Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՃԽ-Ն ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՖՈՐՄԱՏԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Հուլիս 26,2008 00:00

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե Հարավային Կովկասի հակամարտ գոտիներում առճակատումն ուժեղացել է: Նշելով, որ հատկապես բարդ է իրավիճակը վրաց-աբխազական հատվածում, նա հավելել է, թե «դա չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտությունը նվազ վտանգավոր է»: Սաբինա Ֆրեյզերի խոսքերով, առճակատման մեջ գտնվող կողմերն ավելացնում են իրենց ռազմական բյուջեները, ինչը մեծացնում է ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը:

Լարվածության աճի պատճառները, ըստ փորձագետի, տարբեր են. մասնավորապես, հակամարտությունները ձգձգվում են արդեն տասը տարուց ավելի, եւ մարդիկ չեն հավատում խաղաղ կարգավորմանը: Բացի այդ, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը զարգանում են, նրանց տնտեսությունները ամրապնդվում են, ինչն այդ պետություններին վստահություն է հաղորդում բանակցությունների ժամանակ իրենց դիրքերը պաշտպանելիս:

Հարցին, թե տարածաշրջանի հակամարտություններից ո՞րը կարող է ավելի արագ կարգավորվել, Սաբինա Ֆրեյզերը պատասխանել է, որ բանակցությունները եւ գործընթացները ավելի ակտիվ են վրաց-աբխազական հակամարտության շուրջ՝ ի համեմատ ղարաբաղյան հակամարտության: Նրա կարծիքով, կարելի է Վրաստանի հաջողությունը համարել հակամարտության կարգավորման գործում Եվրամիության ներգրավումը, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի մասին՝ Ֆրեյզերը հնարավոր է համարել դրա փոփոխության շուրջ մտածելը: Տարբերակներից մեկը, ըստ նրա, Եվրամիության միջնորդական դերի մեծացումն է: Միաժամանակ, Սաբինա Ֆրեյզերը շեշտել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի ձեւաչափը, ապա պետք է փորձի ստանալ Հայաստանի համաձայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել