Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Սեպտեմբեր 17,2008 00:00

\"\"Քաղաքացու իրավունքը որեւէ պետական օղակում չի վերականգնվում

Դեռեւս 1991թ. Շահումյանի շրջանային գործադիր կոմիտեն, ելնելով ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մի շարք որոշումներից, Դալմայի այգիների՝ Լենինգրադյան փողոցին հարող հատվածից վարձակալական պայմանագրով 0,42 հեկտար հողակտոր է հատկացրել ուսուցչուհի Սուսաննա Ներսիսյանին: Նա 17 տարի բացահայտ եւ բարեխղճորեն մշակել է իրեն հատկացված հողակտորը, վճարել է բոլոր վարձավճարները եւ այդ ամայի տարածքը դարձրել է հիասքանչ այգի: Այդ իսկ պատճառով պայմանագրի ժամկետը երեք անգամ երկարացվել է:

Քանի որ փոխվել է հողատարածքի նշանակությունը, եւ այն նախատեսված է հասարակական բնույթի շինարարության համար, Ս. Ներսիսյանը 2003թ. դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ, հղում անելով ՀՀ Հողային օրենսգրքի համապատասխան հոդվածին, նախապատվության իրավունքով պատրաստակամություն է հայտնել այն գնել: Քաղաքապետարանից նրա դիմումը մերժել են, քանի որ մինչեւ «Անշարժ գույքի մասին» օրենքի ընդունումը՝ կնքված պայմանագրերի համար նոտարական վավերացում չի պահանջվել, իսկ մինչեւ 06.05.1991թ. կնքված պայմանագրերն ունեն իրավաբանական ուժ եւ ենթակա են պետական գրանցման: Այդ պատճառով տիկին Ներսիսյանը դիմել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի ստորաբաժանում: Սակայն այստեղ էլ նրա դիմումը մերժվել է: Մերժումներից հետո, գնման նախապատվության իրավունքով հողակտորը ձեռք բերելու պահանջով 27.07.2004թ. դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Դատարանի միջնորդությամբ՝ ԴԱՀԿ Երեւանի բաժնի կողմից նույն տարվա նոյեմբերի 4-ին արգելանք է դրվել նրա վարձակալած 0,42 հա հողակտորի վրա: Սակայն արգելանք դնելուց մեկ ամիս անց քաղաքապետարանը աճուրդով վաճառել է հողակտորի մի մասը, իսկ 2005-ին՝ արդեն մյուս հատվածները: Նշենք, որ սա այն դեպքում, երբ վճիռ չէր կայացվել եւ պայմանագրի ժամկետն էլ դեռ չէր լրացել: Ս. Ներսիսյանին քաղաքապետարանից բազմիցս պատասխանել են, որ հողակտորը նախատեսված է հասարակական բնույթի շինարարության համար: «Այնինչ, այս տարվա հունվարի 11-ից իմ հողակտորը գնողը սկսել է բնակելի շենքի շինարարություն, որը հանդիսանում է նրա անձնական բիզնեսը: Անձնական բիզնեսը չի կարելի համարել հասարակական բնույթի շինարարություն»,- ասում է Ս. Ներսիսյանը: Նրա համար անհասկանալի է մնացել, թե ինչու են իրեն մերժել գնման նախապատվության իրավունքով հողակտոր հատկացնելը: Գնորդը հողային աշխատանքներ է սկսել անորոշ մակերեսի վրա, նույնիսկ հրաժարվել է տեղեկատվություն տալ, թե որքան մակերես է տիկին Սուսաննայի հողակտորից ձեռք բերել: Դեռ ավելին, դիտավորությամբ ոչնչացրել է 3 տասնյակից ավելի պտղատու ծառ եւ խաղողի բազմաթիվ վազեր, ինչպես նաեւ հողակտորի սահմանագծի քարե պարիսպն է քանդել: Նրա կողմից այս աշխատանքները շարունակվում են, երբ ընդհանրապես արգելված է Դալմայի այգիներում շինաշխատանքներ կատարելը:

Ս. Ներսիսյանը դիմել է նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, իսկ մայիսի 12-ին արդարադատության նախարարությունից նրան տեղեկացրել են, որ բարձրացված փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից: Այս խնդրի մասին տեղյակ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ հունիսի 3-ի իր հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու ԴԱՀԿ-ի դրսեւորած անգործությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել