Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ապրիլ 15,2008 00:00

Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ:

– Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել Ձեր տպավորությունները Սերժ Սարգսյանի երդման արարողությունից՝ ընդհանրապես, եւ մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին միջին մակարդակի պաշտոնյաներ:

– ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի երդման արարողությանը հրավիրվել եւ մասնակցել է «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Չթաքցնեմ, որ թե՛ ես, թե՛ իմ գործընկերներ՝ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահի տեղակալներ Կորյուն Առաքելյանը, Սարգիս Մուրադխանյանը, Գագիկ Թադեւոսյանը, Անուշավան Զաքարյանը, ինչպես նաեւ կուսակցության ճանաչված անդամներ Գագիկ Կոստանդյանը, Լեւոն Գալստյանը, Արամ Ռեւազյանը եւ շատ-շատերը սիրով կմասնակցեին երդմնակալության միջոցառումներին: Ինչ վերաբերում է ստացածս տպավորություններին, ապա, լսելով Արտաշես Գեղամյանի կարծիքը, ինչպես նաեւ դիտելով արարողության հետ կապված բոլոր միջոցառումները Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, տպավորությունը միանգամայն դրական է: Ի պատասխան ձեր այն դիտարկմանը, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին «միջին մակարդակի պաշտոնյաներով», նկատեմ՝ չեմ կարծում, թե Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ Վյաչեսլավ Բորիսովիչ Գռիզլովը կամ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն «միջին մակարդակի պաշտոնյաներ» են: Իսկ Եվրամիության անդամ-երկրների եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձերի նման մակարդակով ներկայացված լինելու փաստի կապակցությամբ էլ նշեմ, որ այստեղ էլ հակված եմ դրական դրսեւորում նկատել: Կարծում եմ, հիշում եք, թե վերջիններիս ինչ «գնահատականների» արժանացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը «Վաշինգթոն պոստ» թերթին տված իր հարցազրույցում՝ մեղադրելով ԱՄՆ-ին, Եվրամիությանը, որ նրանք ՀՀ նախագահական ընտրությունները գնահատելիս առաջնորդվել են, իբր, երկակի ստանդարտներով: Ասել կուզի՝ ճանաչել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտությունը: Դե, նրանք էլ քաղաքակիրթ երկրներ են, հետն էլ՝ մեծահոգի, ուստիեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերքի վրա աղ չցանեցին՝ չապահովելով ավելի ներկայացուցչական պատվիրակություն: Մինչդեռ դա ամենեւին էլ չազդեց երդմնակալության արարողության թե՛ հանդիսավոր լինելուն, թե՛ խորհրդավորությանը եւ թե՛ բովանդակային մասին: Երեւանյան բարբառով ասած՝ գոնե այս հարցում նրանք Լեւոնին վերջնականապես «չքցեցին»:

– Ի՞նչ տպավորություն ստացաք Սերժ Սարգսյանի ելույթից եւ ինչպե՞ս կգնահատեք այն:

– ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը մեր կուսակցության նախագահության միահամուռ կարծիքով խիստ հավասարակշռված, ապագային միտված, սրտացավ, հայրենասեր, զգայուն, մտահոգ մարդու, սակայն միաժամանակ լավատեսությամբ լցված պետական գործչի մտորումներ էին: Եվ ինչպես իր խորաթափանց ելույթում նշեց Ամենայն հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ն՝ թող Աստված լինի մեր երկրի ու ժողովրդի պահապանը բախտորոշ այդ ծրագրերի իրագործման հարցում:

– Տարբեր լուրեր են շրջանառվում ԱՄԿ նախագահի, նրա որդու եւ կուսակցականների՝ տարբեր պաշտոններում նշանակվելու մասին. համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը: Եթե այո, որո՞նք են այն հիմնավորումները, որ ընդդիմադիր ԱՄԿ-ն կհամագործակցի իշխանության հետ:

– Մենք ոգեւորությամբ ենք ծանոթանում տեր-պետրոսյանական մամուլում ժամանակ առ ժամանակ սպրդող այն լուրերին, որոնց համաձայն՝ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը եւ նրա զավակները առաջիկայում ստանձնելու են պետական պատասխանատու պաշտոններ: ՀՀՇ-ականները, այո, գիտակցում են, որ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում «Միջազգային բիզնեսի» գծով մագիստրոսի կոչում ստացած Արմեն Գեղամյանը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի շրջանավարտ Մամիկոն Գեղամյանը, որոնք դրականորեն են իրենց դրսեւորել նաեւ հայոց բանակում ծառայելիս, այո, պահանջված են այսօր իր առջեւ հավակնոտ ծրագրեր դրած Հայաստանի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է մեր մոտեցումներին՝ տարածվող այդ լուրերին մոտենում ենք փիլիսոփայորեն եւ ըմբռնումով: Դրական ենք համարում, որ նույնիսկ նախորդ իշխանությունների կողմնակիցները գիտակցում են, որ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կադրային քաղաքականությունը վերջնականապես մերժելու է ՀՀՇ-ի իշխանավարության տարիներին բնորոշ կործանարար մոտեցումն այդ հարցում: Հիշո՞ւմ եք, նրանց հռչակած հիմնական սկզբունքը կադրերի ընտրության գործում՝ թեկուզեւ «պոլի փետ լիներ, միայն թե ՀՀՇ-ական»: Այն տարիներին սա բավարար հիմք էր պետական պատասխանատու պաշտոններ ստանձնելու համար: Գործող իշխանությունների հետ Արտաշես Գեղամյանի հնարավոր համագործակցության մասին էլ ասեմ հետեւյալը. պետական ցանկացած պաշտոն ստանձնելը մենք ընկալում ենք սեփական ժողովրդին ծառայելու շատ պատասխանատու միջոց: Իսկ «Ազգային միաբանություն կուսակցությունը» պատասխանատվությունից երբեք ու երբեք չի խուսափել եւ այսուհետեւ էլ չի խուսափելու: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ դրանում համոզվելու հնարավորություն ունեցան նույնիսկ ուղեղի ճկունությամբ առանձնապես աչքի չընկնողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել