Լրահոս
Օրվա լրահոսը

Լսողությունը՝ 20 հազար եվրո

Հունիս 18,2008 00:00

Վիրահատված 2,5 ամյա Ռոմիկը իր նոր լսողական սարքը համբուրում՝ նոր է քնում

Այսօր մեր երկրում լսողական խնդիրներ ունեցող մոտ 800 երեխա է հաշվառված: Այդ երեխաներից ոմանց լսողությունը հնարավոր է վերականգնել, սակայն, ինչպես մասնագետներն են վստահեցնում, դա շատ թանկ հաճույք է: Ճիշտ է, բուն վիրահատությունը կատարվում է անվճար, սակայն լսողական ապարատը շատ թանկ արժե՝ մոտ 20 հազար եվրո: Առողջապահության նախարարությունից «Առավոտին» վստահեցրին, որ իրենք չեն կարող բոլորի համար սարք գնել, տարեկան ընդամենը 1-2 երեխայի համար են գումար հատկացնում: Նշենք, որ մեր հանրապետությունում նման խնդիրներ ունեն հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Եվ քանի որ ապարատն այդքան թանկ արժե, իսկ ՀՀ բյուջեն նման ծախսեր չի նախատեսում, ուստի ծնողների միակ հույսը հովանավորներն են. բարերար կգտնվի՝ երեխան կլսի, չի գտնվի՝ այդպես էլ կմնա: Մինչդեռ բժիշկները վստահեցնում են, որ շատ կարեւոր է երեխային վիրահատել մինչեւ 5 տարեկանը, քանի դեռ խոսքը չի զարգացել, հակառակ դեպքում՝ արդյունք գրեթե չի լինի:

Մեզ մոտ լսողական խնդիր ունեցող երեխաները հաշվառված են «Արաբկիր» բուժմիավորման մանկական հանրապետական սուրդոկենտրոնում, որտեղ նախքան վիրահատության ուղեգրելը՝ երեխաները հետազոտվում են: Արդեն 4 տարի է՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաների վիրահատությունը կատարվում է «Էրեբունի» բուժկենտրոնում: Կենտրոնի սուրդոմանկավարժ Ինեսա Հարությունյանի պատմելով, երեխայի լսողությունը զուտ վիրահատությունով չի վերականգնվում, եւ հետվիրահատական շրջանն ավելի աշխատատար է լինում. «Փաստորեն, մի քանի տարի երեխան ոչինչ չի լսել, իսկ վիրահատությունից հետո սկսում է ինչ-որ ձայներ լսել: Ճիշտ է, մենք երեխաների հետ պարապում ենք, նրանք աստիճանաբար են սկսում ընկալել այդ ձայները, բայց լրիվ վերականգնումը տեւում է մոտ երեք տարի»:

Այդ տարիների ընթացքում 20 երեխա է վիրահատվել. ամենափոքրը 2 տարեկան է եղել, իսկ ամենամեծը Ջավախքից է՝ 24 տարեկան: Ի. Հարությունյանի պատմելով՝ բոլոր երեխաները լսողական ապարատի նկատմամբ շատ ուշադիր են. «Մանկապարտեզ հաճախող երեխաները թույլ չեն տալիս որեւէ մեկը այդ սարքին նույնիսկ դիպչի: 2,5-ամյա Ռոմիկը, երբ վիրահատությունից հետո սկսել էր լսել ու հասկացել էր, թե ինչքան կարեւոր է այդ սարքը, ծնողների պատմելով՝ քնելուց առաջ սարքը ականջից հանում էր, համբուրում՝ պահում տուփի մեջ»: Բժիշկների ներկայացմամբ, ծնողները դժվարությամբ են համաձայնում, որ երեխան վիրահատվի. «Մտածում են՝ ամոթ է, որ ականջի մոտ երեւա այդ սարքը, բայց հետո հասկանում են, որ ավելի կարեւոր է երեխայի լսողության վերականգնումը»:

Ի. Հարությունյանի խոսքերով, հիվանդանոցը մեծ դժվարությամբ է հովանավոր գտնում, սակայն կան մարդիկ, որոնք իսկապես պատրաստակամություն են հայտնում օգնել: Իսկ երբ գումարը հայթայթվում է՝ առաջնահերթ վիրահատում են այն երեխային, որի 5 տարին շուտով պետք է լրանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել