Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունիս 13,2007 00:00

\"\"Պատասխանի 4 ճիշտ տարբերակներով

Հայաստանում վաղուց ի վեր շարունակում է գործել «ճիշտը մի քանիսն է» սկզբունքը: Կա տնտեսության երկնիշ թվերով առաջընթացի ճիշտ եւ խորը աղքատության եզրում գտնվող քաղաքացիների ճիշտ: Կա պաշտոնյաների՝ Երեւանի գլխավոր ճարտարապետների ճիշտ, որով Երեւանի շինարարությունը ներկայացվում է որպես ճարտարապետության հաղթարշավ, եւ մասնագետների ու երեւանցիների ճիշտ, որով ճիշտ հակառակը՝ փաստվում է Երեւանի դեմքի կորուստ: Կա շրջակա միջավայրի պաշտպանության նախարարների ճիշտ, որի հիմքում այն երդումներն են, թե Հայաստանում ծառատունկեր են կազմակերպվում, իսկ ծառահատումները սանիտարական են, եւ կա հենց Երեւանում ծառերը կտրելու ճիշտ, որի շնորհիվ նոսրանում են կանաչ տարածքները, իսկ Հայաստանում՝ անտառները։ Կա վերջապես ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իշխանության ճիշտ երդում եւ «Ա1+»-ի փակման-չբացման եւ ընտրանքային դատավարությունների ճիշտ, ընտրությունների ընթացքում 1995 թվականից ի վեր հաստատված ընտրողների ճիշտ եւ իշխանության ճիշտ, երկու հանրաքվեներին «ոչ» ասելու ճիշտ եւ այդ հանրաքվեները շոուի վերածած իշխանությունների «այո» դարձրած ճիշտ, կամ ավելի ճիշտ՝ քվեները հաշվողների ճիշտը:

Այս համատեքստում, մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ ԿԳ նախարարության հայոց լեզվից քննական թեստերին անցման նախաձեռնությանը: Այն կիրառելը հիմնավորելիս պաշտոնյաները, մասնավորապես, հղում են կատարում ոչ անգլիախոս ուսանողների համար նախատեսված անգլերեն լեզվի թեստերին (TOEFL): Վերջինիս սկզբունքը հիմնված է սուբյեկտիվիզմի բացառման վրա: Այդ թեստերում մշակված է ցանկացած հարցի միայն մեկ եւ միակ ճիշտ պատասխանի տարբերակը եւ հաջողությամբ կիրառվում է ահա մի քանի տասնամյակ: ԿԳ նախարարությունը, նպատակ ունենալով վերացնել քննության ընթացքում սուբյեկտիվությունը, այսինքն՝ ցուցաբերել համակարգված մոտեցում մեկ ճիշտ բացահայտելու համար, նույնպես որոշեց անցնել թեստային համակարգին, որը, ըստ էության, պետք է օբյեկտիվորեն պարզեր շրջանավարտ-դիմորդների գիտելիքները: Չմոռանանք նշել, որ գոյություն ունեն TOEFL-ի անհամար եւ մոտավորապես միեւնույն դժվարության թեստեր, որոնք հանձնողները ուզածդ քանակով կարող են ձեռք բերել եւ պարապել կամ վարժվել, քանի որ հանրահայտ է, որ թեստերը հաջող հանձնելու գրավական են ոչ միայն հանձնողների գիտելիքները, այլեւ բուն թեստերին վարժվելու հմտությունները: Այսինքն՝ թեստեր հանձնելու հաջողությունը մեծապես կախված է նաեւ, թե քանի՞ թեստ է լուծել հանձնողը մինչեւ քննությունները: Այս տարվա շրջանավարտները սկզբից եւեթ բախվեցին այն իրականության հետ, երբ չնայած թեստերին անցմանը, շրջանառության մեջ կային ընդամենը մի քանի թեստեր, որոնք ինչ-որ անձերի նախաձեռնությամբ կազմված կասկածելի մակարդակի եւ ճշտության թեստեր էին: Այդուհանդերձ, դրանք գնելը եւ ձեռք բերելը համարվում էր մեծ հաջողություն:

Հասկանալի էր, որ դիմորդներին եւ նրանց ծնողներին քննությունից հետո հետաքրքրում էր մեկ հարց. ի՞նչ միավորներ էին նախատեսված յուրաքանչյուր հարցի լուծման համար: Քննության հաջորդ օրերին վրա հասավ տեղեկատվության սովը: Դիմորդներից շատերը եթե գիտեին էլ, թե քանիսն էին իրենց կատարած սխալները՝ յուրաքանչյուրը հիմնվելով գիտելիքների տարբեր մակարդակ ունեցող ծանոթ-բարեկամ-մասնագետ-կրկնուսույցների ճշտի վրա, բայց չգիտեին թե որքա՞ն է մեկ սխալ (կամ ճիշտ) պատասխանի միավորը: Վերջապես ԿԳ փոխնախարարը իր հեռուստաելույթում հայտնեց, որ մեկ միավորի արժեքը լինելու է 0.2: Դրան անմիջապես հաջորդեց բամբասանքա-տեղեկատվական հերքումը: Մեկ շաբաթ անընդհատ տարբեր ասեկոսեներով (իմա՝ ճշտերով) հերքվում էին փոխնախարարի հայտարարած ճիշտը: Այն է՝ մեկ սխալ պատասխանի համար 20 միավորից հանելու են մե՛կ 0.3, մե՛կ 0.1, հետո էլ թե՝ առաջին տասը հարցի առնվազն մեկ սխալ պատասխանը դիմորդի վրա «կնստեր» ամբողջ մեկ միավոր հանելով: Որեւէ պաշտոնյա ո՛չ հաստատում, ո՛չ հերքում էր բամբասանքները: Քննական թեստերը գրելուց հետո սկսվեց նախարարության մեջ ծանոթներ եւ բարեկամներ գտնելու գործընթացը, որպեսզի ստացվեր սպառիչ տեղեկատվություն այն հարցին, թե, ի վերջո, որքա՞ն միավոր էր կազմելու մեկ հարցը: Սա եւս անձնական ճարպկության՝ «եղունգ ունես…»-ի վրա էր թողնված:

Միաժամանակ սկսվեց քննական թեստերի քննադատությունը: Դրանք մասնագիտական վեճերի առարկա հանդիսացան: Այսինքն՝ կար թեստեր գրողի կամ նախարարության ճիշտ եւ մասնագիտական որոշակի միջավայրի ճիշտ, որով հիմնավորվում էր, որ թեստերի՝ մոտ մեկ տասնյակի հասնող հարցեր սխալ էին կազմված: Վերջապես փակցվեցին գնահատականների ցուցակները, որով հաստատվում էր մի նոր ճիշտ, այն է՝ մեկ սխալի միավորը ոչ թե 0.2 էր, ինչպես հայտարարվել էր փոխնախարարի կողմից, այլ 0.3: Եվ միաժամանակ երկրորդ զարմանքը՝ տրվում է բողոքարկման հնարավորություն։ Այսինքն՝ նախարարությունը չի բացառում թեստերում բազմաթիվ սխալների առկայությունը եւ հնարավորություն տալիս առաջ բրթել եւս մեկ ճիշտ՝ ծնողների ճիշտը։ Այսինքն՝ թեստերը դրվում են հանրաքվեի։ Թե մեզանում ինչ վերաբերմունք կա հանրաքվեների արդյունքների նկատմամբ՝ բոլորիս է հայտնի: Այսպիսով, նախարարությունը ցուցաբերեց չտեսնված-չլսված արհեստավարժություն, որի մեկ այլ անվանումն է «բազար» դիմորդների հետ, «բարիշելով»՝ «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով։ Մոտ մեկ տասնյակի հասնող սխալ հարցերի քանակը իջեցվեց երկուսի: Իմիջիայլոց, թե որ հարցերն էին վերանայվել՝ իմացվեց դարձյալ «եղունգ ունես…»-ի սկզբունքով:

Հարց նախարարությանը. այդ ո՞նց պարզվեց, որ հենց երկու հարցն է սխալ կազմված: Եվ եթե այն պարզ էր ի սկզբանե, ապա ինչու համար էր նախատեսված բողոքարկման շոու-հանրաքվեն:

Ուզում եմ հարցս ձեւակերպել իբրեւ թեստ եւ առաջարկել լուծել նախարարությանը:

Ի՞նչ նպատակ էր հետապնդում ՀՀ ԿԳ նախարարությունը 2007 թ. թեստային համակարգին անցնելիս:

1. Թոզ փչել Արեւմուտքի աչքերին՝ ֆինանսավորում պոկելու համար:

2. Թոզ փչել դիմորդների եւ նրանց ծնողների աչքերին՝ գոնե մի քիչ նախարարության ավանդական ցածր վարկանիշը վերականգնելու համար:

3. Թոզ փչել նոր ղեկավարության աչքին:

4. Ցուցադրել մի անգամ եւս նախարարության՝ որպես ՀՀ պետական օղակի անկարողությունը:

Ճիշտ պատասխան՝ պատասխանի չորս տարբերակներն էլ ճիշտ են:

Հ. Գ. Կյանքումս առաջին անգամ գրածիս տակ չեմ ստորագրում, քանի որ խորհրդային տարիների վախի եւ քենի մթնոլորտի «բարի ավանդույթներին վերադառնալու» միտում եմ նկատում: Այս անգամ, սակայն, այն կարող է սահմանափակվել դստերս հաջորդ քննություններին ցածր միավոր նշանակելու՝ նախարարության հնարավոր վրեժխնդրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930