Լրահոս
Օրվա լրահոսը

Գազալցակայանն՝ ավտովթարների պատճառ

Հունիս 04,2008 00:00

Չնայած դրան, բոլոր պատասխանատու կառույցներն այն շահագործելու թույլտվություն են տվել

Երեւան-Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհների հատման մասում գազալցակայան է կառուցվում: Այս շինությունը Աշտարակի քաղաքապետարանի կողմից տրված եւ հաստատված նախագծից փոքր-ինչ տարբերվում է: Գազալցակայանը կառուցվել է կամրջի վրա ու հենց այդ է պատճառը, որ մի քանի նորմեր կառուցապատողը «ստիպված» խախտել է:

Նախագծով հաստատված չէ գազալցակայանի պարիսպների կառուցումը, սակայն սեփականատերն այն համառորեն կառուցել է, ինչը խանգարում է երթեւեկությանը: Նկատենք, որ գազալցակայանի սեփականատերը Սպիտակ քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արտյոմ Մակարյանն է, ով, հավանաբար, իր դիրքն օգտագործելով, օբյեկտը կառուցել է նախագծային շեղումներով: Նախքան գազալցակայան մտնելը՝ հիմնական մայրուղուց մեքենաների համար պետք է 3,6 մետր լայնքով ճանապարհ պահպանված լինի, որպեսզի մեքենաները հեշտությամբ արգելակեն ու երթեւեկությանը չխանգարելով մտնեն լցակայան: Բացի այդ, 3,6 մետր ազատ տարածությունը պետք է պահպանվի 50 մետր երկարությամբ՝ մինչեւ գազալցակայան հասնելը: Ինչը նույնպես խախտվել է: Նշենք, որ այս նորմերն ամրագրված են ճանապարհային ոստիկանության կողմից տրված փաստաթղթում եւ կառուցապատման նախապայմաններից են:

Այս գազալցակայանի անհարմարության մասին օրերս «Առավոտին» են դիմել Աշտարակի քաղաքացիներ: Աշտարակցիների խոսքերով՝ գազալցակայանին հարող ճանապարհահատվածն առանց այդ էլ շատ վտանգավոր գոտի է եւ այդ հատվածում պարբերաբար ավտովթարներ են լինում, իսկ գազալցակայանի կառուցումից հետո դրանց թիվը կրկնապատկվել է: Բնակիչներից մեկի՝ Լիլիթ Սարդարյանի խոսքերով, ինքը մի կերպ է մահից փրկվել. «Մեքենայի տակ էի ընկնում, տեղ էլ չկար փախչելու, եթե մեքենայի վարորդը ժամանակին չարգելակեր՝ ես հիմա չէի լինի: Իմ դեպքից մի քանի օր հետո այդ տարածքում մեր քաղաքից մի ուրիշ կին ընկավ մեքենայի տակ եւ մահացավ»: Այս բողոքներով քաղաքացիները դիմել են ՀՀ նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայություններ, սակայն որեւէ մեկը գազալցակայանի սեփականատիրոջ «խաթրին» չի կպել: Աշտարակի քաղաքապետարանի միջնորդությամբ միայն քանդվել է նախկինում կառուցված անօրինական կցակառույցը: Նշենք նաեւ, որ Լիլիթ Սարդարյանը վերջերս կրկին դիմել է հանրապետության նախագահին: Նրա դիմումն ուղարկվել է տարածքային կառավարման նախարարություն, որտեղից էլ Արագածոտնի մարզպետարան: Տիկնոջ ներկայացմամբ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը պատասխանել է, որ «սեփականատերն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»:

Չնայած սեփականատերն իր օբյեկտը կառուցում է շինարարական նորմերի խախտմամբ, օրերս մի շարք պատասխանատու կառույցներ՝ ճանապարհային ոստիկանությունը, «Հայջրմուղկոյուղին», գազի վարչությունը տվել են իրենց վերջնական համաձայնությունը՝ գազալցակայանը շահագործելու: Հենց դա էլ հիմք ընդունելով՝ Ա. Մակարյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը բոլոր հիմքերն ունի մեկ-երկու օրից գազալցակայանը բացելու. «Այս տարածքում աշխատատեղեր եմ ստեղծում, մոտ 50 հոգի աշխատելու են, ես էլ նրանց 100-150 հազար դրամ աշխատավարձ եմ տալու: Տարածքն էլ բարեկարգել եմ, մարդիկ առաջ գալիս էին կեղտոտ տեղում էին «մարշրուտկայի» սպասում, հիմա բարեկարգել եմ, ցայտաղբյուրներ եմ դրել, շուտով «բեսեդկա» եմ դնելու, գան հով-հով նստեն»: Մեր հարցին, թե ինչու ճանապարհային ոստիկանության նշված նորմերը չեն պահպանվել, պատասխանեց. «Դա նրանց խնդիրն է, իմը չէ»:

Այս խնդրի առնչությամբ Աշտարակի քաղաքապետարանի ճարտարապետ Նշան Մարտիրոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ այս գազալցակայանի կառուցման ընթացքում նախագծում սահմանված նորմերը պահպանվել են: Մեր այն դիտարկմանը, որ որոշ նորմեր էլ չեն պահպանվել, նա պատասխանեց. «Մենք նախքան լցակայանի բացումը կատարում ենք ավարտի փաստագրում ու եթե ամեն ինչ համապատասխանում է նորմերին, թույլ ենք տալիս այն բացել»: Մեր հարցին՝ իսկ եթե՝ ոչ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե այդ շինությունը մարդկանց կյանքի համար վտանգավոր նորմեր է խախտել, անպայման ենթակա է քանդման»: Նշենք, որ Աշտարակի քաղաքապետարանը դեռ չի տվել իր փաստագրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30