Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտություններ՝ ընտրական թեմաներով

Մայիս 15,2007 00:00

\"\"Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ԵՄԱ-ն ու «Թիմը» ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էր հրավիրել «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն ստացել է իր կանխատեսածից ավելի՝ 450000 ձայն: Պատճառն էլ, ըստ սոցիոլոգի, այն է, որ կուսակցությունը գրագետ է աշխատել ու ձայներ տարել ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Սոցիոլոգը կարծում է նաեւ, որ ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր նրա «կազմակերպչական ռեսուրսներով» եւ «կարգավորված հետադարձ կապով»: Ըստ սոցիոլոգի, սպասվածից ավելի ձայն է ստացել նաեւ ՀՅԴ-ն, մինչդեռ՝ «10 տոկոսից ավելի ձայն չպետք է ստանար»: Նա կասկածի տակ դրեց ԲՀԿ-ի՝ 370000 անդամ ունենալու դեպքում 202000 ձայն ստանալը, որովհետեւ «իրականում ԲՀԿ-ն ունի առավելագույնը 100000 անդամ»: «Սոցիոմետրի» ղեկավարը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում «հօդս է ցնդել» ընտրողների ձայների 25%-ը՝ հավելելով, որ «թեեւ այս ընտրությունները նախորդներից ավելի լավ էին կազմակերպված, սակայն ինձ որպես քաղաքացու դրանց արդյունքը չի գոհացնում»: Սոցիոլոգը նաեւ կարծիք հայտնեց, թե ճիշտ կլիներ, եթե ԱԺ-ում լիներ ոչ թե 5, այլ 8-9 կուսակցություն: Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծված լինելու մասին ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, դրանք Ահարոն Ադիբեկյանի ձեւակերպմամբ՝ ճվճվոց են:

Նույն օրը «Ուրբաթ» ակումբում հրավիրված երկրորդ ասուլիսը վերաբերում էր «Թիմ» հետազոտությունների կենտրոնի եւ ԵՄԱ-ի կողմից դիտարկված Հայաստանում հեռարձակվող ու տպագիր 18 ԶԼՄ-ներին («Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «Ար», «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ այլն), որոնք լուսաբանել են կուսակցությունների քարոզարշավները: Ապրիլի 8-ից մայիսի 10-ը ընկած ժամանակաշրջանում դիտարկման խնդիր էր դարձել այն, թե ԶԼՄ-ները որքանով են ազատ ու անկողմնակալ՝ ընտրազանգվածին տեղեկություններ տրամադրելու հարցում: Դիտարկող խումբը արձանագրել է, որ կուսակցությունների նախընտրական քարոզչության լուսաբանումը ապրիլի 8-ից մայիսի 10-ը ընկած ժամանակաշրջանում եղել է հավասարակշռված: Պարզվել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում եթերում ամենից շատ երեւացել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այս կապակցությամբ ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանը լրագրողներին ասաց. «Ընտրությունների արդյունքները 70-80%-ով համապատասխանում են լուսաբանման ծավալներին: Հաղթել են այն կուսակցությունները, ովքեր շատ են երեւացել եթերում: Սա նշանակում է, որ ընտրություններում հաղթել են նրանք, ովքեր տիրապետում են լրատվամիջոցներին»: Մյուս կողմից էլ, ըստ դիտարկող խմբի, եթե որեւէ քաղաքական ուժ դուրս է մնացել հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրությունից, ապա վերջինս պայմանավորված է եղել տվյալ կուսակցության պասիվությամբ: Դիտարկող խմբի կարծիքով, նախընտրական քարոզչության ընթացքում, օրինակ, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իրենց հայտնի լծակների շնորհիվ կարողացել են ազդել հեռուստաընկերությունների վրա՝ նրանց մասին հիշատակումների հաշվեկշիռը ընդգծված դրական է, իսկ, օրինակ, ՕԵԿ-ի դեպքում՝ խիստ բացասական: Դիտարկման արդյունքներից պարզ է դարձել նաեւ, որ «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցություններն ու «Իմպիչմենտ» դաշինքը, չնայած իրենց ակտիվ քարոզչությանը, 10 անգամ ավելի քիչ են լուսաբանվել, քան ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Ու եթե ՕԵԿ-ի դեպքում հաշվեկշիռը պայմանավորվել է բրիտանացի դիվանագետի եւ կուսակցության առաջնորդ Ա. Բաղդասարյանի հետ ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությամբ ու վերջինիս հետ կապված սկանդալով, ապա մյուս երեք կուսակցությունների բացասական լուսաբանման պատճառ է հանդիսացել մայիսի 9-ի հանրահավաքից հետո ոստիկանության հետ բախումը: Դիտարկող խմբի անդամները փաստեցին, որ «Առավոտը» հետազոտված թերթերից միակն էր, որի տարածքները կուսակցությունները օգտագործել են վճարովի եթերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել