Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԵՐՈՎ» ԸՆԴՈՒՆՎԱԾ ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբեր 30,2008 00:00

«Աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու ծրագրի իրականացումն արդեն մեկնարկել է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծրագրի հեղինակ Արթուր Իշխանյանը: Այս տարվա հոկտեմբերի 3-ին արդեն վերջնականապես հաստատվեց ծրագրի հայեցակարգը, որին կարելի է ծանոթանալ ԿԳՆ-ի կայքէջում՝ www.edu.am: Ծրագրի դրույթների հիման վրա ստեղծվել է «Լույս» հիմնադրամը, որի նախագահն է Սերժ Սարգսյանը: Չնայած այս ամենին, հասարակության համար այնքան էլ պարզ չէր՝ ծրագիրն ընդունվե՞լ է, թե՝ ոչ: Ըստ Ա. Իշխանյանի, ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունն արվել է ոչ պատշաճ կերպով. «Պիտի լիներ պաշտոնական հայտարարություն, պիտի տպվեր հայկական թերթերում, պիտի ասվեր, թե կրթաթոշակները երբ են հատկացվելու, նշվեր հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրման կարգը եւ այլն: Այնինչ, մի անգլերեն հայտարարություն է տրվել careercentre.am կայքում»: Ա. Իշխանյանը նշեց, որ այսպիսի ծրագիր Ադրբեջանը վաղուց է իրականացնում. այժմ մենք 80 ուսանող ունենք արտերկրի հեղինակավոր բուհերում, Ադրբեջանը՝ 5000 ուսանող: ՀՀ-ում ծրագիրն ընդունվել է «մարտերով». «Եղավ բացառիկ դիմադրություն, ամեն ինչ փոխելու եւ ծրագիրը գրպանային երեւույթ դարձնելու ցանկություն: Դրա պատճառը ոչ տրիվյալ մտածելակերպն է, որ դրված է այս ծրագրի հիմքում: Երբ մենք ասում ենք, որ աջակցելու ենք արտասահմանում գտնվող ուսանողներին, բոլորի մոտ առաջանում է այն զգացողությունը, թե մտադիր ենք երկրից փախուստին օժանդակել: Այդ մոտեցումը հատկապես հատուկ է մեր չինովնիկներին, նրանք երբեք ոչ մի բանում չեն խորանում»: Ա. Իշխանյանը փաստեց, որ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար ծրագիրը հնարավորինս հեռու են պահել չինովնիկների ենթակայության դաշտից. «Մասնագիտությունների սահմանափակում չկա, քանի որ երաշխիքներ չկան, որ պաշտոնյաները ներքին գրություններով «ճ» կլասի ինչ-որ քոլեջի ինչ-որ մասնագիտություն կհայտարարեն երկրի համար կարեւորագույն՝ այն պատճառով, որ ծանոթի որդի է ուսանում այդտեղ կամ դրա համար գումար է տրվել: Բուհերի ցանկը որոշվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հաստատվող տարեկան շարժական ցանկերով: Չի դրվում հայտերի ներկայացման ժամկետ, եթե դրվեց, ապա դրա վրա էլ կսկսեն աշխատել: Բոլոր հայտերը, ներառյալ մերժվածների տրման-մերժման պաշտոնական հիմնավորումները, պիտի հրապարակվեն ազատ, հասանելի կայքէջերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել