Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա համար հայրենիքը քարտեզով չէր սկսվում

Հուլիս 18,2007 00:00

Լրագրող Էվելինա Մելքումյանը հրատարակության է պատրաստել 15 տարի առաջ զոհված ՀՀ եւ ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչի» ասպետ Լեոնիդ Ազգալդյանի կյանքին նվիրված գիրքը: «Առավոտը» տպագրում է գրքից մի հատված:

Ազատագրելով Արցախը, նա մտովի ազատագրում էր Կարինն ու Վանը, Ղարսն ու Անին եւ հաճախ սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե գան ու ասեն ձեզ, որ զոհվել եմ։ Ես զոհվելու եմ Ստամբուլի պարիսպների տակ»։ Արցախյան շարժման սկզբում, 1988-ին, երբ հանրապետությունը փոթորկում էր եւ բազմահազարանոց ցույցերում ոգեշունչ ճառեր էին հնչում, Ազգալդյանը արդեն գործում էր։ Դեպքերը կանխատեսելու իր բացառիկ ընդունակության շնորհիվ նա գիտեր, որ հակամարտությունը վերածվելու է լայնածավալ պատերազմի, եւ ասում էր, որ պետք է պատրաստվել, թե «ճառեր ասելով եւ ձեռքերը թափահարելով երկիրը չես պահի»:

Ազգալդյանն առաջիններից է Հայաստանում, ով մտածեց ինքնաշեն զենքի ստեղծման մասին, մասնավորապես՝ ծանր հրետանու, հրթիռների: Դառնալով փայլուն զինագործ, առաջին փորձերն ու փորձարկումներն ինքն իրագործեց եւ հետագայում մի խումբ համախոհների՝ Ալեքսանդր Թամանյանի, Նարիկ Գալստյանի եւ ուրիշների հետ, գործնական հիմքի վրա դրեց հրթիռաշինությունը:

Եվ նա գիտեր, որ հայրենի հողը կարող է պահել միայն մարտունակ, պատրաստ՝ ամենածանր փորձություններ դիմագրավող բանակը: 1990 թ. փետրվարին իրականացավ նրա գաղափարը՝ Ազգալդյանը ստեղծեց իր «Անկախության բանակը», որը հետագայում վերանվանվեց եւ կոչվեց «Ազատագրման բանակ»: 1991 թ. սկզբից բանակի շարքերը իր ջոկատով համալրեց Վլադիմիր Ղազարյանը: Նա դարձավ «Արդար ճակատի» անկրկնելի հրամանատարը: Ե՛վ Լեոնիդը, ե՛ւ Վլադիմիրը արդեն կյանքի օրոք առասպելական, լեգենդար անձնավորություններ էին: Պատերազմը զարմանալիորեն արագ բացահայտեց նրանց ռազմական տաղանդը: Ազգալդյանը չունենալով ոչ զինվորական կրթություն, ոչ փորձ՝ կարողացավ կարճ ժամանակում կատարել հսկայական ծավալի գործ: Մանրազնին ուսումնասիրելով հմուտ զորավարների աշխատությունները, նա որպես իսկական գիտնական ներընկալեց ամենալավը եւ ստեղծեց իրենը, նորը: Նրա իմացությունը եւ գործունեությունը՝ հրամանատարական արվեստ, մարտիկների դաստիարակություն, մարտի վարման գործունեության ոլորտները նկարագրելու համար կպահանջեր գրքի պատկառելի ծավալ: Այդ բանակի շարքերը շատերն էին ձգտում համալրել, սակայն հաջողվում էր քչերին՝ չափազանց խիստ էին Ազգալդյանի սահմանած ընտրության չափանիշները: Դժվար էր նաեւ հետեւել բանակի խիստ կանոնակարգին՝ ծխելն ու խմելը խստիվ արգելվում էին: Ոչ բոլորն էին կարողանում հաղթահարել նաեւ ամենօրյա ծանր ֆիզիկական մարզումները՝ պարտադիր 10 կմ վազքը լեռնային տարածքներով։ Իսկ 50 տարեկան հրամանատարը մարտիկների հետ հավասար կատարում էր իր իսկ բոլոր պահանջները՝ մինչեւ անգամ գերազանցելով շատ երիտասարդների:

Թե՛ խիստ կարգապահությունը եւ թե՛ ծանր մարզումները ինքնանպատակ չէին: Նրա համար կարեւոր էր մարդկային զոհերի քանակը հասցնել նվազագույնի։ «Շատ քրտինք՝ քիչ արյուն»,- ասում էր նա, եւ այդ ճշմարտությունը հաստատվում էր աներեւակայելի փաստով՝ տարիների ընթացքում բազմաթիվ մարտերում ընդամենը 4 զինվոր է զոհվել: Յուրաքանչյուր զինվոր նրա համար բացառիկ ու թանկ էր, ամեն կորուստ նրան խոր վիշտ էր պատճառում: Այդ պատճառով Ազգալդյանը ամեն մարտի պատրաստվում էր ամենայն մանրամասնությամբ: Նա անսխալ հաշվարկում էր կռվի բազմաթիվ տարբերակները եւ ընտրում ամենաարդյունավետը: Նա «դուք»-ով էր դիմում զինվորներին, իսկ զինվորները «պարոն Լեոնիդ» էին անվանում եւ «պարոնը» հնչում էր որպես տիտղոս, որը համապատասխանում էր իր վեհապանծ կերպարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031