Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «քարերի սիմֆոնիան»

Սեպտեմբեր 06,2008 00:00

Հայաստանը հաճախ է զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս հիանալ կողք կողքի դասավորված սյունաձեւ բազալտե սիմֆոնիայով: Շատերը դրանց տարբեր անվանումներ են տվել՝ «քարե ջրվեժ», «քարե երգեհոն», «քարե զսպանակներ», «Գուլիվերի մակարոններ»: Նման սյունաձեւ հրաշալիքներ կան Հրազդան, Ազատ, Դեբեդ, Եղեգիս, Արփա, Ախուրյան եւ այլ գետերի զառիթափ լանջերին: Դրանց նմանակները եւ տարատեսակները տարածված են Կալիֆոռնիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հյուսիսային Կորեայում եւ այլուր: Երեւանի սահմաններում բազալտե ամենագեղեցիկ սյունաձեւ անջատումները մերկանում են Մանկական երկաթուղու սահմաններում, Հրազդան գետի ձախ ափին: Կատարելությամբ, բազմազանությամբ առավել հետաքրքրություն են առաջացնում Ազատ գետի, Գառնի ավանի շրջակայքի բազալտե սյունաձեւ անջատումները: Դրանց պատկերը տեղ է գտել նաեւ հայտնի երկրաբան, ակադեմիկոս Ա. Զավարիցկու աշխատանքներում՝ աշխարհի լավագույն սյունաձեւ անջատումների պատկերների շարքում: Սովորաբար սյուներն ունեն հիմնականում 6 նիստ: Յուրաքանչյուր համակարգ, որ այս կամ այն կերպ խտանում է, կարծրանում ծավալով, ձգտում է վեցանիստ պրիզմատիկ ձեւերի: Նկարագրված անջատումները բարդ, հազարամյակներում առաջացած բնության հազվադեպ երեւույթներից են, որոնք հիացրել են մարդկանց եւ դեռ պետք է հիացնեն, եթե մարդը իր անձնական շահերից ելնելով՝ բարբարոսաբար չոչնչացնի դրանք: Հիշենք թեկուզ Գառնիի քարերի սիմֆոնիայի հայտնի դեպքը: Ժամանակին մոլեռանդ բնասեր, հայտնի երկրաբան Կ. Շիրինյանը կառավարությանն առաջարկել էր ընդունել հատուկ որոշում՝ բնության հրաշալիքները պահպանելու վերաբերյալ: Դեռ 20-30 տարի առաջ երկրաբաններից պահանջեցին բնական հուշարձանների ցանկ, եւ հանձնեցինք… Հրատարակված է նաեւ Է. Մալխասյանի ատլասը, Ա. Ավանեսյանի, Է. Մալխասյանի, Ս. Նազարեթյանի հրաշալի գունագեղ աշխատությունն այդ մասին: Վերջերս մամուլից իմացանք, որ վարչապետի առաջարկությամբ նորից կազմվել է բնական հուշարձանների ցանկ, ավելին, Գառնիի ձորի բազալտե սյունաձեւ անջատումների, ինչպես նաեւ մի շարք այլ բնական հուշարձանների վերաբերյալ ընդունվել է հատուկ որոշում: Արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ում, Հյուսիսային Կորեայում, Ուկրաինայում եւ շատ այլ տեղերում սյունաձեւ անջատումների տեղամասերը որպես գիտական, էսթետիկական եւ մշակութային նշանակություն ունեցող հուշարձաններ՝ տեղը տեղին պահպանվում են պետության կողմից: Ժամանակն է օրինակ վերցնել նրանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել