Լրահոս
Օրվա լրահոսը

Հայավարի՝ մոսկովյան Կրեմլում

Ապրիլ 08,2008 00:00

Ցուցամոլ ու տնավարի մրցանակաբաշխություն՝ «Տաշիր-2008»

Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Տաշիր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ գյուղական կլուբի մակարդակով կազմակերպված համերգի ձեւով, չնայած՝ միջոցառումը Մոսկվայի կրեմլյան պալատում էր: Մրցանակներն էլ «Տաշիրի» տերերը հիմնականում սահմանել էին իրենց ծանոթների, մտերիմների ու մտերմուհիների համար: «Տաշիր-2008»-ին եւս գերիշխողը անհամ հումորն էր, կլկլոցներն ու թուրքաարաբական ելեւէջները: Փոխարենը հնչեղ էին «աստղերի» ու «աստղիկների» հասցեին արված մեծարանքները: Օրինակ, չգիտես ինչ չափանիշներով, հայ էստրադայի գիգանտ որակվեց երգիչ Արամեն, որը հաղթող ճանաչվեց «Տարվա ալբոմ» անվանակարգում: Մրցանակն էլ հանձնեց ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես «Տաշիր-2007»-ին, արտիստիկ էությամբ քաղաքական գործիչն այս անգամ էլ մի քանի րոպեում շտկեց պատմական անարդարությունը, Արարատը վերցրեց-տվեց հայերին, թուրքերին ուղարկեց Կոսովո, Արամեին էլ՝ «Եվրատեսիլ-2009»: «Եթե մրցույթ հայտարարվի, թե որ ժողովուրդն է ամենալավը, դուք հաստատ առաջին տեղը կգրավեք…Ռուսաստանում դուք մեր ժողովրդի մի մասն եք, մենք մեկ ընդհանուր ժողովուրդ ենք»,- նրա պոպուլիստական այս հայտարարությանը հաջորդեցին բուռն ծափահարություններ ու բացականչություններ՝ դահլիճից: Հաղորդավարուհի Լերան էլ հիշեց Պյոտր Առաջինի հրամանագրերից մեկը, որտեղ կայսրը պահանջում էր «փայփայել» հայերին ու հեշտացնել նրանց կեցությունը Ռուսիայում:

Քանի որ Նունե Եսայանը «Հայաստանի ոսկե ձայն» մրցանակ էր ստացել, նրա դափնիների իներցիայով մի մրցանակ էլ ամուսնուն՝ Ավո Խալաթյանին բաժին հասավ («Երգող դերասան»): Ցնցող էր Անդրեի ու ամերիկյան շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Սամանթա Ջեյդի դուետը: Ամերիկյան մեկ անակնկալ էլ կար, ինչքա՜ն էին ճգնել, ի՜նչ փողեր ծախսել համերգի կազմակերպիչները, որպեսզի Շերը մի քանի բառ «շնորհի» հայ ընկերներին ու ասի, որ իբր անպայման կգար «Տաշիր-2008»-ին, եթե չխանգարեին իր նոր նախագծի նկարահանումները:

Իոսիֆ Կոբզոնն ու Ալեքսանդր Բույնովն էլ հայերեն երգեցին, Ալեգրովան իր հայտնի հիթերի պոպուրիով հանդես եկավ, դեռ ավելին, մի բեմական՝ երեք մատի կոմբինացիայի արժանացրեց դահլիճին:

«Հայ փոփի արքա» տիտղոսը շնորհվեց Թաթային, թեեւ նրա արվեստը ամենեւին էլ փոփ չէ. երգիչն իր հարցազրույցներում միշտ ասում է, որ ինքը ռաբիս է երգում: Մյուս կողմից, այս մրցանակն արդարացվում է, որովհետեւ այսօրվա փոփ-արվեստը միաձույլ է ռաբիսի հետ՝ այդ ոճում ստեղծագործող «կոմպոզիտորների» ու կատարողների շնորհիվ: Նշենք, որ ճանաչված հասարակական եւ մշակութային գործիչ Ստաս Նամինը «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Էմմիին հանձնելով մրցանակը՝ շեշտեց. «Մինչեւ հիմա հնչած երգերում առկա էին թուրքական ելեւէջներ, իսկ դուք երգեցիք իսկական հայկական երգ»: Խոսքը Առնո Բաբաջանյանի հայտնի «Կամուրջներ» երգի մասին է:

Մեր աստղերի բեմական կուլտուրայի, երգացանկի մասին անվերջ կարելի է խոսել, ինչից մենք զերծ կմնանք այս անգամ: Փոխարենը չենք կարող չանդրադառնալ ոմանց «չպատճառաբանված» հագուկապին: Օրինակ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչված Ռուզան Ավետիքյանը ժողովրդական երգը մատուցեց դասական երգչուհուն հարիր հանդերձանքով: Իսկ, այ, Արսեն Գրիգորյանի (Մրո) կատարումն ու հայկական զարդանախշերով հագուկապը անչափ ներդաշնակ էին:

Մի նկատառում եւս. «Տաշիր-2008»-ը նախորդից կազմակերպչական եւ մյուս առումներով ավելի հաջողված էր: Հավանաբար, այս անգամ լավ վճարել էին հրավիրված ռուս արտիստներին կամ փոխհատուցել ինչ-ինչ ծառայություններով, որովհետեւ անցյալ տարի անվճար հանդես եկած Լոլիտայի նման նրանք անընդհատ երեսով չտվեցին, թե «պող չկա» եւ «ընկերական» են ելույթ ունենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել