Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր անվանի արցախցիները՝ մեկ գրքում

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները

Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» (Ը-շ): Առաջին էջին ԼՂՀ զինանշանն է, հաջորդ էջին՝ ԼՂՀ պետական օրհներգը, նաեւ մեջբերում Արցախի մասին՝ XII դարի մտածող Մխիթար Գոշից:

Սա հանրագիտարանի երկրորդ՝ լրամշակված եւ ճշգրտված տարբերակն է, գիրքը ռուսերեն է, այն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում: Առաջաբանում հեղինակը գրում է, որ աշխատությունը, բացի հանրագիտարանային գիտելիքներ մատուցելուց, ընդգրկում է Արցախ-Ղարաբաղի բազմամյա պատմության մասին հարուստ տեղեկատվություն: «Հանրագիտարանը ստիպում է վերապրել պատմական անցուդարձը եւ գերտերությունների նպատակների ու շահերի բախումների արանքում հայտնված ղարաբաղյան հերոսների ճակատագրերը… Հայ ժողովրդի ճակատագրի ու մասնավորապես Օսմանյան կայսրության իրականացրած եղեռնից հետո ցինիզմն ու բարոյազրկումը առայսօր շարունակվում են»,- փաստում է Ս. Սարգսյանը: Հետո էլ հավելում, որ այս հրատարակությունը նախաձեռնելիս երեք նպատակ է ունեցել՝ մեկ գրքում մեկտեղել ճակատագրի բերումով աշխարհի տարբեր երկրներում ապրած եւ ապրող հայտնի արցախցիներին, թարմացնել բարի կամքի տեր մարդկանց հիշողությունները, բարոյական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին, որ փորձում են, իր խոսքով՝ վերածել ժամանակակից Մուսադաղի: «Քաջության անասելի օրինակներ տված եւ անվանի զավակներ ծնած Արցախի ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի անկախ պետություն լինելու»,- կարծում է հեղինակը: Հանրագիտարանում տեղեկություններ կան արցախյան արմատներով այնպիսի երեւելիների մասին, որոնց թվում են գեղանկարիչ Մհեր Աբեղյանը, ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը, գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը, ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը, անվանի դիրիժոր Մելիք-Փաշաեւը, գիտնականներ, դեսպաններ, միջազգայնագետներ ու ռազմական գործիչներ տված Մելիք-Շահնազարովները եւ այլք: Ճանաչված լուսանկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը, որին հայկական Միքելանջելո են անվանել, չնայած ծնվել է Թիֆլիսում, սակայն ծնողները արմատներով Շուշիից են: Ղարաբաղյան արմատներ ունեն նաեւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը, այս ցանկը կարելի է շարունակել:

Հանրագիտարանում ծավալուն տեղեկություններ կան Արարատ սրբազան լեռան, Արմենոիդ ռասայի, Ավարայրի ճակատամարտի, Ազերբայջանի, 1939 թվականից հետո ԽՍՀՄ սահմանադրության համաձայն՝ ադրբեջանցիներ դարձած կովկասյան թաթարների եւ այլնի մասին:

Հանրագիտարանից տեղեկանում ենք, թե ինչ վիթխարի դեր են ունեցել հայերը Բաքվում, Ապշերոնյան թերակղզում: Ամենախոշոր արդյունաբերողներն են եղել Տեր-Ղուկասովը, Մանթաշովը, Արամյանցը, Ծատուրյանը: Միայն Լեւոն Մանթաշովը անցյալ հարյուրամյակի սկզբին կառուցել է ողջ Բաքվի կեսը: Այդ տարիներին նավթարդյունահանությունից ստացվող եկամուտի 55%-ը եւս հայերինն էր: Հզոր գործարանատեր էին Սարկիսովը, Ավանեսյանցը, Գեւորգովը, մարմարի, օճառի, սպիրտի, ծխախոտի արտադրության եւ ձկնարտադրության ֆաբրիկաները եւս Ադրբեջանում հայերին են պատկանել: Հանրագիտարանում նշված է, որ հայերը խոշոր դեր են ունեցել նաեւ Վրաստանում, օրինակ՝ 1835թ. Վրաստանի բնակչության 74,41%-ը հայեր էին, իսկ 1897-ին՝ 38,12%-ը: «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանում» մանրամասն խոսվում է հայկական խոհանոցի՝ անգամ ամառային խորովածի, թփով տոլմայի, թթու դրած խաղողի տերեւի մասին, պատմվում է հայկական ծեսերի ու ավանդույթների, հարսանիքի առանձնահատկությունների մասին: Հեղինակը համոզված է, որ ղարաբաղյան ընտանիքում ամենաշատն են պահպանվել հայի տեսակին բնորոշ գծերը, իսկ հայկական հարսանիքների գլխավոր հերոսներից քավորը, քավորկինը, հարսնաքույրը համարյա անփոփոխ են մնացել, ինչպես 19-րդ դարի արցախյան հարսանիքներում էր: Գրքում կան բացառիկ լուսանկարներ ու քարտեզներ: 622 էջից բաղկացած այս աշխատությունը կարդացվում է մեկ շնչով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել