Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻԲՐԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԻ»

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"Ֆրանսաբնակ ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը անհրաժեշտության դեպքում կվերադառնա Հայաստան եւ կկանգնի Ազգային օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ:

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է ընտանեկան հանգամանքներով 1991-ից Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանի ծավալած գործունեությանը: Այս տարիների ընթացքում երաժիշտը քանիցս հանդես է եկել հայրենիքում: Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը արվեստագետը հայ ունկնդրին առաջին անգամ ներկայացավ 2005թ. Փարիզում իր հիմնած «Նաիրի» կամերային նվագախմբի հետ, որի բոլոր 22 արտիստները ֆրանսիացի են: Նկատենք, որ համերգին ներկա չէր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ոչ մի աշխատակից: Առաջին անգամ հնչեցին Գրիգի, Սիբելիուսի երկերից: Այսօր էլ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Նաիրիի» եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը, որի առաջին բաժինը կղեկավարի Երիտասարդականի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ երկրորդը՝ Հայկ Դավթյանը: Հոկտեմբերի 30-ին Երեւանի պետկոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դահլիճում կկայանա նվագախմբի վերջին ելույթը: Ընդ որում, համերգները նվիրված են երկրաշարժի 20-ամյակին:

«Առավոտը» հանդիպեց Հայկ Դավթյանին: Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ արվեստագետը Հայաստանում ճանաչված էր իբրեւ ջութակահար եւ ավելի շատ՝ օպերային դիրիժոր: Ժամանակին Ազգային օպերային թատրոնում առաջինը նա է որպես բեմադրող- դիրիժոր իրականացրել Ստրավինսկու «Օրփեոս» բալետային, Թարիվերդիեւի «Մենություն» եւ Մենոտիի «Հեռախոսը» օպերային բեմադրությունները, ղեկավարել է Չուխաջյանի «Կարինե», Վերդիի «Տրուբադուր», Ջորդանոյի «Անդրե Շենիե» օպերաների բեմադրությունները եւ այլն:

Մեր զրուցակիցն ասաց, թե բացի այն, որ Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում «Նաիրի» նվագախմբի հետ պրոպագանդում է ժամանակակից հայ կոմպոզիտորների երկեր, ղեկավարում է նաեւ օպերային ներկայացումներ: «Փարիզի Սեն Մանդե արվարձանում քանիցս ղեկավարել եմ Բիզեի «Կարմենը», Բուլոն եւ Էրմոն քաղաքներում էլ՝ Պուլենկի «Մարդկային ձայն» օպերան եւ այլն»,- նշեց Հ. Դավթյանը:

Դիտարկմանը, թե Սփյուռքում ապրող իր գործընկերներից շատերին, երբ մշտապես հայրենիքում ստեղծագործելու մասին հարց է ուղղվում, դրական են պատասխանում, սակայն մինչ այսօր նման դեպք չի գրանցվել, Հ. Դավթյանը հայտնեց հետեւյալը. «Ես չեմ պատասխանի՝ այո, այլ կապացուցեմ դա գործով, եթե իմ անհրաժեշտությունը զգացվի հայրենիքում: Մի խոսքով, պատրաստ եմ այստեղ ծառայել արվեստին: Նշեմ, որ կգերադասեմ կանգնել ազգային օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ: Չեմ մոռանում. երբ տեղափոխվեցի Ֆրանսիա, Երեւանում արդեն սկսել էի Չայկովսկու «Պիկովայա դամայի» փորձերը… Երբեք չեմ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, արդեն երկքաղաքացի եմ, եւ, ճիշտ է, 90-ականների ծանր տարիներին եմ տեղափոխվել Փարիզ, սակայն չեմ զբաղվել կեղծարարությամբ, չեմ որոնել նպաստներ ստանալու ճանապարհներ… Ինձ ընդունել եւ ճանաչել են իբրեւ հայ երաժշտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել