Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԶԱՅՐԱՑԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մեր զրուցակիցների կարծիքով՝ այն պատճառով, որ հարկային մարմիններում կա ընդդիմություն՝ կատարվող բարեփոխումներին:

Հեռուստատեսությամբ նախագահի զայրույթը տեսան բոլորը, նաեւ նրանք, ովքեր իրենք էլ պակաս զայրացած չեն նույն հարկայինների վրա: «Վիրահատական միջամտություն» կատարելով այս մարմնում, նախագահը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ է դա անում. «Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ՝ ավելի վատ»: Հարկային դաշտում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը զգուշացրել էր դեռ ամիսներ առաջ՝ գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Պետական եկամուտների կոմիտեի ստեղծումը քաղաքական ուժերն ու գործարարները գնահատում են տարբեր դիրքերից, սակայն բոլորն էլ կիսում են Սերժ Սարգսյանի զայրույթը, պարզապես չեն թաքցնում, որ դա իրենք այլ կերպ կդրսեւորեին: ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագիտության պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ բարդ խնդիրների առաջ ենք կանգնած, եւ դրանք լուծում են պահանջում. «Ակնհայտորեն՝ ֆինանսական հնարավորություններն այդ նպատակների համար սուղ են, եւ հիմնականում պետական գանձարանը մատակարարողները հարկային եւ մաքսային մարմիններն են: Ինչ վերաբերում է նախագահի կտրուկ եւ բավականաչափ կոշտ հարցադրմանը, ապա դա տեղին էր, քանի որ հասարակությանը հայտնի է, որ տվյալ համակարգերն արդյունավետ չեն, մինչեւ անգամ պետության համար խիստ բացասական են աշխատում, եւ հնարավոր է, որ նախագահն այդ հարցում նման խիստ տոնայնություն ապահովի: Սակայն մտածում էի, որ պատժամիջոցը՝ պատժամիջոց, բայց կարելի էր այդպես չբարձրաձայնել: Բայց մյուս կողմից էլ կարծում եմ, որ բարձրաձայնելն էր ճիշտ, քանի որ ժողովուրդը մի՞թե չգիտի, թե հարկայիններն ինչպես են իրենց պահում եւ ինչպես են շփվում ժողովրդի հետ: Դրանով մի տեսակ վստահություն է մտնում ժողովրդի մեջ, որ երկրում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի գնահատականը հարկային եւ մաքսային մարմինների միացման մասին՝ հետեւյալն է. որպես կանոն, այս երկու մարմիններն ունեն խնդիրներ, որոնք ոչ միայն արդյունավետ չեն կարող լուծվել միավորման արդյունքում, այլ նաեւ կարող են նոր խնդիրներ ծագել, սակայն պատգամավորը նաեւ հետեւյալն ասաց. «Բայց կարող են լինել առանձին փուլեր, երբ հարկային եւ մաքսային մարմինների միավորումը կարող է նպաստել դեպի տնտեսության իրական աճ, դա այն դեպքն է, երբ տնտեսության մեջ հավասարակշռված են արտահանման եւ ներմուծման սահմանները: Մեզանում, ցավոք, այդպես չէ, գերազանցապես ներմուծման տնտեսություն է, տա Աստված, որ այս մտավախություններս ի չիք դառնան, եւ նախագահի այս քայլն արդարացվի»: Մեր հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ էր այդքան խիստ տոնով խոսում Ս. Սարգսյանը հարկայինների հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նախագահը շատ ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում, եւ մեղադրանքները, որ հնչեցին՝ արդարացի են, եւ շատ հնարավոր է, որ, այո, կան լուրջ խոչընդոտներ: Մասնավորապես, ես էլ եմ տեղյակ, որ հարկային մարմիններում կա ընդդիմություն այս բարեփոխումների ուղղությամբ, եւ հաճախ հարկային մարմինների ծառայողներն իրենք են սաբոտաժի ենթարկում բարեփոխումների ընթացքը, եւ դա կարող էր շատ լուրջ խոչընդոտ դառնալ իրականացվող բարեփոխումների համար: Եթե նախագահի զայրույթի պատճառը դա էր, ապա, կարծում եմ՝ արդարացված էր, իհարկե, ոճի առումով ես որոշ վերապահումներ կունենայի, բայց, մյուս կողմից, կարծում եմ, այդ քայլով նախագահը ցույց է տալիս, որ ինքը վճռական է տրամադրված, որ չի հանդուրժելու նման վերաբերմունք, երբ մատների արանքով են նայում բարեփոխումներին կամ պետական լիազորությունների եւ գործառույթների իրականացմանը: Դա վարչարարության երեւի ամենախիստ մեթոդներից մեկն է եւ, կարծում եմ, դեռ կլինեն լուրջ կադրային փոփոխություններ հարկային արդեն վերակազմավորված մարմնում»: Պարոն Մինասյանից փորձեցինք հստակեցնել՝ հարկային մարմիններում առկա ընդդիմությունը, որի մասին ինքն ասաց, արդյոք նախկին նախագահից մնացած «ժառանգություն» չէ՞, նա պատասխանեց. «Եթե խոսենք քաղաքականության սկզբունքների մասին, ես կասեի՝ ոչ, որովհետեւ բարեփոխումները, որոնք նախատեսված են, միայն այս կառավարության բարեփոխումները չեն, դրանք բարեփոխումներ են, որ հաստատվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ եւ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ եղած ժամանակ: Եթե խոսքը գնում է զուտ կադրային բազայի մասին, ապա դա եւս չեմ կիսում, կարծում եմ այստեղ ավելի շատ պատասխանատվության հարցն է գերիշխող՝ արդյոք անձը կամ թիմը պատրա՞ստ են իրենք իրենց վերափոխել եւ իրականացնել այս արմատական փոփոխությունները: Կարծում եմ նախագահի զայրույթն ուղղված էր նրան, որ մարդիկ պատրաստակամ չէին բարեփոխվելու»: Ըստ Արծվիկ Մինասյանի, կատարվող փոփոխությունների արդյունքները կերեւան 6-ից 12 ամիս հետո:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել