Լրահոս
Օրվա լրահոսը

Էքնոսը չի հեռանում ակունքներից

Հուլիս 11,2007 00:00

\"\"Բանաստեղծ, դերասան, երգիչ Ալեքսանդր Էքնոսյանի ողջ ստեղծագործությունը ասվածի արտահայտությունն է:

Վերջերս հրատարակվեց ծնունդով Ախալցխայի Սուփլիս (Սուրբ լույս) գյուղից Ալեքսանդր Էքնոսյանի՝ Էքնոսի բանաստեղծությունների առաջին՝ «Ծիրանի» ժողովածուն:

«Առավոտը» հյուրընկալել էր արվեստագետին: Տեղեկացնենք, որ ժամանակին Ա. Էքնոսյանը զուգահեռաբար աշխատել է Ազգային օպերային թատրոնի երգչախմբում եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, այնուհետեւ գալով Հայրիկ եւ Մարո Մուրադյանների «լսարան», որպես երգիչ-մենակատար մասնակցել է «Ակունքի» եւ «Վանի» ստեղծման աշխատանքներին: Տարիներ հետո միայն, յուրացնելով ավանդական երգ ու բանի վարպետներ Հայրիկի եւ Մարոյի դասերը, նրանց օրինակով ստեղծել եւ մինչ օրս ղեկավարում է հանրապետական փառատոների բազմակի դափնեկիր ավանդական երգ ու պարի «Կարին» եւ «Կարանի» անսամբլները:

Իր գրչակից ընկերների՝ Հարություն Հովնաթանի, Վարդան Վանատուրի բնութագրմամբ, արտահայտչամիջոցների եւ բանաստեղծության կառուցվածքի առումով Էքնոսը պահելով հոգեւոր ներքին կապը, չի կրկնում իր նախորդներին: Նրա բանաստեղծությունները շարունակում են իրար, լրացնում եւ ամբողջացնում միմյանց: Հարցին, թե ի՞նչ չափով կհետաքրքրի ժողովածուն ընթերցողներին, պարոն Էքնոսյանն ասաց. «Եթե ոչ լայն, ապա կամերային կազմով լսարան հաստատ կունենա ժողովածուս: «Ծիրանին» մեր նախասկզբի թագավորության կրողն է, որը ծիրանյաց երկրում՝ Բարձր Հայքի Կարնո աշխարհի արքայության ծիրանին է: Այստեղ են առաջին աստվածակերպ մարդիկ սեղան նստել Աստծո հետ»,- իր գիրքն այսպես ներկայացրեց հեղինակը:

Հետաքրքրվեցինք՝ իր ու գործընկերների երկերում ինչքանո՞վ է հաջողված արմատներից չհեռանալով ստեղծագործելը: Մեր զրուցակիցը հիշելով Հայրիկ Մուրադյանի աշխատաոճը, այն է՝ միայն շրջաններից, գյուղերից լսել ու գրի առնել մեր ավանդական երգերը, հատուկ նշեց իր համախոհ «Կարին» պարի անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանին. «Տարիներ շարունակ Գագիկն էլ գնում է շրջաններ, ուսումնասիրում պարերը, հետո նոր միայն բեմադրում»: Ա. Էքնոսյանը հույս հայտնեց, որ 70-ականներից մինչեւ այսօր Հայրիկ Մուրադյանի կողմից հիմնած ավանդական երգի-պարի ամենամյա փառատոները գոնե այս տարի կունենան պետական աջակցություն. «Կարծում եմ, մշակույթի նախարարությունը իր խոսքի տերը կլինի»: Զրույցից պարզ դարձավ, որ Էքնոսյան արվեստագետը զբաղվում է նաեւ ռեժիսուրայով. խոսքը վերաբերում է ծիսական թատրոնին: Արվեստի այս ճյուղում էլ նա գտնում է, որ հայկական ծեսերը անհրաժեշտ է բեմադրությունների միջոցով ներկայացնել հանրությանը. «Լուրջ խնդիրների ենք հանդիպում հնարավորությունների առումով, բայց ոչ թե մտքի, այլ ֆինանսի հետ կապված»: Խոսք գնաց նաեւ կինոարվեստի մասին: Նա ցավով փաստեց, որ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի վերջին՝ «Կոմիտաս» ֆիլմը անավարտ մնաց ռեժիսորի մահվան պատճառով. «Այդ ֆիլմում ես պետք է մարմնավորեի երիտասարդ Կոմիտասին: Հետագայում նկարահանվեցի Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմում, որտեղ հնչում է իմ տեքստով գրված երգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել