Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԷԼ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵԿԵՆԱՍՆԵՐ»

Օգոստոս 01,2008 00:00

\"\"Կարծում է պրոդյուսերության ոլորտում բազմամյա փորձ ունեցող Զառա Պետրոսյանը

Չնայած վերջին տարիներին հիմնված հայաստանյան պրոդյուսերական կենտրոնները, այսպես թե այնպես, ծավալում են գործունեություն, սակայն, շատերի համոզմամբ, այդ ինստիտուտը դեռ սաղմնային վիճակում է: Պատճառներից մեկն այն է, որ բոլոր, այդ թվում՝ մշակութային ոլորտում մենաշնորհային վիճակներ են տիրում, ինչը խանգարում է պրոդյուսերական ինստիտուտի կայացմանն ու միջազգային փորձի ներկրմանը:

«Առավոտը» զրուցեց երաժիշտ, ռեժիսոր, պրոդյուսեր Զառա Պետրոսյանի հետ, որի անունը ավելի շատ հայտնի է արտերկրում, քան Հայաստանում: Հիշեցնենք, որ նա պրոդյուսերական գործունեությամբ զբաղվում է 1999-ից, առաջին անգամ երգչուհի Վարդուհի Վարդանյանին է ներկայացրել Վիտեբսկում կայացած «Զոլոտոյ շլյագեր» երիտասարդ երգիչների միջազգային մրցույթում: Այնուհետեւ շուրջ 25 երկրում, այդ թվում՝ Բուլղարիա, Մակեդոնիա, Չինաստան, Մալթա, Չեխիա, Մոլդովա, Ուկրաինա եւ այլն, պրոդյուսերի աշխատանքի շնորհիվ 12 հայ երգիչներ (Անդրե, Լիանա, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Սաֆարյան, Անի Քրիստի, Էմմա Ասատրյան, Սերգեյ Գրիգորյան, Էրիկ եւ այլք) արժանացել են 29 մրցանակի: Վերջերս էլ Զ. Պետրոսյանը եւ երգիչ Սերգեյ Գրիգորյանը վերադարձան Վիտեբսկում անցկացված «Սլովյանսկի բազար» միջազգային մրցույթից, բերելով «Միր» միջպետական հեռուստաընկերության սահմանած հատուկ մրցանակը եւ $2000, որը հավասարազոր էր 3-րդ մրցանակին:

Մինչ անդրադարձը հայաստանյան պրոդյուսերական դպրոցներին, Զ. Պետրոսյանը նշեց, որ թեեւ քանիցս ինքը առնչվել է ԱՊՀ երկրներում անցկացված միջազգային մրցույթներին ու այս կամ այն երգչի հետ վերադարձել մրցանակներով, այնուամենայնիվ, իրեն չի գոհացնում ժյուրիների աշխատանքի արդյունքը, պարզ պատճառով՝ «ամբողջը քաղաքականություն է»: Եվ օրինակ բերելով «Սլովյանսկի բազարը», փաստեց, որ այդտեղ իրենց «մշտական» մրցանակներն ունեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան. «Այլ երկրների մասնակիցների համար համարյա տեղ չի մնում»: Անդրադառնալով հայաստանյան պրոդյուսերական դպրոցներին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դրանց կայացման համար անհրաժեշտ է, որ նախ պրոդյուսերը լինի գրագետ, ունենա նուրբ ճաշակ եւ պրոֆեսիոնալ մոտենա աշխատանքին. «Մեծ նշանակություն ու դեր ունեն նաեւ միջոցները»: Իսկ թե կոնկրետ որտեղի՞ց է հայթայթում դրանք, այս հարցին էլ Զ. Պետրոսյանն ասաց. «Պրոդյուսերական աշխատանքիս համար գումարի հայթայթումը, իմ դեպքում, հիշեցնում է շախմատային խաղ: Աշխատելով երգիչների հետ, վաճառելով երգեր, դրսից եկած օգնությունը ներդնում եմ սիրածս աշխատանքում: Չէի ասի, որ դա ճիշտ «աշխատաոճ» է, բայց ես սիրում եմ այս գործը: Դնելով իմ առջեւ խնդիր, միշտ հասնում եմ նպատակիս: Ընդ որում, եթե պրոդյուսերն ունենում է շոշափելի գումար, իրեն ազատ է զգում բոլոր գործողություններում: Նաեւ կնքում եմ պայմանագրեր երգիչների հետ եւ նրանց շահած գումարային մրցանակներից ունենում տոկոսներ»:

Հետաքրքրությանը, թե մեր երկրում ընդհանրապես գնահատվո՞ւմ է պրոդյուսերի աշխատանքը, Զ. Պետրոսյանը միանշանակ պատասխանելով՝ ոչ, առանց մանրամասնելու էլ հավելեց. «Հաճախ մեր ոլորտում գործող տղամարդ պրոդյուսերներին նյարդայնացնում են իրենց կին կոլեգաների ձեռքբերումները… Եվ պետությունը, եւ մեծահարուստները պետք է աջակցեն պրոդյուսերի աշխատանքներին, մի խոսքով՝ այս դաշտին անհրաժեշտ են մեկենասներ, ինչը ընդունված է Արեւմուտքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել