Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Անահիտ Չարենցի հետ

Մայիս 24,2007 00:00

Երեկ Եղիշե Չարենցի դուստրը ԵՊՀ ուսանողներին պատմեց հոր եւ իրենց ընտանիքի ճակատագրի մասին:

«Քո անունի, Չարենց, գնահատանքն է արեւ, եւ բառը՝ հանճարեղ»,- երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում բանաստեղծի այս տողով ուսանողների հետ հանդիպումը բացեց նրա դուստրը՝ Անահիտ Չարենցը: Նա արտերկրից Հայաստան է ժամանել բանաստեղծի 110-ամյակին նվիրված՝ չարենցյան ընթերցումների առիթով:

Ա. Չարենցը թախիծով նշեց. «Չարենցին ապրել եմ առանց տեսնելու: Հորիցս զրկվել եմ երկու տարեկանում: Ես մի ընթերցող էի, ով կարիք ուներ Չարենցի ժամանակակիցների օգնությանը, որ պատկերացներ, թե ինչպես է նա ապրել ու ստեղծագործել: Ցավոք, Չարենցը եւ ազգայնական համարվող այլ մտավորականներ այդ տարիներին հռչակվել էին ժողովրդի թշնամի, ու ոչ ոք իրավունք չուներ խոսել նրանց մասին, կարդալ նրանց գրքերը»: Տիկին Անահիտը խոսեց այսօրվա երիտասարդների մասին. «Հայ երիտասարդությունը ոչ թե չի կարդում կամ չգիտի Չարենցին, այլ չգիտի՝ ինչ է 37-ի ֆենոմենը: 1937թ. հայ մտավորականությանը գլխատեցին, ինչպես 1915-ին: 1937թ. 40-ամյա Չարենցին բանտարկեցին, մի քանի ամիս հետո էլ՝ մորս: Դրա մասին չիմանալով՝ հայրս բանտից գրեց. «Սիրելի Իզաբելլա, դու մենակ չես, քեզ նման հազարավորներն են այսպես տառապում, ինչ էլ անեն՝ ամուր եղիր, բարեկամս: Չէ՞ որ մենակ չենք մենք: 1000 անգամ համբուրում եմ երեխաներին ու քեզ»: Չարենցի դուստրը հիշեց իր դպրոցական տարիները. «Մեր դպրոցի տնօրենը հաճախ ինձ իր սենյակ էր տանում, խնդրում, որ Չարենցի բանաստեղծություններից անգիր ասեմ: Ուսուցիչներից 5-6 հոգի էլ հավաքվում ու ինձ էին լսում: Դռան ետեւում ֆիզկուլտուրայի ուսուցչին էին կանգնեցնում: Սկզբում մտածում էի, թե հսկում է, որ չխանգարեն ասմունքս: Տարիներ հետո հասկացա, որ նա հետեւում էր, որպեսզի ոչ ոք չիմանա այդ մասին»: Տպավորվել է նաեւ այն օրը, երբ Անահիտ Չարենցը 5 տարեկանում բեմից արտասանել է Նաիրի Զարյանի «Ստալին» բանաստեղծությունը, իսկ դահլիճը հուզվել է, քանի որ փոքրիկը մի մարդու գովքն էր կարդում, ով ոչ միայն իր ընտանիքի, այլեւ ժողովրդի լավագույն անհատների դահիճն է եղել: Բուհ ընդունվելիս քննող հանձնաժողովը Անահիտ Չարենցին զարմանքով է վերաբերվել՝ լսելով ազգանունը, իսկ քննության ընթացքում մի երիտասարդ, իմանալով իր ով լինելը, ծածկագիր է առաջարկել ու օգնել առաջադրանքը կատարելիս:

Երեկ ԵՊՀ ուսանողներին հետաքրքրեց, թե Չարենցի դուստրը «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության մեջ «բա՞ռը», թե՞ «բարն» է ճիշտ համարում: «Բանաստեղծության ձեռագիրը չի պահպանվել, բայց ռուսերեն թարգմանության բնագրում գրված է «սլովո»: Բանաստեղծությունը հեղինակի կենդանության օրոք տպագրվել է «բառ» տարբերակով»,- ասաց Ա. Չարենցը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը ցավով փաստեց. «Չարենցի ժամանակը դեռ չի եկել: Առաջին Հանրապետության օրոք հետապնդում էին նրան, երկրորդի օրոք՝ կոմունիստներն էին հալածում: Թվում էր, թե Երրորդ Հանրապետությունն է Չարենցի ժամանակը: Սակայն այդ տարիներին էլ Ազգային ժողովում տիտղոսավոր մեկը չար խոսք ասաց Չարենցի հասցեին եւ հաջորդ օրն իսկ նրա տուն թանգարանի ապակու վրա քար նետեցին, նաեւ Գառնիի ճանապարհի Չարենցի կամարը պայթեցնելու փորձ արվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել