Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան ջազը՝ կրկին Հայաստանում

Հունիս 15,2007 00:00

\"\"Արդեն 6-րդ անգամ հնարավորություն ունենք լսել որակյալ ջազ

Երեկ ԱՄՆ դեսպանատանը կայացավ ամերիկացի ջազ երաժիշտ Բոբբի Սանաբրիայի եւ Quarteto Ache քառյակի անդամների ասուլիսը: Quarteto Ache-ի կազմում են սաքսոֆոնահար Պիտեր Բրեյնինին, կոնտրաբասահար Ալեքս Հերնանդեզին եւ դաշնակահար Արմեն Դոնելյանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Ամերիկյան ջազը Հայաստանում» ամենամյա ծրագրին: Երաժիշտները Երեւանում կներկայացնեն աֆրո-կուբայական ջազ: Կուբայական արմատներով այս ուղղությունը ձեւավորվել է Նյու Յորքում՝ 1940-ականներին: Աֆրո-կուբայական ջազում, որը մասնագետների կողմից բնորոշվել է որպես դարաշրջանի ոսկե երաժշտություն, կուբայական ֆոլկլորային աշխույժ երաժշտության ռիթմերը միաձուլված են ժամանակակից ջազին:

Ամերիկացի երաժիշտները երեկ երեկոյան հանդես եկան «Աստրալ» ակումբում, իսկ այսօր կմասնակցեն «Ջազը Կասկադում» համերգին՝ միանալով հայ երաժիշտներին: Տեղեկացնենք, որ թմբկահար, կոմպոզիտոր եւ գործիքավորող Բոբբի Սանաբրիան Գրեմմի մրցանակի բազմակի հավակնորդ է: Նա թողարկել է բազմաթիվ ալբոմներ, հանդես է եկել ջազի եւ լատինամերիկյան երաժշտության աշխարհահռչակ ներկայացուցիչների հետ, որոնց թվում են Դիզի Գիլեսփին, Ռեյ Բարետոն, Հենրի Թրեդգիլը, Մոնգո Սանտամարիան, աֆրո-կուբայական ջազի կնքահայր Մարիո Բաուզան եւ այլք: Վերջերս էլ Բրոնքսի փառքի ուղիներում՝ փողոցներից մեկը կոչել են Բոբբի անունով: Բ. Սանաբրիան նաեւ ջազային կրթության միջազգային միության (IAJE) աֆրո-կուբայական ջազի հանձնախմբի նախագահն է եւ արդեն 14 տարի դասավանդում է Նյու Սքուլ Յունիվերսիթիում՝ նա նաեւ Manhattan school of music-ի պրոֆեսոր է:

Առաջին անգամ լինելով Հայաստանում, նա խոստովանեց, որ շատ է հավանել մեր երկիրն ու հատկապես հայուհիներին: «Երեկ մենք այցելեցինք թանգարաններ, Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վերջինս բավականին ազդեցիկ էր: Իսկ Մատենադարանում, որտեղ հնամյա արժեքներ տեսա՝ հուզվեցի»,- ասաց նա: Անդրադառնալով ջազին, հավելեց. «Ջազն իր ոճով ամենավարակիչ արվեստներից է, այն կարողանում է այլ մշակույթների հետ տարրեր փոխանակել՝ ջազը բազմամշակութային է: Ինչ վերաբերում է հայ ջազմեններին, նրանք շատ տաղանդավոր են, կարողանում են ավանգարդիստական մոտեցումներ հանդես բերել ջազում: Հիացած եմ հատկապես հայկական ջազի դուստր Տաթեւիկ Հովհաննիսյանով, ում հետ բախտ եմ ունեցել ելույթ ունենալ»: Բոբբի Սանաբրիան նշեց, որ հպարտ է նաեւ Արմեն Դոնելյանի հետ աշխատելու համար. «Երկուսով բազմաթիվ համերգներ ենք ունեցել, նաեւ այնպիսիք, որոնք նախատեսված էին երեխաների համար: Արմենի նման փորձառու դաշնակահարը ջազում ուղղակի անհրաժեշտություն է»:

Ա. Դոնելյանը որպես մենակատար-դաշնակահար հանդես է եկել շուրջ 25 երկրում, ձայնագրվել է իր իսկ ստեղծած կվինտետի ու տրիոյի կազմում՝ ջազի մի խումբ լեգենդար երաժիշտների հետ: Ժամանակին «Նյու Յորք Թայմսը» Ա. Դոնելյանին անվանել է «Բյուրեղի պես մաքուր կատարմամբ, դեպի ավանգարդը մեծ հակվածությամբ տաղանդավոր դաշնակահար»: Նա ունի 100-ից ավելի ստեղծագործություններ, դասավանդել է Կոպենհագենի, Լիսաբոնի, Փարիզի, Սանկտ Պետերբուրգի, Երեւանի, Թբիլիսիի, Ցյուրիխի կոնսերվատորիաներում: «Երբ ես փոքր էի, ծնողներս ինձ հաճախ տանում էին հայկական խնջույքների: Այնպես որ, հայկական երաժշտություն լսելով եմ մեծացել»,- նշեց հայազգի ջազմենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել