Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱԺԻՈՏԱԺԸ՝ ՌԻՆԴՈՒՄ

Սեպտեմբեր 05,2007 00:00

Վայոց ձորի մարզի այս փոքրիկ գյուղում ուսումնական տարին «սեւ ու սպիտակ» է եւ քիչ տոնական

Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում երկար են նախապատրաստվում: Ծնողները գիտակցում են այդ օրվա նշանակությունը իրենց երեխաների համար եւ, անկախ դժվարին պայմաններից, աշխատում բավարարել նրանց ցանկությունները: Ռինդում հողագործությամբ զբաղվող գյուղացու ողջ տարվա ընդհանուր եկամուտը ամենաշատը կազմում է 200-250 հազար դրամ, ինչը կախված է բնության քմահաճույքից, բերքը հարմար գնով վաճառելուց եւ այլն: Այս պայմաններում յուրաքանչյուր ծնող իր պարտքն է համարում գոնե $100 տրամադրել՝ երեխային հագուստ, գրենական պիտույքներ եւ գրքեր ձեռք բերելու համար: Սա այն դեպքում, երբ օգոստոս ամսին զգալիորեն ընկնում է բնամթերքի գինը, իսկ տոնավաճառներում մի քանի անգամ բարձրանում դպրոցական պարագաների գները: Հաճախ Երեւանից եւ շրջկենտրոնից մեքենաներով հագուստներ են բերում Ռինդում վաճառելու: Դպրոցահասակ երեխա ունեցողները դրանց դիմաց վճարում են մրգով ու բանջարեղենով: Այդպես ավելի հարմար է, որովհետեւ սեպտեմբերյան գնումների նպատակով գյուղից դուրս գալու դեպքում նրանց բազմաթիվ ծախսերին կգումարվեր նաեւ ճանապարհածախսը: Ցավոք, Ռինդում ոչ բոլորը կարող են երեխաներին նոր հագուստներով ուրախացնելու շռայլություն թույլ տալ իրենց, խոսքը մասնավորապես բազմազավակ ընտանիքների ու ռուսաստաններում աշխատող չունեցողների մասին է:

Վերջին մի քանի տարիներին, ինչպես Ռինդում, այնպես էլ հարեւան գյուղերից մի քանիսում, ջանասիրաբար պահպանում են հին «ավանդույթները». աշակերտները հագնում են սեւ տաբատ, սպիտակ վերնաշապիկ, աշակերտուհիները՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ: Աղջիկներին տաբատ թույլատրվում է միայն ձմռանը, այն էլ բացառության կարգով, եթե հիվանդ լինեն: Այնպես որ, Ռինդի դպրոցում չկա հագուստներով միմյանց հետ մրցակցելու երեւանյան «մոլուցքը»:

Այստեղ, երբ սեպտեմբերի մեկի առավոտյան հնչում է զանգը, աշակերտները հավաքվում են դպրոցի բակում եւ զբաղեցնում իրենց համար նախատեսված տեղերը: Առաջին դասարանցիները շարվում են առաջին գծի երկայնքով, մյուսները՝ հաջորդաբար: Որպես օրենք, առաջին խոսքը տրվում է տնօրենին, որը դպրոցականներին ողջունելուց հետո գովասանագրեր է հանձնում նախորդ տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին: Այդ օրը սովորաբար դաս չի լինում: Աշակերտները զբոսնում են ու սեթեւեթում՝ ցուցադրելով իրենց քիչ թե շատ նոր հագուստները: Ի տարբերություն երեւանյան դպրոցների, որոնց աշակերտներին ողջունելու են գալիս, ասենք, քաղաքական գործիչներ, կրթության ոլորտի առաջին դեմքեր, ռինդեցիները հյուրեր չեն ունենում: Սեպտեմբերի 1-ի երեկոյան գյուղի բարձր դասարանցիները հավաքվում են մեկի տանը եւ, առանց ճոխ սեղանի՝ երեկույթ կազմակերպում, բավարարվելով միայն երաժշտությամբ:

Ռինդ գյուղում, ի տարբերություն քաղաքային դպրոցների, պակասում են շքեղ ծաղկեփնջերը եւ ուսուցիչների նվերները: Առաջին դասարանցին ուրախությամբ մի բան կնվիրեր իր ուսուցչին, սակայն ծնողների հնարավորությունները չեն ներում: Չմոռանանք նշել, որ բարձր դասարանցիներից ոմանց ձեռքին կարելի է տեսնել բջջային հեռախոսներ, որոնք երեւի թե այդքան էլ մեծ անհրաժեշտություն չեն փոքրիկ գյուղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել