Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 18,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ երրորդ

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

– Դու էն տղեն չես, որին կնիկը դավաճանի,- մի քիչ մտածելուց հետո Շաբլովսկուն ասացի ես:

– Կնիկս է՛լ էդ կնիկը չի,- հառաչեց Շաբլովսկին:- Ես է՛լ եմ մտածում, որ հավատարիմ մնացած կըլնի. համենայն դեպս, նամակների տոնից ըտենց ա զգացվում:

– Իմ ասածն ես հաստատում,- ասացի ես:

– Մեծ աշխարհ ա,- հոգոց հանեց Շաբլովսկին:- Չորս տարին էլ քիչ ժամանակ չի:

– Պարզ ա,- ասացի ես:

– Ի՞նչն ա պարզ,- անսպասելի մռնչաց Շաբլովսկին:

– Հիմի արդեն պարզ ա՝ խի չես կարում քնես:

– Խի՞ չեմ կարում:

– Էսքան մտածմունքների ու էսքան կասկածների մեջ քնե՞լ կըլնի:

– Ոչ մի կասկած էլ չունեմ,- լրջացավ Շաբլովսկին:- Մեր տղերքն արդեն ազատության մեջ են, ընենց որ՝ ոչ մեկը չի կարա կնկաս ծուռ նայի: Համ էլ՝ իրա ախպերն է՛լ ա անունով ու հարգված տղա:

– Ո՞ւմ ախպերը:

– Աներձագս: Ինքն է՛լ ա քրոջ մեջքին կայնած:

– Բա ո՞նց ա թողել, որ քուրը հավաքարար աշխատի:

– Ե՛ս եմ թողել,- գոռաց Շաբլովսկին:- Ավելի լավ ա՝ իրա էրեխին իրա քրտինքով պահի, քան թե՝ սրա նրա ձեռին նայի:

– Բան չունեմ ասելու:

– Արդեն ասեցիր,- նեղսրտեց Շաբլովսկին:- Իսկական հայի պես ես մտածում:

– Ո՞նց եմ մտածում:

– Մտածում ես, որ հավաքարար աշխատելն ամոթ բան ա:

– Ես ըտենց բան չեմ ասել:

– Համարյա ասեցիր,- ասաց Շաբլովսկին.- ասելը պոզովպոչով ա՞ ըլնում:

– Եթե ասել եմ՝ ներողություն,- ասացի ես:

– Ներողության հարց չկա,- ասաց Շաբլովսկին.- ուղղակի ուզում եմ ասեմ՝ հավաքարար աշխատելն ամոթ բան չի:

– Ես է՛լ եմ էդ կարծիքին,- ասացի ես:

– Գողություն չի անում,- ասաց Շաբլովսկին.- գողություն անելն ա ամոթ բան:

Շաբլովսկու աջ ուսից ցած՝ ամբողջ թեւն արդեն արյունլվա էր, բայց ինքը երեւի ցավի զգացողությունից զուրկ էր եւ շարունակում էր խոսակցությունը՝ ավելի ու ավելի անկեղծանալով:

– Գողություն անելն իսկականից ամոթ բան ա,- կրկնեց Շաբլովսկին:

– Մի քիչ առաջ ասում էիր, որ գողի շնորհիվ ա դիսբատում կյանքդ դասավորվել:

– Առաջին հերթին՝ Աստծո՛ շնորհիվ,- ասաց Շաբլովսկին, հետո մտածեց, ավելացրեց.- գողն ու գողությունը լրիվ տարբեր բաներ են. կարող ա կյանքում ոչ մի անգամ գողություն արած չըլնես, բայց գող համարվես:

– Հաստա՞տ,- զարմացա ես:

– Հաստատ,- ասաց Շաբլովսկին:- Ու հակառակը. կարող ա գող չըլնես, բայց առավոտից իրիկուն գողություն անես:

– Հետաքրքիր ա,- ասացի ես:

– Էս բաների մասին շատ երկար եմ մտածել:

– Ամեն ինչի մասին մտածում ես. պարզ ա՝ չես քնի:

– Որ մտածվում ա՝ ո՞նց կարաս չմտածես,- հոգոց հանեց Շաբլովսկին:- Ուղեղը մտածելու համար ա մարդուն տված: Անասունից հենց դրանով ա տարբերվում:

– Բայց քնելու հաշվին չարժի մտածել,- ծիծաղեցի ես:

– Իզուր ես ծիծաղում,- հառաչեց Շաբլովսկին.- լացելու բան ա: Երեւի սաղ գիշեր կուշտ քնում ես:

– Հա,- կմկմացի ես:

– Երեւի ցերեկներն է՛լ ես արհեստանոցիդ դուռը ներսից փակում ու ցերեկներն է՛լ ես քնում:

– Մեկ-մեկ պատահում ա,- ժպտացի ես:

– Դրա համար էլ ձենդ տաք տեղից ա գալի,- նեղսրտեց Շաբլովսկին:- Հիմի մենակ քնողներին եմ նախանձում: Մտածում եմ՝ մի հատ ընենց դեղ ըլներ, որ խմեի ու ամիսուկես քնած մնայի. ամիսուկեսից զարթնեի ու սիկտիրս քաշեի տուն:

– Քնես չքնես՝ ամիսուկեսը կանցնի,- ասացի ես:

– Ասենք թե անցավ,- ասաց Շաբլովսկին.- բա հետո՞:

– Հետո կգնաս տուն՝ Տաշքենդ:

– Էդ էլ ուրիշ դարդ ա,- հոգոց հանեց Շաբլովսկին ու ավելացրեց.- որ գնացի տուն՝ ի՞նչ պիտի անեմ:

– Մի տեղ գործի կընդունվես՝ կաշխատես,- ասացի ես:

– Ի՞նչ պիտի աշխատեմ,- զարմացավ Շաբլովսկին.- պարապությանն ընենց եմ վարժվել, որ չեմ էլ պատկերացնում՝ ինչ գործ կարամ անեմ: Չորս տարի ա՝ մատս մատիս չեմ խփել, ավելի ճիշտ՝ իրեքուկես տարի. առաջին վեց ամիսը լավ էլ պախատ եմ արել. ձեր պես նվագելով ու նկարելով չեմ օրերս անցկացրել:

– Նկարելն է՛լ ա գործ,- ժպտացի ես:

– Նկարելը չգիտեմ, բայց էս որ նակոլկա ես անում՝ շատ ուժեղ գործ ա,- իր արյունլվա թեւին նայելով՝ ծիծաղեց Շաբլովսկին:

Ես իր թեւին մի մեծ խաչ էի արդեն ասեղով ծակծկել, ու արյունն արդեն չռռում էր, եւ դարակիցս տուշը հանելով՝ Շաբլովսկու թաշկինակը թաթախեցի տուշի մեջ, արյունոտ խաչը ծածկեցի տուշով, հետո թաշկինակի մաքուր մնացած մասը ջրի մեջ թրջեցի ու թեւի արյունը մաքրեցի:

– Պրծա՞ր,- հարցրեց Շաբլովսկին:

– Հա,- ասացի ես:

– Ե՞րբ կարամ լվամ:

– Թեւդ հիմի է՛լ կարաս լվաս, բայց խաչը վաղն առավոտ կլվաս. մինչեւ առավոտ տուշը պիտի լավ ներծծվի մաշկիդ մեջ:

– Դիսբատում մի հատ խախոլ կար, հատուկ շպրիցով էր նակոլկա անում,- ասաց Շաբլովսկին:

– Ես պրոֆեսիոնալ չեմ,- արդարացա ես:

– Էրեւում ա,- ժպտաց Շաբլովսկին.- սաղ թեւս արունլվա արիր:

– Շատ ցավա՞ց,- հարցրի ես:

– Համարյա ցավ չզգացի,- ասաց Շաբլովսկին:- Էդ խախոլն իսկական նակոլկի շպրիցով էր ծակծկում, բայց իրանն ավելի ցավոտ էր:

– Որովհետեւ իրա արածն իսկական գեղանկարչություն ա,- Շաբլովսկու մեջքին դաջված հսկայական վագրին նայելով՝ ծիծաղեցի ես:

– Մինչեւ էս վագրը վագր դառավ, հոգիս դուս էկավ,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Պարզ ա,- ժպտացի ես:

– Չնայած շատ ցավոտ էր, բայց մի հատ ծպտուն չեմ հանել,- ասաց Շաբլովսկին:- Էդ դիսբատն ընենց տեղ ա, որ հանկարծ մեկնումեկը զգաց, որ ինչ-որ բանից վախենում ես կամ ինչ-որ բանից ցավ ես զգում, մի րոպեում հարցերդ կլուծեն:

– Դիսբատում խիստ է՞ր:

– Խիստը խիստ էր, բայց կարեւորն էն ա, որ մեկնումեկի մտքով չանցնի, թե՝ խստությունից կամ ինչ-որ բանից վախենում ես:

– Բա ո՞նց էին թողում՝ նակոլկա անեք:

– Մենակ ի՛նձ են թողել:

– Քե՞զ ոնց են թողել:

– Ո՞վ պիտի չթողեր,- զարմացավ Շաբլովսկին:

– Ասենք, ղեկավարությունը:

– Ղեկավարությունն է՛լ էր խաբար, որ իմ հաշվով գող ա խառնված. էդ գողն առաջին հերթին հենց ղեկավարությանն էր զգուշացրել: Համ էլ, էդ ղեկավարությունն առանց ինձ ոտով-գլխով կորած էր:

– Ո՞նց,- զարմացա ես:

– Շատ հասարակ,- ասաց Շաբլովսկին.- ե՛ս էի կալանավորների կարգուկանոնն ապահովում:

– Ո՞նց էիր ապահովում:

– Շատ հասարակ,- ժպտաց Շաբլովսկին.- որ մեկնումեկը վատ էր աշխատում, պատժում էի:

– Ըտենց դեպք էղել ա՞,- հարցրի ես:

– Ընդամենը էրկու անգամ:

– Պատժեցի՞ր:

– Տղերքն էին իմ տեղակ պատժում,- ասաց Շաբլովսկին.- Էրկու հատ գելուգազան օգնական ունեի: Իրանք գիտեին, որ գրաժդանկայում մի սռոկ նստել եմ, համ էլ՝ գողի էդ քսիֆից էին խաբար: Էդ էրկուսն իսկական գազան էին, բայց իմ խոսքն իրանց համար օրենք էր:

– Էդ էրկուսին չէիր աշխատացնո՞ւմ:

– Իրանք մնացածների հետ գործի էին գնում, բայց չէին աշխատում. հետեւում էին, որ մյուսներն աշխատեն: Ես էդ էրկուսին բրիգադիր էի նշանակել, որ հետեւեն: Փաստորեն, ստրոյբատի պես բան էր, բայց՝ մի քիչ ավելի խիստ:

– Դու հետներն աշխատելու չէիր գնո՞ւմ:

– Սկզբնական շրջանում գնում էի, բայց որ կամաց-կամաց դիսծիպլինան տեղն ընկավ, էլ իմ գնալու կարիքը չէր զգացվում:

– Քեզ լավ ես դրել:

– Դրվածքը շատ կարեւոր ա, բայց ամենակարեւորը չի:

– Ամենակարեւորը ո՞րն ա:

– Ամենակարեւորը բախտի մոմենտն ա, ավելի ճիշտ՝ Աստծո՛ մոմենտը,- ասաց Շաբլովսկին.- Աստված մշտական պիտի մեջքիդ կայնած ըլնի, որ կարենաս էդ ամեն ինչի տակից դուս գաս:

– Իրանք որ աշխատելու էին գնում, դու մենակ էի՞ր մնում:

– Հա. իրանց ուղարկում էի, ես էլ հանգիստ խղճով պառկում ու քնում էի:

– Կարում էի՞ր քնեիր:

– Համ ցերեկներն էի քնում, համ էլ՝ գիշերները. ոնց որ՝ հիմի դու,- ժպտաց Շաբլովսկին ու ավելացրեց.- որ խիղճդ հանգիստ ա ըլնում, համ խորն ես քնում, համ՝ երկար:

– Հիմի խիղճդ հանգիստ չի՞:

– Որ էսքան մտածես, խիղճդ ո՞նց հանգիստ կըլնի:

– Էդ դիսբատը քեզ լրիվ դարձրել ա փիլիսոփա:

– Դիսբա՛տը չի դարձրել,- ասաց Շաբլովսկին.- ըստեղ՝ էս վերջին չորսուկես ամիսն եմ փիլիսոփա դառել: Որ քունդ չի տանում, ստիպված մտածում ես. ու որ շատ ես մտածում, ստիպված փիլիսոփա ես դառնում:

– Իզուր ես էդքան մտածում,- ասացի ես.- ամեն ինչ լավ կըլնի:

– Լավի ու վատի հարց չկա,- ասաց Շաբլովսկին:- Որ չես քնում, ստիպված մտածում ես. հո չե՞ս կարա ուղեղդ լրիվ անջատես:

– Որ կարենաս ուղեղդ անջատես, լավ էլ կքնես:

– Էդ հըլը հարց ա:

– Ի՞նչն ա հարց:

– Ուղեղդ չես կարում անջատես, դրա՞ համար չես քնում, թե՝ չես կարում քնես, դրա՛ համար ես մտածող ու փիլիսոփա դառնում:

– Ամեն ինչ լավ կըլնի,- ասացի ես:

– Մի բան էլ ասե՞մ,- ժպտաց Շաբլովսկին:

– Ասա,- ասացի ես:

– Որ երկար վախտ չես քնում, ու մտածելդ խասյաթ ա դառնում, սկսում ես ամեն ինչ մտածել:

– Ո՞նց ամեն ինչ:

– Այսինքն, մենակ քու մասին չես մտածում. ընդհանուրի ու ընդհանուր կյանքի մասին է՛լ ես ժամանակ առ ժամանակ մտածում:

– Փիլիսոփան հենց է՛դ ա,- ծիծաղեցի ես:

– Իզուր ես ծիծաղում,- ասաց Շաբլովսկին:- Ժամանակ առ ժամանակ նույնիսկ Աստծո մասին եմ մտածում: Վերջերս նույնիսկ գիրք եմ կարդում:

– Ի՞նչ գիրք:

– Ժելուդկովն ա տվել. կոչվում ա՝ «Ամեն ինչի մասին»: Շատ ուժեղ գիրք ա:

– Էն գունավոր նկարներով գիրքն ա, չէ՞:

– Ի՞նչ գիտես,- զարմացավ Շաբլովսկին:

– Էդ գիրքը Ժելուդկովն ինձ էլ էր տվել,- ասացի ես:- Մանկական գիրք ա, չէ՞:

– Կարող ա՝ մանկական ա, բայց շատ ուժեղ ա գրած:

– Լրիվ կարդացե՞լ ես:

– Լրիվ կարդացել եմ, բայց հիմի երկրորդ անգամ եմ նորից սկսում:

– Ինչի՞:

– Մինչեւ լրիվ կարդացի պրծա, կարդացածիցս ահագին բան մոռացա:

– Բա էդ ե՞րբ ես կարդում, որ կարդալդ ոչ մի անգամ չենք տեսել:

– Փաստորեն, թաքուն եմ կարդում,- ժպտաց Շաբլովսկին.- որ առավոտները սաղ իրանց գործերով ցրվում են, սկսում եմ թաքուն կարդալ:

– Թաքո՞ւն խի ես կարդում:

– Որ հանկարծ տենան՝ Շաբլովսկին գիրք ա կարդում, էլ չեն հարգի. կարող ա նույնիսկ հարիֆի տեղ է՛լ դնեն: Էս կարդալուս մասին մենակ Ժելուդկովը գիտի, մեկ էլ՝ հիմի դու:

– Կարդալու մեջ ոչ մի վատ բան չկա,- ժպտացի ես:

– Գիտեմ,- ասաց Շաբլովսկին:- Ժելուդկովն էդ գիրքն ինձ տվեց, մտածելով, որ կարդալը քնելուս կօգնի:

– Չօգնե՞ց:

– Ի՞նչ օգնել. որ սկսեցի կարդալ, հիմի ավելի շատ եմ մտածում ու ավելի քիչ եմ քնում: Շատ լուրջ գիրք ա. սկզբում շատ դժվար էր առաջ գնում:

– Դժվար էր առաջ գնո՞ւմ,- ծիծաղեցի ես:

– Խի՞ ես ծիծաղում,- զարմացավ Շաբլովսկին:

– Ախր էդ գիրքը մանկական ա:

– Չգիտեմ՝ ինչական ա, բայց շատ ուժեղ գիրք ա,- ասաց Շաբլովսկին.- մեջը նույնիսկ փարավոնների մասին կա գրած: Մեր մեջ ա, չէ՞, մնում:

– Ի՞նչը:

– Գիրք կարդալս: Մենակ Ժելուդկովը գիտի, մեկ էլ՝ դու:

– Մեր մեջ ա մնում,- ժպտացի ես:

– Ձերոնց է՛լ չասես:

– Ոչ մեկին չեմ ասի:

– Հատկապես դեմբելները չիմանան:

– Ոչ մեկն էլ չի իմանա:

– Թե չէ՝ կարող ա ձեռ առնեն:

– Ո՞ւմ ձեռ առնեն:

– Ինձ:

– Քեզ ո՞վ ռիսկ կանի ձեռ առնի:

– Դեմս ռիսկ չեն անի, բայց հետեւիցս կարող ա ուրիշ բաներ խոսան:

– Ի՞նչ ուրիշ բաներ:

– Կարող ա մտածեն՝ խելքս թռցրել եմ:

– Ոչ մեկին չեմ ասի:

– Ժելուդկովն է՛լ ա խոստացել, որ մարդու չի ասի:

– Ինքը բերանբաց տղա չի,- ասացի ես.- իրան կարելի ա վստահել:

– Ե՛ս չեմ իրան վստահել,- ասաց Շաբլովսկին.- փաստորեն, ի՛նքն ա իրա էդ գիրքն ինձ վստահել:

– Ամեն դեպքում, ինքը կարգին մարդ ա:

– Կարգինը կարգին ա, բայց էն հաստ կոպալով շատ փիս էր գլխիդ տվել,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Էդ պատմությունն արդեն մոռացել եմ,- ծիծաղեցի ես:

– Լավ ա, որ կարում ես ըտենց բաները մոռանաս:

– Ժելուդկովի հաշվով մեջս մի գրամ չարություն չի մնացել:

– Սկզբում կա՞ր:

– Սկզբում է՛լ չկար:

– Մալադե՛ց քեզ:

– Էդ գիշեր ինքը էրեխի պես լաց էր ըլնում:

– Հա: Շատ նուրբ սիրտ ունի:

– Ինքը որ չըլներ, էդ կռիվը վայ թե մինչեւ առավոտ շարունակվեր: Ինքը որ էդ փետով խփեց գլխիս, ես ընկա, ու, փաստորեն, կռիվը պրծավ:

– Ուշքդ գնացել է՞ր,- հարցրեց Շաբլովսկին:

– Չէ,- ասացի ես:- Տեղիցս դիտմամբ վեր չէի կենում, որ կռիվը չշարունակվեր:

– Ուրեմն, էնքան էլ ուժեղ խփած չի էղել:

– Նույնիսկ խփած տեղը չէր ցավում:

– Այսինքն, գլուխդ պինդ ա,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Երեւի,- ժպտացի ես:

– Ամեն դեպքում, էդ հաստ կոպալով որ գլխիդ ուժեղ խփած ըլներ, դժվար թե սաղ մնայիր:

– Հա,- ասացի ես.- շատ թեթեւ էր խփել:

– Փաստորեն, սուտմեռուկ էի՞ր տվել,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Հա,- ծիծաղեցի ես.- ձեր պես:

– Ո՞ւմ պես,- զարմացավ Շաբլովսկին:

– Քո ու մեր նոյեմբերյանցիների:

– Ի՞նչ նոյեմբերյանցիներ:

– Զույգերի. Գրիշի ու Էդիկի:

– Գրիշան ու Էդիկը հայ չե՞ն:

– Համ հայ են, համ էլ՝ նոյեմբերյանցի:

– Չհասկացա:

– Նոյեմբերյանը Հայաստանի ռայոններից ա,- բացատրեցի ես:

– Հայաստանը ռայոն էլ ունի՞,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Խի՞ պիտի չունենա:

– Հայաստանը տեղով ռայոն ա,- ասաց Շաբլովսկին.- քարտեզի վրա Հայաստանն ընդամենը մի հատ պստիկ կետ չի՞:

– Նայած քարտեզ:

– Ընդամենը մի հատ պստիկ կետ եք, բայց էս չաստի կարգուկանոնը լրիվ փոխեցիք, ավելի ճիշտ՝ փչացրիք:

– Կամ պիտի կարգուկանոնը փչացնեինք, կամ՝ մենք պիտի փչանայինք:

– Ճիշտ ես ասում,- մի քիչ մտածելուց հետո ասաց Շաբլովսկին:- Փաստորեն, շնորհքի հարց ա:

– Կարեւորն էն ա, որ իրարից նեղացած չենք մնացել:

– Նեղացածը նեղացած չենք, բայց էս չաստի ռեժիմը դժվար թե էլ դզվի:

– Մի օր ամեն ինչ էլի տեղը կընկնի:

– Դժվար թե:

– Մեզնից հետո կդզեն:

– Ինձնից հետո ջրհեղեղ,- տխուր ժպտաց Շաբլովսկին:

– Էդ ո՞ւմ խոսքն ա:

– Չգիտեմ՝ ում խոսքն ա, բայց Ժելուդկովի էդ գրքի մեջ ա գրած: Ասողը, կարծեմ, թագավոր ա էղել:

– Մարդիկ թագավորություն են կորցրել, մենք էս չաստի կարգուկանոնի համար ենք դարդ անում:

– Թող կամանդիրն ու զամպալիտը դարդ անեն,- ասաց Շաբլովսկին:- Փաստորեն, իրա՛նք ձեզ էրես տվին:

– Վալերն ու Պարգեւը որ չըլնեին, իրանց էրես տալը դժվար թե նշանակություն ունենար:

– Էդ է՛լ ես ճիշտ ասում,- ասաց Շաբլովսկին:- Անարդարությունը, փաստորեն, ամենավերեւներից ա գալի:

– Ի՞նչ իմաստով:

– Չի կարելի բարձրագույնավարտներին ու սովորականներին մի չաստի մեջ լցնել:

– Մանավանդ՝ ծանր քաշի բաքսյորներին,- ծիծաղեցի ես:

– Սուպերծա՛նր,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Տարիքով է՛լ իրար չեն բռնում,- ասացի ես:

– Մենակ տարիքի հարցը չի,- ասաց Շաբլովսկին.- գիտելիքների ու մակարդակի հարց է՛լ կա:

– Չհասկացա:

– Լավ էլ հասկանում ես, ուղղակի՝ քեզ չհասկացողի տեղ ես դնում:

– Էլի չհասկացա:

– Չհասկանալու ի՞նչ կա,- զարմացավ Շաբլովսկին:- Ես էդ թագավորի մասին նոր-նոր եմ իմանում, բայց դու շուտվանից ես, չէ՞, իմացել:

– Ի՞նչ թագավոր:

– Էդ որ ասել ա՝ ինձնից հետո ջրհեղեղ:

– Էդ թագավորի մասին գիտեի, ճիշտ ա, բայց էդ գիրքը ես է՛լ եմ նոր կարդացել. ինձ է՛լ ա Ժելուդկովը տվել:

– Էդ թագավորի մասին ուրիշ որտե՞ղ կա գրած:

– Պատմության գրքերում: Իրա էդ ասածը թեւավոր խոսք ա դառել:

– Պարզ ա՝ կդառնար. շան տղեն շատ ուժեղ ա ասել:

– Որ ինքը թագավոր էղած չըլներ, իրա էդ ասածը ո՛չ կհիշեին, ոչ էլ կգրեին:

– Շատ հնարավոր ա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Շաբլովսկին:- Քրիստոսն է՛լ որ Աստված չըլներ, Իրա ասածներն էլ երեւի չհիշեին ու չգրեին:

– Որ Քրիստոսի անունից չգրեին, դժվար թե՝ էդքան ուշադիր կարդայինք:

– Ուշադիր ե՞նք կարդում,- հարցրեց Շաբլովսկին:

– Խոսքս ուշադիր կարդացողների մասին ա:

– Բնական ա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Շաբլովսկին.- շատ կարեւոր ա, թե ով ա խոսքն ասողը:

– Բայց պիտի հակառակն ըլներ:

– Հակառակը ո՞րն ա:

– Պիտի խո՛սքը հասկացվի ու գնահատվի:

– Ամեն դեպքում, շատ կարեւոր ա, թե ով ա էդ խոսքն ասողը:

– Մե՛ր համար ա կարեւոր, որովհետեւ մենք խոսքի արժեքը չենք հասկանում: Շատ դեպքերում, մեր համար ասողն ավելի՛ կարեւոր ա, քան՝ ասածը:

– Բնական չի՞:

– Բնական չի, բայց բնական ա դառել: Քրիստոսն է՛լ էր էդ բանը հասկանում, դրա համար էլ ներկայանում ու ասում էր, որ Ինքն Աստծո Որդին ա: Որ չասեր, ասածներին դժվար թե հավատային:

– Երեւի կարգին չլսեին էլ:

– Դրա համար էլ ասում էր, որ ինքն Աստծո Որդին ա:

– Ինքը հա՛մ Աստծո Որդին ա, հա՛մ էլ՝ Աստված:

– Որտեղի՞ց գիտես,- զարմացա ես.- Ժելուդկովի գրքի մեջ էդ մասին կա՞:

– Ամեն ինչի մասին էլ կա, դրա համար էլ էդ գիրքը կոչվում ա «Ամեն ինչի մասին»,- ասաց Շաբլովսկին ու ավելացրեց.- Քրիստոսի մասին է՛լ որոշ բան կա, չնայած հիմնականում քննադատած ա:

– Որովհետեւ սովետական գի րք ա. սովետական էրեխեքի համար ա գրած:

– Ես Ժելուդկովի էդ գրքի՛ց չեմ Քրիստոսի մասին իմացել,- որոշ լռությունից հետո ասաց Շաբլովսկին.- հորական տատս հավատացյալ կնիկ էր. մեր տան մեջ միշտ էլ Ավետարան էղել ա:

– Կարդացել ե՞ս:

– Չէ: Տատս որ մեռավ՝ էդ Ավետարանն անհետացավ: Օղորմածիկը մի գլուխ Քրիստոսից էր խոսում, դրա համար էլ մեջս որոշ բան մնացել ա:

– Փաստորեն, ժառանգական ա:

– Ի՞նչն ա ժառանգական:

– Հավատալդ:

– Շատ հնարավոր ա,- ժպտաց Շաբլովսկին ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- վերջերս որ մի բան ասում կամ անում եմ, հետո մտածում եմ՝ էդ ասածս կամ արածս Աստծուն դուրեկա՞ն էր, թե՝ չէ:

– Միշտ ե՞ս մտածում:

– Համարյա: Ըսենց որ շարունակվի, կարող ա՝ ես է՛լ օրերից մի օր հավատացյալ դառնամ:

– Շատ հնարավոր ա:

– Որ քու պես բարձրագույն կրթություն ունենայի, կարող ա արդեն դառած է՛լ ըլնեի:

– Կրթությունը ոչ մի կապ չունի,- ասացի ես.- տատդ կրթություն ունե՞ր:

– Ի՞նչ կրթություն,- ծիծաղեց Շաբլովսկին.- հիսուն տարեկանում նոր տառերը սովորեց: Տառերը հատուկ սովորեց, որ Ավետարանն ինքնուրույն կարդա, չնայած նախքան էդ է՛լ էր հարուր տոկոսով հավատում:

– Իմ ասածն ես հաստատում,- ասացի ես.- կրթությունը ոչ մի կապ չունի:

– Կարող ա հավատի հետ կապ չունի, բայց խելքի հետ երեւի լավ էլ կապ ունի,- ասաց Շաբլովսկին:- Բարձրագույնավարտները սովորական մարդկանցից խելոք չե՞ն:

– Դժվար թե: Դու կրթություն չունես, բայց խելոք ես:

– Ումի՞ց եմ խելոք,- զարմացավ Շաբլովսկին:

– Սաղի՛ցս:

– Լա՜վ խելոք ես գտել,- ծիծաղեց Շաբլովսկին.- Ժելուդկովի էդ գիրքը կարդացածս առաջին գիրքն ա:

– Կարդալը կապ չունի,- ասացի ես,- քոնը բնական խելք ա:

– Բնակա՜ն,- դառը ժպտաց Շաբլովսկին.- դրա համա՞ր էրկուսի տեղակ չորս տարի ծառայեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930