Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ «ԳԻՆ» ՉՈՒՆԵ՞Ն

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Պետությունը վատ է ֆինանսավորում դպրոցին՝ կուրսանտների թվով դասավանդող ուսուցիչներին \"\"

Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցը, ինչպես փաստում է դպրոցի տնօրեն Թամարա Մկրտչյանը, հանրապետությունում միակն է, որը պաշտպանության նախարարության եւ մարզատեխնիկական հասարակական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա 1999 թվականից ռադիոհեռագրողներ (կապավորներ) է պատրաստում ազգային բանակի համար: Ըստ պայմանագրի, դպրոցը պարտավոր է գարնանային եւ աշնանային զորակոչի համար պատրաստել 36-ական կապի մասնագետ: «Մենք կարող ենք 72 հոգուց ավելի ընդունել, պարզապես դիմողները պետք է ունենան առնվազն միջնակարգ կրթություն եւ պիտանի լինեն շարային ծառայությանը»,- նշեց Թամարա Մկրտչյանը: Տնօրենի խոսքերով, ընդունելության ժամանակ ստուգվում է նաեւ դիմողների կրթական մակարդակը. «Թույլ է դպրոցական կրթությունը, դիմողների մի մասը չունի տարրական մաթեմատիկական գիտելիքներ, միջնակարգ կրթություն են ստանում, բայց չգիտեն ինչ է էլեկտրական հոսանքը, ավտոմեքենայի մարտկոցը, նույնիսկ չգիտեն, թե ինչ է ռադիոկապը: Նման դիմողներին խորհուրդ ենք տալիս բանակի համար այլ ուղղություն ընտրել՝ կապավոր լինելն իրենց գործը չէ»: Ուշադրություն է դարձվում ռուսերենի իմացությանը, նոր ուսումնական տարում ստուգվելու են դիմողների համակարգչային հմտությունները, թեեւ դժվար թե սովորելիս այն կիրառվի, քանի որ դպրոցը չունի ժամանակակից համակարգիչներ, իսկ եղածն էլ եւ ֆիզիկապես, եւ բարոյապես մաշված է: Տիկին Մկրտչյանի խոսքերով, դպրոցում ուսուցումը հինգ ամիս է եւ ընդունելության ժամանակ մոտ 20 դիմող կրթական ցածր մակարդակի եւ առողջական խնդիրների պատճառով կուրսանտ չի դառնում: Պատանիները տարբեր քաղաքներից եւ գյուղերից են: Նախկինում կուրսանտները դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում էին Արտաշատի կապի ուսումնական զորամաս՝ վերապատրաստվելու, սակայն վերջին երկու տարիների ընթացքում դպրոցը համալրվել է նոր, ժամանակակից կապի միջոցներով եւ անհրաժեշտ հմտությունները ստանում են տեղում ու հենց այստեղից էլ զորակոչվում են բանակ:

Դպրոցում կուրսանտները սովորում են շարային ծառայություն, ժամապահի եւ օրապահի պարտականությունները, ինչպես նաեւ ծանոթանում շարքային զինվորի բոլոր իրավունքներին ու պարտականություններին. «Ամեն ամիս ծնողների հետ հանդիպման երեկո ենք կազմակերպում, հարցուփորձ ենք անում, թե տղաներն ինչպես են իրենց տանը պահում, ինչ բնավորություն ունեն կամ, արդյոք, գիտե՞ն ծնողները, թե իրենց երեխան որ ժամին է դասերը վերջացնում ու երբ է տուն գնում»:

Թեեւ դպրոցն ունի հարուստ ավանդույթներ, բարի համբավ եւ 2008-ին էլ նշելու է իր հիմնադրման 30-ամյակը, սակայն զերծ չէ մի շարք խնդիրներից, այդ թվում՝ նաեւ ֆինանսական: Ինչպես պարզվում է, դպրոցը վարձատրվում է կուրսանտի թվաքանակով, իսկ կուրսանտն այստեղ ամբողջ հինգ ամիսների համար «գնահատվում» է 30.800 դրամ, որը չի փակում կոմունալ ծախսերը: Տնօրենի հաշվարկներով, յուրաքանչյուր կուրսանտի համար պետք է հատկացվի առնվազն 50 հազար դրամ, որ կարողանան գոնե ցուցանակները թարմացնեն, դասասենյակները վերանորոգեն (դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 6 տարի առաջ): Այս օրերին խիստ մտահոգիչ է դարձել նաեւ ջեռուցման հարցը, քանի որ դասարանները էլեկտրական սալիկների միջոցով են տաքացվում, ինչը շատ ծախսատար է ու ոչ արդյունավետ: Այստեղ ցածր են վարձատրվում նաեւ ուսուցիչները՝ մեկ դրույքաչափն արժե 35 հազար դրամ, մինչդեռ հանրակրթական դպրոցների համանուն առարկան դասավանդողը ստանում է մոտ 1,5 անգամ ավելի: «Մեզ միշտ աջակցել է Էջմիածնի քաղաքապետարանը, Երկրապահների միությունը, սակայն այժմ հովանավոր չունենք, սակայն բարեգործների կարիք շատ ունենք»,- իր խոսքը եզրափակեց Թ. Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել