Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ

Ապրիլ 15,2008 00:00

\"\"Երեկ ԵԽԽՎ-ում ուժգին քննադատության ենթարկվեց Հայաստանը: Սակայն գլխավոր քննարկումը սպասվում է ապրիլի 17-ին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում երեկ քննարկվեց Ջոն Պրեսկոտի զեկույցը Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այն քննարկվեց ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի ընթացիկ զեկույցի շրջանակներում: Եվ զարմանալին այն է, որ եթե այդ զեկույցի շրջանակներում ներառված մնացած բոլոր զեկույցները՝ անգամ մարտի 2-ին կայացած Ռուսաստանի նախագահական ընտրությունների ու ապրիլի 6-ին կայացած Մոնտենեգրոյի նախագահական ընտրությունների վերաբերյալ, վաղօրոք՝ դեռ անցած շաբաթավերջին կային Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում, Պրեսկոտի զեկույցի տեքստը հայտնվեց միայն նստաշրջանի բացումից հետո՝ ապրիլի 14-ին ԵԽԽՎ բյուրոյի հավանությանն արժանանալուց հետո:

Այս ծավալուն փաստաթղթի արդեն նախաբանում ասված է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները մեծ մասամբ համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին, իշխանությունները բարելավել էին ընտրական օրենսդրությունը, «սակայն բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին՝ ապահովելու դրա լիակատար իրականացումը»: Եվ Ջոն Պրեսկոտի ղեկավարած ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ անդրադառնալ այն թերություններին եւ առաջարկություններին, որոնք նշված են այս զեկույցում, հատկապես նկատի ունենալով «հանրային անբավարար վստահությունը ընտրական համակարգի եւ դրա արդյունքների հանդեպ»:

Իսկ բանավոր 4 րոպեանոց իր հաշվետվության մեջ Ջոն Պրեսկոտը Հայաստանում առկա իրավիճակը բնորոշեց իբրեւ բավական հակասական ու բարդ: Եվ ամփոփ ներկայացրեց իր զեկույցի որոշ շեշտադրումներ, մասնավորապես, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրարշավին մամուլում ավելի շատ ուշադրություն ու ժամանակ է հատկացվել, քան մնացած թեկնածուներին, թե ընտրությունների արդյունքները բողոքարկվել են մինչեւ անգամ դրանց պաշտոնապես ազդարարումը. «Ամեն դեպքում, գործ ունենք բավական լուրջ հարցերի հետ: Բայց չեմ շարունակի եւ դրանց կանդրադառնամ հինգշաբթի»:

ԵԽԽՎ անխտիր բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 17-ի առավոտյան արտահերթ քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: Երեկ որեւէ առարկություն չեղավ, որ այս հարցը ներառվի օրակարգում: Եվ չնայած նիստում նախագահողը՝ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգը խնդրեց, որ բյուրոյի ընթացիկ զեկուցի շուրջ ելույթների ընթացքում չանդրադառնան Հայաստանին՝ հաշվի առնելով գալիք քննարկումը, հնչած առաջին իսկ ելույթը վերաբերում էր հենց մեր երկրին: ԵԽԽՎ փոխնախագահ, հունգարացի Զսոլթ Նեմեթը հայտարարեց, թե վիճարկում է այն պնդումը, թե Հայաստանում անցկացված ընտրությունները համապատասխանում էին ԵԽ չափանիշներին. «Հարգելի զեկուցող, իսկ արդյոք հայտնի՞ է ձեզ, որ 9 զոհեր եղան այդ «արդար» ընտրությունների հետեւանքով: Իսկ հայտնի՞ է ձեզ, որ 100-ից ավելի քաղաքական բանտարկյալներ կան այսօր: Իսկ հայտնի՞ է ձեզ, որ այն բանից հետո, երբ վերացվեց արտակարգ դրությունը՝ ուժի մեջ մնացին այն օրենքները, որոնք սահմանափակում են ազատությունները, մասնավորապես՝ ընդունվեց օրենք, որն իրոք սահմանափակում է հավաքների ազատությունը, ընդ որում՝ սա արվեց առանց Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցությունների: Հարգելի զեկուցող, իսկ արդյոք հայտնի՞ է ձեզ, որ նման ընտրությունների անցկացման հետեւանքով ընդդիմությունը, բնականաբար, մերժում է նախագահի լեգիտիմությունը եւ պահանջում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Ես իհարկե չեմ վիճարկում ձեր բարեխղճությունը, բայց այժմ, որպեսզի լիցքաթափենք այն լարված իրավիճակը, որ կա Հայաստանում՝ հարկ կլինի կայացնել քաղաքական որոշում: Հենց այդ պատճառով Եվրոպական ժողովրդական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի իշխանություններին հնարավորություն տալ անցկացնելու անկախ հետաքննություն, ընդ որում՝ դրան պիտի մասնակից լինի նաեւ ընդդիմությունը: Եթե հայկական իշխանությունները պատրաստակամություն չհայտնեն անցկացնել նման հետաքննություն, ապա Եվրոպայի խորհուրդը, ԵԽԽՎ-ն են պարտավոր անցկացնել նման հետաքննություն»:

Շվեդ պատվիրակ Մարիետա դե Փուրբախ-Լունդինը ելույթում ասաց, թե ընդգրկված էր եղել բազմաթիվ դիտորդական առաքելությունների մեջ, բայց Հայաստանում իրավիճակն ամենավատն էր. «Հատկապես ձայների հաշվարկի ժամանակ այնտեղ, որտեղ ես էի ներկա, իրավիճակը ահավոր էր: Ամենասարսափելին այն էր, որ ընտրատեղամասի ղեկավարը տեղյակ էր, որ, օրինակ, Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված ձայները դրվում են այն ժամանակ դեռ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին»: Հավելեց, թե նկատել է Սերժ Սարգսյանի համակիր 3 երիտասարդի, որոնք այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ թարգմանչուհին իրեն զգուշացրել էր՝ «Գրառումներ արեք, բայց ոչինչ չասեք»: Զարմանք արտահայտեց, որ անգամ դիտորդի ներկայությունը տվյալ ընտրատեղամասում չխանգարեց, որ իրականացվեն խախտումներ: Ըստ շվեդ պատգամավորի՝ այդ օրը ինքը հյուրանոց վերադառնալուց հետո անգամ չի կարողացել քնել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ասուլիսում հնչել է, թե ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: «Արդյո՞ք այս կերպ մենք օգնում ենք Հայաստանի ժողովրդին,- հարցրեց նա ու պատասխանեց.- Ես կարծում եմ, որ ո՛չ»:

Դիտորդական առաքելության մեկ այլ անդամ՝ ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուան հետո իր ելույթում նշեց, թե իր շվեդ գործընկերը «բավական ծաղրանկարային պատկեր ներկայացրեց ե՛ւ մեր աշխատանքի, ե՛ւ ընտրությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ դա այդպես չէ»:

Նիստը նախագահողը մի պահ նշեց, թե ելույթ ունենալ ցուցակագրվածների ցանկը շատ մեծ է, եւ թերեւս հարկ է սահմանափակվել կամ քննարկումը շարունակել ընդմիջումից հետո, երբ կլսեն Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչին: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը լսելով, թե ելույթները կարող են եւ սահմանափակել՝ բացականչեց, թե սա շատ կարեւոր հարց է, քանի որ Հայաստանում ոչ թե 8 հոգի է զոհվել, այլ 28: Պետք է նշել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն այս առիթն օգտագործեցին: Մինչ այժմ Ադրբեջանն էր այս տարածաշրջանում առաջատարը քաղբանտարկյալների քանակով, իսկ այժմ նրանք հնարավորություն ստացան «շահեկանորեն» առանձնանալու Հայաստանի ֆոնին:

Եվ ահա Սամադ Սաիդովը ելույթում հայտարարեց, թե Հայաստանում ընտրություններ չեն եղել, եւ դրանց արդյունքներն իրականության հետ որեւէ աղերս չունեն. «Մենք քննարկելու ենք Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը, սակայն ավելի ճիշտ կլիներ քննարկելու չգործունեությա՛ն հարցը»: Առարկեց Պրեսկոտի զեկույցի հիմնական եզրահանգմանը, թե ՀՀ ընտրությունները համապատասխանում էին ԵԽ չափանիշներին. «Սա ի՞նչ է նշանակում՝ մարդկանց սպանությունները, ի՞նչ է, դարձել են ԵԽ չափանի՞շ, թե՞ կարող է ցույցերին մասնակցելու համար հարյուրավոր ձերբակալությունները նույնպես ԵԽ չափանիշ են: Ի դեպ, պատգամավորներ էլ են կալանավորվել իրենց ընդդիմադիր հայացքների պատճառով: Ի՞նչ է, դա է՞լ է ԵԽ չափանիշ: Չգիտեմ, միգուցե նո՞ր չափանիշներ են հաստատվել Եվրոպայում»:

Նույն շեշտադրումներով ելույթ ունեցավ նաեւ Գանիրա Փաշաեւան՝ հավելելով, թե իր ներքաղաքական խնդիրներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Հայաստանը հայտարարեց Ադրբեջանի կողմից հարձակումների եւ զոհերի մասին:

Այս ամենն էր թերեւս պատճառը, որ Հայաստանի պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նման ակնարկ արեց, թե ինչ թերություններ էլ լինեն իր երկրում՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն, որ պիտի մեղադրանքներով հանդես գան, սա մեր՝ Հայաստանի գործն է: Իսկ Պրեսկոտի զեկույցի մասին էլ ասաց, թե դրա եզրակացությունները չեն համապատասխանում բովանդակությանը:

Նիստը նախագահողն առաջարկեց սահմանափակել ելույթները, թեեւ դեռ բազմաթիվ հերթագրվածներ կային, մասնավորապես՝ Հերմինե Նաղդալյանը եւ Գյուլթաքին Հաջիեւան:

Մինչ կհաստատվեր ԵԽԽՎ բյուրոյի ընթացիկ զեկույցը՝ իր բոլոր բաղկացուցիչ զեկույցներով հանդերձ, եզրափակիչ ելույթում Ջոն Պրեսկոտն արդարացավ, թե իրենք դիտարկել են ընտրությունները, ոչ թե ընդհանուր խնդիրները. «Ուզում եմ ասել, թե չի կարելի ասել, որ խախտվել են ԵԽ բոլո՛ր չափանիշները՝ սա անհեթեթություն է: Մենք զեկույցում ասել ենք, թե ինչ է արվել եւ ինչ չի արվել: Մենք կուզենայինք, որ արվեր ավելին: Ինչ վերաբերում է հետաքննությանը՝ մենք առաջինն ենք պատրաստ հանդես գալ հօգուտ նման հետաքննության: Եվ դա մենք կասենք հինգշաբթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել