Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները դժգոհեցին «Հայլուրից»

Մարտ 27,2008 00:00

Եվ ստեղծված վիճակի համար մեղադրեցին բոլորին

Երեկ «Անի» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, որ ՀԵԱԽ-ը երիտասարդական հ/կ-ների, կուսակցությունների երիտասարդական միավորումների, ուսանողական ինքնակառավարման մարմինների հավաքական կառույց է: Միջոցառման ներկաներն անդրադառնալով հետընտրական զարգացումներին եւ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին, ընդունեցին հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր երիտասարդ երկրի ներքաղաքական կյանքի աննախադեպ այս իրավիճակում եւ ճակատագրական այս հանգրվանում անթույլատրելի ենք համարում ցանկացած ոտնձգություն, որը կխաթարի արդեն ձեւավորվող, բաց փխրուն քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, ստահոդ, սադրիչ, ապակայունացնող եւ հերյուրանք պարունակող զազրախոսությունները, ինչպես նաեւ պետական բյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների միակողմանի դիրքորոշմամբ տեղեկատվությունը, ազգային եւ պետական շահի ստորադասումը անձնական, ներխմբային կամ կուսակցական շահին, միջազգային ատյաններում մեր երկիրը վարկաբեկելուն միտված փորձերը եւ ազգային բարոյական ոգին ջլատող երեւույթները…»:

ՀԵԱԽ նախագահ Արամ Սուքիասյանի խոսքերով, այսօր Հայաստանում ստեղծված է բարդ ներքաղաքական իրավիճակ, իսկ օդում բազմաթիվ հարցեր կան կախված, որոնք պատասխան են աղերսում. «Այս փակուղային իրավիճակում, այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք կարելի էր այսօր էլ լուծել: Արդեն բարոյական խրատներով հասարակությանը դեպի խաղաղություն ուղղորդելը՝ բարդ է: Մարդիկ ամենից շատ ակնկալում են կոնկրետ գործնական քայլեր, ապացույցներ: Ըստ էության, դեռեւս պարզ չէ, թե այդ ինչ էր, որ տեղի ունեցավ հասարակության մեջ: Արդյոք սա դիտարկելով որպես հետեւանք՝ մենք կարողանո՞ւմ ենք բաց խոսել պատճառների մասին»: Ա. Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ մարտի 1-ի կատարվածի պատճառները նախագահի որոշ թեկնածուների անհաջող քարոզչությունն էր, միմյանց վարկաբեկումները եւ որոշ TV-ներով հնչեցված ու հասարակության մեջ ատելություն սերմանած հայտարարությունները՝ ուղղված Ազատության հրապարակում հավաքվածներին. «Չեմ կարող չփաստել նաեւ, որ ոչ պակաս ատելություն էր սերմանում «Հայլուր» լրատվականը: Կարծում եմ, որ մենք պետք է շատ անհանգիստ լինենք այն պատճառով, որ պետական լրատվությունը անաչառ չէ իր գնահատականներում: Եվ արդյո՞ք սա առավել չհրահրեց մարդկանց: Հատկապես գրգռեցին այն մարդկանց արտահայտությունները, որոնք միտինգավորներին որակում էին «բոմժեր», մոլորվածներ: Որքանո՞վ էին թույլատրելի այդ գնահատականները: Արդյո՞ք հենց սրանով չպայմանավորվեցին հետագա զարգացումները»: Ա. Սուքիասյանի խոսքերով, հասարակությունը նոր կառավարության կազմում ազնիվ մարդկանց տեսնելու խնդիր ունի: Ըստ նրա, այսօր շատ իշխանավորներ ալերգիա են առաջացնում հասարակության որոշակի զանգվածի մոտ: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանի խոսքերով էլ, այժմ բացակայում է հասարակական եւ քաղաքական երկխոսության մթնոլորտը. «Մեր երկրի իշխանավորներն ու ընդդիմադիր ուժերը կա՛մ չուզեցին, կա՛մ չկարողացան, կա՛մ էլ քաջություն չունեցան ստեղծելու երկխոսության մթնոլորտ»:

Վ. Սարգսյանի փոխանցմամբ, երկխոսության մթնոլորտի ստեղծման գործում երիտասարդությունը եւս իր մեղքի բաժինն ունի. «Երիտասարդության լճացումը տարբեր հասարակական, քաղաքական, ինչպես նաեւ օլիգարխիկ ու զանազան ուժերի ներքո, երիտասարդության անջատ ու կցկտուր գործունեությունը քաղաքական ճգնաժամի խորացման օրերին է՛լ ավելի մեծացրեց անջրպետը միմյանց միջեւ, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով»:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ ասաց, որ չնայած հասարակության մի մասը մարտի 1-ի իրադարձությունների համար մեղադրում է իշխանություններին, մյուս մասն էլ ընդդիմությանը, սակայն մեղավոր են բոլորը. «Պետք չէ առանձնացնել իշխանություն եւ ընդդիմություն, կուսակցությունների երիտասարդական թեւեր, անհատներ… Բոլորս էլ ունենք մեղքի մեր բաժինը եւ ինքներս մեր ներդրումն ապահովելով պետք է կարողանանք վիճակը շտկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել