Լրահոս
Օրվա լրահոսը

Նորակերտի արտերը մնացել են ջրի տակ

Օգոստոս 23,2008 00:00

Գյուղացիները հսկայական վնասներ են կրել, սակայն մարզպետարանի պաշտոնյաները կարծում են, որ ջրհեղեղը դեռ մի բան էլ նպաստել է, որ բերքը փարթամանա:

Գեղարքունիքի Նորակերտ գյուղի ցորենի արտերն արդեն մի քանի տարի մնում են ջրի տակ՝ հսկայական վնասներ պատճառելով գյուղացիներին: Այս գյուղի կողքով անցնող 2 ջրատարները, որոնց միջոցով անձրեւներից եւ ձնհալից առաջացած ջրերը պետք է թափվեն Գիլի գետը, տարիների ընթացքում կուտակված աղբի ու հողի պատճառով խցանվել են, ինչի հետեւանքով հարյուրավոր հեկտարներով արտեր հեղեղվում են ջրով:

«Առավոտի» հետ զրույցում Նորակերտի բնակիչները պատմեցին, որ այս պատճառով միայն նախորդ տարի մոտ 500 հեկտար առատ բերքով հողատարածք մնացել է ջրի տակ. «Այս տարի էլ է բերքը բավականին առատ: Սակայն կոմբայնը չի կարողանում մտնել արտ, որ բերքը հավաքի, քանի որ ցորենի հասկերը կիսով չափ ջրի տակ են հայտնվել: Ախր սա մեկ-երկու գյուղացու հող չէ, մի ամբողջ գյուղ այս վիճակում է»: Գյուղացիների հավաստմամբ, Նորակերտի մոտ 150 ընտանիք հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանց եկամտի միակ աղբյուրը ցորենն է. «Անգամ 1 կգ ցորեն չեմ հավաքել: Երեկվա դրությամբ կոմբայնը եկել էր, որ բերքը հավաքի՝ չկարողացավ արտ մտնել: Ես հրաժարվել եմ հողի հարկ մուծել, ասում եմ՝ փոխհատուցում տվեք, ես էլ վճարեմ: Բա մեր եղած-չեղած ապրուստը ջրի տակ է մնացել: Մեր նախնիները Արեւմտյան Հայաստանից են գաղթել, բա լավ չէ՞ր մնայինք էնտեղ, բա սա օյի՞ն է, որ էս պետությունը մեր գլխին է դնում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Նորակերտի բնակիչ Վարուժան Վարդանյանը: Գյուղացիները բազմիցս դիմել են գյուղապետարան, որի միջոցով նամակ են հղել կառավարությանը, բայց նրանք ոչ միայն որեւէ կոպեկի փոխհատուցում կամ աջակցություն չեն ստացել, այլ անգամ նամակն է անպատասխան մնացել: Գյուղացիների տեղեկացմամբ, կառավարությանը դիմելուց հետո՝ Գեղարքունիքի մարզպետարանից, արտակարգ իրավիճակների նախարարությունից, ազգային անվտանգության կառույցից մասնագետներ են եկել ու տեղում համոզվել, որ խցանված ջրատարների պատճառով գյուղացիների բերքը պարբերաբար վնասվում է, սակայն հարցին այդպես էլ ոչ մի լուծում չեն տվել:

Նորակերտցիների ներկայացմամբ. «Եթե բնական աղետ լիներ, գոնե կհասկանայինք, որ բնության դեմն առնել հնարավոր չէ, բայց էսքան չարչարվում ենք, քրտինք ու գումար ենք թափում ու կառավարության անտարբերության պատճառով, բառիս բուն իմաստով՝ ամեն ինչ ջուրն է լցվում: Գնում են այլ երկրներից են ցորեն առնում ու ներմուծում, փոխանակ օգնեն մեր եղածը պահենք, օգնեք գյուղացուն՝ նոր մտածեք դրսից բերելու մասին: Մեր գյուղում ցորենի ու գարու բերքը միշտ շատ լավ է լինում, բայց, արի ու տես, բերքահավաքը սկսելուն պես մի թարս բան է լինում, անձրեւներ են գալիս, ու մենք մնում ենք առանց ապրուստի միջոցի»: Ըստ գյուղացիների, շատերն այդ հողատարածքն օգտագործում են վարձակալական հիմունքներով, բացի այդ, ոմանք նաեւ ցորենի սերմն են պարտքով գնում՝ հույս ունենալով, որ բերքը հավաքելուն պես կկարողանան եւ վարձը վճարել, եւ սերմի պարտքը վերադարձնել, սակայն բերքը ջրի տակ մնալով՝ կրկնակի պարքի տակ են ընկնում:

«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանն էլ հաստատեց, որ հեղեղատար ջրանցքը փակ է եւ Նորակերտ գյուղի ցորենի ու գարու արտերը պարբերաբար մնում են ջրի տակ, իսկ այս տարվա գարնանը նման դեպք արձանագրվելուց հետո վնասները հաշվարկել են ու արձանագրել, որ գյուղին 20 միլիոն դրամի վնաս է պատճառվել: Սակայն մարզպետարանն իր հաշվարկները գյուղատնտեսության նախարարությանը չի ներկայացրել. «Սպասել ենք, որ տեսնենք, թե ջրհեղեղից հետո արտերը ինչ վիճակում կլինեն: Ըստ էության, ոչ մի վնաս էլ չի եղել: Հակառակը՝ դրանից հետո բերքն ավելի է փարթամացել»: Ինչ վերաբերում է ջրատարի վերանորոգմանը, պարոն Ղուկասյանի տեղեկացմամբ, այս տարի դրա համար գումար չկա, սակայն գյուղնախարարը խոստացել է մյուս տարի անպայման տրամադրել. «Ջրատարի մոտ 5 կմ հատվածը պետք է մաքրվի, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված: Մոտ 100 միլիոն դրամ է պետք»: Ա. Ղուկասյանի խոսքերով, մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Նորակերտ եւ պարզել, որ երեկվա դրությամբ մոտ 80-90 հեկտար ցորենի արտեր լցված են ջրով. «Մի քանի օր է՝ մեզ մոտ անձրեւում է, գյուղացիները սպասում են, որ անձրեւը կտրվի, արտը մի քիչ չորանա ու բերքը հավաքեն, մեկ էլ նորից անձրեւ է գալիս: Հիմա էլ գյուղացիները մտավախություն ունեն, որ անձրեւները երկար կտեւեն ու արտերը չեն չորանա: Մնում է, որ բնությունը 5-6 օր բարեհաճ լինի ու անձրեւ չգա, մենք էլ հավելյալ կոմբայներ ենք բերելու, որ անձրեւների կտրվելուն պես բերքը արագ-արագ հավաքենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել