակիի պատկերացումները հենց այդ զեկույցի հիման վրա են ստեղծվել: ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնտեսագետ Սաումյա Միտրան, արդարացնելու համար, որ Հայաստանն իսկապես «վագրի» կոչմանը լրիվ արժանի է, սկսեց մեկնաբանել, թե երկրները որ դեպքում են «վագր» համարվում. «Այն երկրները, որտեղ 10 տարի անընդմեջ արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ, բնակչության աղքատության մակարդակի կտրուկ նվազում՝ «վագր» են»: Իսկ որ մեր երկիրը 10 տարի շարունակ այդպիսի ցուցանիշ է արձանագրել՝ Համաշխարհային բանկը կասկած անգամ չունի:

Ըստ զեկույցի, «Խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է վերագտել իրեն, քան ԱՊՀ մնացած երկրները. «Եթե 1998-ին աղքատության թիվը Հայաստանում կազմում էր 56%, ապա այժմ այդ ցուցանիշը հազիվ 30% է կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել