Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում՝ 78 անչափահաս իրավախախտ

Նոյեմբեր 10,2007 00:00

Հիմնականում նրանց հանցագործության են դրդում սոցիալական պայմանները

«2007թ. 9 ամիսների տվյալներով՝ Երեւանում 78 անչափահասի կողմից կատարվել է 201 հանցագործություն, ինչը կազմել է ընդհանուր հանցագործությունների 9.5 տոկոսը: Վերոնշյալ հանցագործությունների թվում արձանագրվել են 163 գողության, 4 կողոպուտի, 11 մարմնական վնասվածք պատճառելու եւ 1 խարդախության դեպքեր: Գրանցվել է ավտոմեքենա գողանալու 15 դեպք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ փաստեց Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանը: Վերջինիս կարծիքով, երեխաները հանցագործ են դառնում հիմնականում ծնողական թերի խնամքի պատճառով. «Երեխան ընտանիքում հաճախ ճնշված եւ ստորացված է զգում իրեն, նաեւ հասարակության կողմից անտեսված, ինչը, ըստ էության, պարարտ հող է ստեղծում դեռահասի հանցագործ դառնալու համար: Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ոչ թե երեխաներն են մեղավոր, այլ հասարակության տարբեր շերտերը»,- ասում է Ս. Բարսեղյանը: Ըստ նրա, երեխաների ոչ լիարժեք զբաղվածությունն իր հերթին է նպաստում անչափահասների շրջանում հանցագործությունների աճին: «Օրինակ, լավ կլիներ, եթե անվճար արհեստագործական խմբակներ կամ նման ուսումնարաններ գործեին, քանի որ հաճախ երեխան 8-րդ դասարանից դուրս գալով դպրոցից, հետաքրքիր որեւէ զբաղմունք չի գտնում, չունի»:

Քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի տեղեկացմամբ, մայրաքաղաքում այսօր շուրջ 230 իրավախախտ անչափահաս է հաշվառված: Նրանց գերակշիռ մասը 12-13 տարեկան է: «Մենք ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով հանձնաժողովների հետ պարբերաբար քննարկում ենք մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ երեխաների խնդիրները, փորձում համատեղ ջանքերով լուծել դրանք, նրանց մանկապարտեզներում, դպրոցներում տեղավորելու հարցերն ենք հոգում: Օրինակ, այս տարի շուրջ 15 երեխա մեր օգնությամբ տեղավորվել է տարբեր կրթօջախներում»,- նշում է Ս. Բարսեղյանը:

Ոստիկանության աշխատակիցները, քաղաքապետարանի բաժնի ներկայացուցիչները 10-12 տուն են այցելել: Նրանց ուղեկցել են նաեւ սոցիալական ոլորտի աշխատողները: Նրանք պարզել են, թե տվյալ ընտանիքը ինչպես է ապրում, ինչ խնդիրներ ունի, ուսումնասիրել են իրավախախտ երեխայի առողջական եւ հոգեկան վիճակը, նաեւ ճշտել, թե երեխան հանցագործություն կատարելու հակում ունի՞: Այսպիսի այցերը, Ս. Բարսեղյանի գնահատմամբ, նպաստում են դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրեր կազմելուն, որոնց իրականացումն էլ կօգնի երեխային ուղղել նախկինում գործած սխալը կամ, եթե նա ինչ-ինչ պատճառներով դպրոցից դուրս է մնացել, կրթօջախ վերադարձնել: Առողջական խնդիրներ ունեցող անչափահասներին համաբուժարաններում անվճար բժշկական օգնություն է տրամադրվում:

Նկատենք, որ շատ հաճախ հանցագործություն են կատարում նաեւ սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները, անգամ իրենց իսկ սեփական տնից են գողություն կատարում: «Օրինակ, Աջափնյակ համայնքում 2 ընտանիքի ենք այցելել: «Հանցագործները» հանրակացարանում էին ապրում: Ընտանիքներից մեկում 1991թ. ծնված տղան մարմնական վնասվածք էր պատճառել իրենց բակում բնակվող տարեկից մի պատանու, մյուսը, ով 16 տարեկան էր, մոտակա կանգառում մի կնոջ պայուսակ էր փորձել գողանալ: Դավիթաշեն համայնքում 1992թ. ծնված մի տղա էլ փորձել էր կողոպտել մոտակա մանկապարտեզը, ինչը կանխվել էր պահակի զգոնության շնորհիվ»,- տեղեկացրեց Ս. Բարսեղյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել