Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԶԵՆՔՆ ԷԼ ԻՄ ՓԱՅՏԻԿՆ Է»

Ապրիլ 17,2007 00:00

\"\"Հայտարարում է գովազդային վահանակներին տեղ չգտած Հովհաննես Չեքիջյանը

Այս տարի լրանում է Հայաստանի պետական երգչախմբի 70-ամյակը: Վերջին 46 տարին երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը:

Հոբելյանի կապակցությամբ երգչախումբն իրականացնում է միջոցառումների շարք՝ ապրիլի 19-ից հունիսի 10-ը: Առաջին համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական երգչախումբը, մենակատարների եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կներկայացնի Վերդիի «Նաբուկո» օպերայի համերգային կատարումը:

Հոբելյանի առիթով «Առավոտը» հանդիպեց Հովհ. Չեքիջյանին:

Նա՝ Փարիզի «Էկոլ նորմալ դը մուզիք» կոնսերվատորիան ավարտած խմբավարը, իր ծննդավայր Ստամբուլի 1958թ. հիմնված օպերային թատրոնում նախ աշխատել է որպես երաժշտական մասի ղեկավար ու միաժամանակ Ստամբուլի պետական երգչախմբի դիրիժորի օգնական, իսկ 1960-ից՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար: Այսինքն՝ ծննդավայրում Հովհ. Չեքիջյանն ուներ ներկայանալի աշխատանք: Թե ինչպե՞ս ստացվեց 1961թ. նրա Հայաստան գալն ու հիմնավորվելը, մեր զրուցակիցը հիշեց. «Այդ տարիներին Թուրքիան չէր փայլում դասական արվեստի ներկայացուցիչներով, էլ չեմ խոսում, որ հատուկենտ էին Եվրոպայում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացածները: Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանի կնոջ (անունը չհիշեց- Ս. Դ.), որ երգչախմբային արվեստի մոլի սիրահար էր, միջնորդությամբ էլ 1961թ. սեպտեմբերին ինձ հրավիրեցին Մոսկվա՝ խոստանալով ապահովել աշխատանքով եւ կեցության պայմաններով: Բայց քանի որ այդ քաղաքում լավ չէի զգում, նաեւ ռուսերեն չգիտեի, գերադասեցի հաստատվել Հայաստանում: Ժամանակին ձայնագրություններով լսել էի Արամ Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի երգչախմբի բարձրարվեստ կատարումները: Համառորեն մերժեցի ռուսներին ու եկա հայրենիք: Կապելայի հետ առաջին բեմելս կայացավ 1961թ. նոյեմբերի 27-ին»:

Հովհ. Չեքիջյանին հարցրինք, թե խորհրդային տարիներին աշխարհի լավագույն բեմերում իր ղեկավարությամբ հանդես եկած երգչախմբի գործունեությունը ինչո՞ւ է վերջին տարիներին պասիվացել՝ արդեն քանի տարի է մենահամերգ չեն ունենում, հիմնականում հանդես են գալիս Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Խմբավարը դա պատճառաբանեց հովանավորների բացակայությամբ:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս հասկանալ, որ Հայաստանում եզակի պետական երգչախմբին մշակույթի նախարարությունը թեւութիկունք չի կանգնում, Չեքիջյանի պատասխանը կարճ էր. «Նախարարության տված փողն այնքան է, որ կարծես ուղտին գդալով ջուր տան»: Հյուրախաղերի սակավության վերաբերյալ էլ մաեստրոն պատասխանեց. «Հասկանում եմ, որ հովանավորները ձեռք են մեկնում ոչ պետականներին: Իսկ եթե կոլեկտիվը պետական է, ուրեմն պետք է ունենա ֆինանսական բավարար միջոցներ նաեւ հյուրախաղերի կազմակերպման համար: Ընդամենը մի քանի ակադեմիական կոլեկտիվ կա՝ Ազգային օպերային եւ Սունդուկյանի անվան թատրոնները, Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մեր երգչախումբը: Համոզված եմ՝ պետությունը այս մի քանի կոլեկտիվներին հովանավորելու հնարավորություն հաստատ ունի»:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ոչ մի անգամ խմբավարի մեջ ցանկություն չի առաջացել դառնալ պատգամավոր, ինչը գուցե հնարավորություն կտար լուծել երգչախմբի խնդիրները: Հովհ. Չեքիջյանն ասաց. «Իհարկե, մշակույթին վերաբերող հարցեր կան, որ պետք է մտնեն Ազգային ժողով, բայց դեպուտատ դառնալը իմ սկզբունքներին դեմ է»: Խմբավարին հայտնեցինք ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի մտահոգությունը՝ Երեւանով մեկ սփռված «Իմ զենքն իմ… է» մակագրություններով վահանակների մասին, որոնց վրա կան նաեւ արվեստագետների նկարներ: Վերջիններից ոմանք, դերասանուհու ձեւակերպմամբ՝ «բնավ էլ մեր երկրի դեմքը չեն»: Այս առիթով էլ Հովհ. Չեքիջյանն ասաց. «Է՜, ի՞նչ անենք, իմ զենքն էլ իմ փայտիկն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել