Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՍԵՐՈԺԻԿԸ»

Մայիս 10,2008 00:00

Ներկայացման «պլյուսներն» ու «մինուսները»

Սիրված դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), անշուշտ, շատերից առանձնանում է իր ձեռագրով: Իմ կարծիքով, անգամ անհամ հեռուստասերիալում նկարահանվելը բացասաբար չի անդրադառնում նրա արտիստական վարկանիշի վրա: Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում առիթ ունեցա դիտելու նրա «Սերոժիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Սերժ Հովսեփյան): «Յոժը» խաղում էր մենակ՝ մի ողջ թատերախմբի փոխարեն: Եվ մտահղացումն էր հետաքրքիր, եւ խաղը, եւ պատկերային էֆեկտները: Բեմում մի Սերգեյ Դանիելյան խոսում էր մեկ ուրիշ՝ պաստառին երեւացող Սերգեյ Դանիելյանի հետ: Մեկ էլ բեմի «Յոժը» մտնում էր պաստառի մեջ ու հակառակը… Հանդիսատեսն էլ էր հանպատրաստից հայտնվում ներկայացման մեջ, որովհետեւ Սերգեյը իր մարմնավորած հերոսներից մեկի բերանով նկատողություն էր անում, օրինակ՝ ուշացած ներս մտնողներին, իրենց տեղը անշտապ փնտրողներին եւ այլն:

Ներկայացումն առաջին հայացքից թեթեւ, հումորային էր, բայց իրականում բազմաթիվ շերտեր ու խորք ուներ: Տպավորիչ խաղը, թերեւս, շատ չտուժեց բեմի լեզվին ոչ հարիր հայհոյախառն արտահայտություններից… Մյուս կողմից՝ իմ կարծիքով, ինչքան էլ այսօրեական ու կենցաղային պատկերներ ներկայացվեն, միեւնույն է՝ բեմի լեզուն չպետք է գռեհիկ լինի: Ներկայումս մոդայիկ ու համարձակ համարվող հայհոյախառն արվեստը չի կարող մնայուն լինել՝ անկախ նրանից, թե քանի մրցանակ է շահել… Ասում են՝ Սերգեյը չի խաղում, երբ դահլիճում երեխա է տեսնում, բայց մի՞թե մեծահասակներին «հակացուցված» չէ վատ բառեր լսելը:

«Սերոժիկի» թեման հայկական ընտանիքը եւ, ընդհանրապես, հայ ժողովուրդն էր՝ եղեռն տեսած ու այն փոքրիկ երեխային իբրեւ տխուր հեքիաթ հրամցնող գյումրեցի մամիկ, վարտիքով տան մեջ շրջող ու կնոջ հետ յոլա չգնացող հայր, աշխարհի բոլոր գյումրեցիներին ատող ռուսախոս մայր, նրան տանել չկարողացող, քաղաքի բոլոր վարորդների հետ քնող՝ տանը մնացած կաղ հորաքույր, ռազմաճակատի դաժանությունները երեխային առիթ-անառիթ պատմող՝ ցնցում տարած պապիկ… Խեղճ Սերոժիկը ամենքի հետ ստիպված է վերապրել ամենքի գլխով անցածը: Ներկայացումը քաղքենիությունը, չտեսությունը, ճոռոմությունը եւ բոլոր ոչ ցանկալի երեւույթները մերժելու մի ինքնատիպ ակցիա է: Օրինակ, «տողատակում» շատ թափանցիկ ասվում է, որ չարժե փոքրիկ երեխային սարսափեցնել ցեղասպանության ու հայերին կոտորած, խոշտանգած, բռնաբարած թուրքերի դաժանությունների մասին պատմություններով՝ այն աստիճան, որ երեխան վախից լաց լինի կամ նյարդայնանալով հայհոյի աջուձախ, փոքրիկները պետք է անհոգ մանկություն ու սիրուն երազանքներ ունենան եւ ոչ թե համակվեն մեծահասակների հոգսերով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել