Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»

Ապրիլ 17,2008 00:00

Գ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով»

Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ են արել, ոմանք էլ «լուծարել» են գլխավոր խաղացանկային թատրոնն ու տեղը show-club բացել: Չնայած ասեկոսեների ալիքին, Մայր թատրոնը շարունակում է ներկայացնել պրեմիերաներ: Ժամանակին աղմկալի ընդունելություն ունեցած եւ բազմաթիվ վեճեր ծնած «Կտակից» հետո սունդուկյանցիները կարծես չէին ցանկանում մոտենալ սունդուկյանական այս կամ այն գործին, հավանաբար գիտենալով, որ ամեն մի անդրադարձ նոր վեճերի ու կրքերի առիթ է դառնալու: Օրերս թատրոնն ու բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը ներկայացրին Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհը», որի պրեմիերային ներկա էր նաեւ «Առավոտը»:

Փաստ է, որ դասականների «մոդեռնիզացիան» մեր օրերում համընդհանուր բնույթ է կրում: Հասկանալի է նաեւ, որ անիմաստ է դասականներին (տվյալ դեպքում՝ Սունդուկյան) բեմադրել այն գեղագիտությամբ, որն ընդունված էր 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարի սկզբին: Բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը, ջանացել էր հեռանալ թատերագրական կաղապարներից, այդպիսով կապեր հաստատելով ստեղծագործության ու ժամանակի մտածողության միջեւ, բեմադրիչ-նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ գնացել էր դեպի բեմանկարչական «մոդեռնը», բայց այդպես էլ բեմադրության մեջ նրա աշխատանքը ընդգծված իմաստավորում չէր ստացել:

Նշենք, որ դռան բանալու անցքն ու դրա միջից երեւացող Սունդուկյանի դեմքը հետաքրքիր էր: Բայց ինչի՞ն էր այդպես նայելու «բատոնո» Սունդուկյանը, երբ բեմադրության մեջ իրար էին բախվել երկու տարբեր բեմադրական մոտեցումներ: Այսպես, առաջին գործողության որոշակի հստակությունը, օրինակ՝ Մուրաթովների տան գունային «կադրը» ամենեւին հարիր չէր Բրիլիանտովի որդու ու դստեր «գերժամանակակից» պահվածքին՝ երկրորդ գործողությունում: Նշենք, որ բեմադրության ընթացքում դեկորները չփոխվեցին: Ոչ մի կերպ չընկալվեց, թեեւ պրոֆեսիոնալ, բայց այս պիեսի հետ կապ չունեցող կորդեբալետի ներկայությունը: Մի խոսքով՝ հետաքրքիր լուծումներն ու շաբլոնը միախառնվել էին բեմադրության մեջ: Այս առիթով որոշ թատերագետներ «Առավոտին» խորհուրդ տվեցին հապշտապ եզրակացություններ չանել, չշտապել դատավճիռ գրել, հիմնավորելով, թե կոնկրետ այս բեմադրությունը ստիպում է մի կողմ թողնել ավանդական շատ ընկալումներ եւ մտածել նոր թատրոնի գեղագիտական պրպտումների մասին…

«Էլի մեկ զոհում» իրենց խաղով առանձնացան Ժենյա Ավետիսյանը (Սալոմե), Աիդա Բաբաջանյանը (Բարբարա), Ալբերտ Սաֆարյանը (Սարգիս): Վերջին շրջանում որպես շնորհալի երիտասարդ դերասաններ շատ է խոսվում Ծովինար Մարտիրոսյանի ու Անդրանիկ Խաչատրյանի մասին: Ա. Խաչատրյանին մասնագետները նույնիսկ տաղանդավոր են համարում: Իսկ «Առավոտի» հետ զրույցում թատերագետներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշում էր, որ «երիտասարդ արտիստների կերտած Անանի ու Միքայելի կերպարները ռեժիսորական ճիշտ բանալիով չէին բացված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել