Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադալյանի «7 զգացողությունը»

Հոկտեմբեր 08,2008 00:00

Ներկայացում՝ ներշնչված Նարեկացու «Մատյանից»

Այսօր, երբ միտում կա պսեւդո-արվեստի «դրոշի» ներքո հավաքվելու, որովհետեւ այդպես ավելի հեշտ է փող աշխատելն ու հանդիսատես գրավելը, երիտասարդ շնորհալի ռեժիսոր Վահան Բադալյանն այլ կերպ է մտածում: Նրա ստեղծածը մի տեսակ ինտելեկտուալ արվեստ է՝ ոչ բոլորի «քիմքին» հարիր: Եվ հենց նման երիտասարդներին արժե պետականորեն աջակցել, ոչ թե նպաստել արվեստի բոլոր ճյուղերի «փոփացմանը»: Վահանի հերթական ձեռնարկը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից ներշնչված «7 զգացողություն» թատերական նախագիծն էր, որի պրեմիերան օրերս կայացավ Փոքր թատրոնում (Գեղագիտության ազգային կենտրոն): Վերջինիս եւ «Վերսիլիադանցա» մշակութային ընկերության համագործակցության արդյունքում ծնված ինքնատիպ այս ներկայացումը նաեւ «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում է հանձնվել հանդիսատեսի դատին: «7 զգացողության» մտահղացումը, բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը, ինչպես արդեն նշեցինք, Վահան Բադալյանինն էր, խորեոգրաֆիան՝ Անջելա Տորրիանի Էվանգելիստիինը, վիդեոն՝ Լեոնարդո Ֆիլաստոյինը: Դերակատարներն են Անջելա Տորրիանի Էվանգելիստիին, Լեոնարդո Դիանան, Արսեն Խաչատրյանը: Ներկայացումը պլաստիկայի, մնջախաղի, ասմունքի, երաժշտության վիդեո եւ լուսանկարչական արվեստի գեղեցիկ համադրություն էր: Վահան Բադալյանը հմտորեն էր գնահատել լույսի ու ստվերի, գույնի ու ձայնի հնարավորությունները, դրանք դարձրել ներկայացման հաջողության գրավական: Այս ներկայացման մեջ մարմիններն ասես երգում էին, հատկապես անկրկնելի էին իտալացիները, Վահանի յուրաքանչյուր «կադրը» ասես գեղանկար լիներ:

«7 զգացողությունը» «սկսվեց» էկրանից, որտեղ տարբեր լեզուներով մեղավոր մահկանացուներն իրենց աղերսագին խոսքն էին ուղղում առ Աստված: Հայերեն տեքստը՝ կտորներ Նարեկացու «Մատյանից», կարդում էր Արա Դեխտրիկյանը: Մարդկային մարմինները, անգամ դրանց առանձին մասերն ու ստվերները «բամբասում» էին, թե ինչքան մեղավոր է մարդ արարածը, որը չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել, ու արդեն գործած հին չարիքներին նորերն են ավելացել: «7 զգացողությունը», որի ընթացքում դերասանների հետ միասին տառապանք ու զղջում է ապրում նաեւ հանդիսատեսը, ի վերջո ավարտվում է լավատեսության հաղթանակով ու այն հույսով, որ մեղանչման դեպքում հնարավոր է արժանանալ ամենաառատ ողորմության եւ մեղքերի ներման, որովհետեւ Աստծո որդու համար չկա անկարելի եւ անհնար ոչինչ, քանի որ նա եկել է մարդկային հոգին փրկելու, ոչ թե կորցնելու համար: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում կայացած «Ֆանտաստիկ» խորագրով մանկապատանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրել էր հենց Վահան Բադալյանը՝ իր «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ, որը համարվել է փառատոնի գագաթը: Ինչպես միշտ, այս անգամ էլ հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել