Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը բողոքարկման իրավունք չունի

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը:

– Պրն Ազարյան, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով անցյալ տարի ստեղծվեցին դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ: Դրանց գործունեության վերաբերյալ կան դժգոհություններ եւ բողոքներ: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:

– Բնական է՝ դատապարտյալներին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը դատարանն ի զորու չէ լուծել առանց համապատասխան պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի, ինչպես նաեւ տարբեր տեսակի մարմինների հետ համագործակցության: Իրական պատիժ կրելուց վաղաժամկետ ազատվելու դատապարտյալների հույսը պատիժը դարձնում է իմաստալից, ավելի արդյունավետ եւ մարդու արժանապատվությանը համապատասխան, քանի որ ազատությունը գնահատվում է մարդու կողմից՝ այն կորցնելուց հետո, իսկ մարդու արժանապատվության եւ հակումների վեհության աստիճանը լիովին գիտակցվում է այն ժամանակ, երբ այդ արժանապատվությունն ազատազրկման եւ հարկադրման պայմաններում խիստ սահմանափակվում է: Ինչ վերաբերում է անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգին, ապա այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես, նշված կարգի 21-րդ կետով նախատեսվում է, որ «հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն»: Դրանով կամայականորեն սահմանափակվում է դատապարտյալի նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի, նաեւ՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու նրա իրավունքը: Նկատի ունենալով, որ ՀՀ Քրօրի 76 հոդվածով չի սահմանվում դատապարտյալին առանց դատարանով նշանակված պատիժը կրելու վերջնական ուղղվելու հնարավորությունը որոշելու իրավական չափանիշներ, ապա այդ առումով նպատակահարմար կլինի՝ այդ նույն հոդվածում դատարանի համար սահմանել պարտականություն՝ պարբերաբար (ասենք՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ) ստուգել, թե արդյոք պետք չէ՞ ազատազրկման դատապարտվածին պայմանական վաղաժամկետ ազատել հետագա պատիժը կրելուց: Դատարանի այդպիսի պարբերական պարտականությունը մի կողմից լիովին կհամապատասխաներ պատժից վաղաժամկետ ազատվելու դատապարտյալների իրավունքին, իսկ մյուս կողմից՝ «փորձառու օրինավորներ» ձեւացնողներին թույլ չէր տա խուսափել պատիժը կրելուց:

Ազատազրկվածները պետք է ունենան պատժից վաղաժամկետ ազատվելու մշտական իրավունք եւ հույս, իսկ դատարանը՝ համապատասխանաբար դատապարտյալների օրինավոր հետաքրքրասիրությունների եւ իրավունքների պահպանման հսկողությունը, ինչպես նաեւ նրանց ուղղելու եւ սոցիալական վերականգնման չափի համապատասխան պատժից ազատելու կամ ժամանակին պատժի մեղմացում իրականացնելու մշտական պարտականություն՝ կախված օրենքով նախատեսված այլ հանգամանքներից: Օրինակ, երբ դատապարտյալն ուսման, մասնագիտական նախապատրաստության, աշխատանքի եւ կարգապահության ձգտում ունի, ՀՀ Քրօրի 77 հոդվածը դատարանին հնարավորություն է ընձեռում պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժով, ինչպես նաեւ փոփոխել դատապարտյալին պահելու պայմանները՝ քրեակատարողական հիմնարկության մի տեսակը մեկ այլ, ավելի մեղմ ռեժիմով փոփոխելու միջոցով: Նշված հոդվածով սահմանվում է միայն պատիժը փոփոխելու համար նախապայման հանդիսացող ժամկետը, սակայն չեն սահմանվում այդպիսի փոփոխության իրավական չափանիշները: Տվյալ դեպքում դատարանի (բայց ոչ հանձնաժողովի) համար նպատակահարմար է ուսումնասիրել դատապարտյալի ընդհանուր կրթական եւ մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքի եւ կարգապահության հաջողությունների ժամանակացույցը, որը բացառապես պետք է կազմվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից եւ դատարանի համար ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք հանդիսանա:

Քանի որ դատապարտյալի պատիժը կարող է մեղմացվել նույն պատժի շրջանակներում, կարծում եմ, ՀՀ Քրօրի 77 հոդվածը նպատակահարմար կլիներ վերանվանել որպես «Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կամ ռեժիմով փոխարինում» եւ դրանով հենց նախատեսել դատապարտյալներին մի տեղից մեկ այլ՝ ավելի մեղմ ռեժիմով տեղ փոխադրելու կարեւորագույն սկզբունքը եւ կարգը: Այն կլիներ ավելի տարբերակված մոտեցում՝ նշանակված պատժի ժամանակին եւ նպատակահարմար կատարման՝ դատարանի եւ պատիժ կատարող հիմնարկների համատեղ ծրագրի իրականացման առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել