Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է նոր տնտեսական քաղաքականություն»

Ապրիլ 18,2007 00:00

Վստահ է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդական Արա Նռանյանը

– Այս օրերին դուք ընտրողին եք ներկայացնում ձեր ծրագրերը, սակայն, սովորաբար, շարքային ընտրողին չեն հետաքրքրում գաղափարական, ծրագրային հարցերը, շարքային ընտրողն այսօր ավելի հակված է ճշտել, թե կոնկրետ ի՞նչ է ստանալու այս կամ այն ուժից:

– Դաշնակցության տնտեսական ծրագիրը, ի տարբերություն շատ այլ ծրագրերի, ուղղակի գեղեցիկ խոսքեր չէ, եւ յուրաքանչյուր բաժին նոր տնտեսական քաղաքականության կոնցեպցիայի մաս է կազմում, դա առաջարկություն է, որը մենք ներկայացնում ենք հասարակությանը, ընտրողներին, պետությանը: Մեր գնահատականներով, ներկայումս արդեն ավարտին է մոտեցել մեր երկրի տնտեսության վերականգնողական շրջանը, որը 97-98-ից է սկսվել: Այս ընթացքում իրականացվել են ենթակառուցվածքների զարգացում, տրանսպորտային ուղիների, տնտեսական կապերի վերականգնում, ներքին եւ արտաքին մի շարք խնդիրներ եւս լուծվեցին: Եվ այս ամենով են պայմանավորված տնտեսական աճը, կենսամակարդակի բարձրացումը՝ վերջին 10 տարիներին: Սակայն մեզ համար միանշանակ է, որ զարգացման այդ փուլն իր ռեսուրսներն արդեն սպառել է: 13,4-ի չափով տնտեսական աճ ունենք, սակայն անկում ունենք արդյունաբերության ոլորտում, արտադրական էներգիայի ծավալներում, փոխարենն ունենք 37 տոկոսի աճ շինարարության ոլորտում: Այս ամենը վկայում է, որ տնտեսության աճը իրականացվել է հիմնականում ենթակառուցվածքների հաշվին:

– Եվ դուք կարծում եք, որ միայն Դաշնակցությո՞ւնն է ի վիճակի ապահովել այդ նոր տնտեսական աճը:

– Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է դեմ լինել Հայաստանի տնտեսության զարգացմանը, սակայն մենք ներկայացնում ենք ամբողջական մոտեցում: Մենք ուշադիր հետեւում ենք բոլոր ուժերի տնտեսական ծրագրերին. ըստ էության՝ դրանք առանձին բաժիններ են, ցանկություններ են, բայց ամբողջական պատկերը չի տրվում: Մենք դեռ 2-3 տարի առաջ ասացինք, որ եթե Հայաստանը ուզում է շարունակել տնտեսական աճը, ապա պետք է ապահովի ներքին արտադրության խրախուսումը եւ արտահանման աճը. դա է Հայաստանի ապագան: Մենք կարծում ենք, որ նոր կառավարությունը, նոր ԱԺ-ն պետք է որդեգրեն նոր քաղաքականություն եւ մշակեն տնտեսության զարգացման նոր ծրագիր:

– Դուք այդ ամենը ներկայացնում եք ընտրողներին եւ կարծում եք՝ դա շարքային ընտրողին հետաքրքրո՞ւմ է, իմ կարծիքով՝ չի հետաքրքրում:

– Պարտադիր չէ, որ բոլորի համար հետաքրքիր լինի, հասարակությանը հետաքրքրում է միայն դրա ռեալ արդյունքը: Մենք, մասնագիտական վերլուծություններին զուգահեռ, ներկայացնում ենք նաեւ ռեալ արդյունքներ, ռեալ թվեր, որոնք ակնկալում ենք նորմալ տնտեսական քաղաքականություն իրականացնելու արդյունքում: Իսկ այդ թվերն արդեն հասարակությանը հետաքրքրում են:

– Հիմա դուք կասեք, որ ՀՅԴ-ն այդ խոստումները կկատարի ամբողջական իշխանություն ձեւավորելու դեպքում միայն:

– Խնդիրն այն է, որ տնտեսական քաղաքականությունը կարելի է փոխել ԱԺ-ում եւ կառավարությունում մեծ կշիռ ունենալու դեպքում: Չի բացառվում, որ առաջիկա կառավարությունում այլ քաղաքական ուժեր եւս կընդունեն եւ կհամաձայնեն իրականացնել ամբողջական տնտեսական քաղաքականություն, որը լուրջ արդյունքների կհանգեցնի: Բայց մենք այդ առաջարկությունները անելու ենք անկախ նրանից՝ մե՞նք կլինենք իշխող ուժը, թե՞ կունենանք ավելի պակաս ձայն: Մենք գտնում ենք, որ արդեն 2008-ի պետական բյուջեում 50 հազար դրամ նվազագույն աշխատավարձը կարելի է սահմանել, կներկայացնենք հաշվարկներ: Պատկերացրեք, որ այս թվերը թեեւ հասարակության համար ֆանտաստիկ են թվում, բայց ծրագրի իրականացման համար այնքան էլ մեծ գումարներ հարկավոր չեն, ընդամենը ցանկություն է հարկավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել