Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքերի օգնությամբ եմ ծխում ու ջուր խմում»

Մարտ 21,2007 00:00

\"\"Սամվել Հարությունյանը 20 տարի զբաղվում է յոգայով, սրեր կուլ տալիս, օրիգինալ վարժություններ անում:

«Յոգան այնպիսի բան է, որ մարդ սովորում է ոչ թե ցուցադրելու, այլ իր հոգեւոր-ֆիզիկական աշխարհը կոփելու նպատակով: Այդ մեր օրերում է այն շատերի, այդ թվում ինձ համար դարձել ընդամենը փող աշխատելու միջոց»,- ասում է Սամվել Հարությունյանը, որը պայմանագրային հիմունքներով աշխատում է նաեւ Երեւանի կրկեսում: «Այսօր Հայաստանում պայմաններ չկան, դրա համար էլ 15 տարի թափառաշրջիկի կյանք եմ վարում՝ արտերկրում ցուցադրելով իմ արվեստը: Աշխատել եմ բոլոր ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Մալայզիայում, Արաբական Միացյալ էմիրություններում, Թուրքիայում, Իրանում, Սիրիայում: Դրսի արտիստների շարքում եթե առաջինը չեմ, ապա վերջինն էլ չեմ: Հյուրախաղերից չեմ բողոքում, հանդիսատեսն էլ գոհ է հեռանում»,- հայտնեց Ս. Հարությունյանը: Ըստ նրա, որոշ երկրներում գնահատում են գիմնաստիկայի ու ակրոբատիկայի տարրերով, որոշներում էլ՝ կենդանիների հետ համարները: Սամվելի լավագույն համարը, սակայն, սրերով ներկայացումն է: «Մի քանի սուր եմ կուլ տալիս, մտցնում կոկորդիս մեջ՝ մինչեւ 50 սմ»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք վտանգավոր չէ, արտիստը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Հաճախ ուտելիքն էլ է վտանգավոր, հետո՞ ինչ»: Եղել է, որ այս կամ այն վարժությունն առաջին անգամ փորձելիս վնասվել է, հարազատները հորդորել են ձեռնպահ մնալ որոշ համարներ ցուցադրելուց: «Բայց ինչ կարող եմ անել, դա իմ հացն է, իմ ապրելակերպը»,- ասում է Ս. Հարությունյանը: Նա մի այլ ժանրում էլ է աշխատում՝ ոտքերով սիգարետ է ծխում, ջուր խմում, նկարում: Իսկ դա, ըստ արտիստի, այնքան էլ հեշտ չէ՝ «պետք է ամեն մկանի մասնիկ զարգացնել»:

Ս. Հարությունյանը, անդրադառնալով յոգային, նշեց, որ այդ ասպարեզում գիտելիքները խորացրել է Հնդկաստանում. «Յոգայի հայրենիքն ու մայրենիքը Հնդկաստանն է: Այդ երկրում շատ եմ աշխատել, այնտեղ եմ փորձ ու փորձառություն ձեռք բերել»:

Խորհրդային տարիներին Սամվելը կարատեով է զբաղվել, դասավանդել մարզադպրոցում: Ասում է՝ մի 20 տարի առաջ՝ 20-25 տարեկանում, կարողանում էր քարեր կոտրել գլխով եւ կրծքով:

Այժմ Երեւանի կրկեսում աշխատում է մի համարի վրա, որտեղ կենդանիներ են լինելու: «Պատրաստ եմ գիշատիչներով համար սարքել, որ ոչ թե միայն դրսից նման բաներ ցուցադրող արտիստներ հրավիրենք ու մեծ գումար ծախսենք, այլեւ մերն ունենանք»,- ասում է Ս. Հարությունյանը: Նա հավաստիացնում է, որ գիտի գիշատիչների «հոգեբանությունը»: «Գիշատիչները լսող են դառնում, երբ լավ ես կերակրում: Նրանք զգում են քո սերը: Երբեմն կենդանին կարող է սիրահարվել կենդանավարժին եւ խանդել նրա ընտանիքի անդամներին: Ոմանք ծեծելով են վարժեցնում գազաններին, բայց դա ճիշտ մեթոդ չէ: Գիշատիչները քինախնդիր են, վաղ թե ուշ կարող են վրեժ լուծել: Էգերին ավելի հեշտ է վարժեցնելը. նրանց «փափկացնում» է մայրական բնազդը: Իսկ արուներն ավելի ագրեսիվ են՝ միշտ հարձակվելու կամ պաշտպանվելու բնազդով պայմանավորված»,- իր փորձից ելնելով պարզաբանեց կրկեսային արտիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել