Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի դիվանագիտական ծուղակում

Նոյեմբեր 11,2008 00:00

ՀՀ իշխանությունների վիճակն այսպես է բնորոշում «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը:

«Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի կապակցությամբ «Շուշի» հիմնադրամը հայտարարում է «Հանուն արդարության» շարժում հիմնելու մասին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց գրող, «Շուշի» հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա ձեւակերպմամբ՝ ՀՀ քաղաքական վերնախավը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ստեղծած դիվանագիտական ծուղակում, ուստի եւ Մինսկի խմբի ձեւաչափով կամ այլ բանակցություններում հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ հակամարտող կողմ. «Ելնելով այս իրավիճակից՝ Ադրբեջանը հանդես է գալիս որպես պահանջատեր՝ Հայաստանի կողմից ագրեսիայի հանդեպ: Այս դեպքում է, որ առաջնային է համարվում ագրեսիայի ենթարկված երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Դա էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս ռազմատենչ հայտարարություններ անել, սպառնալ Հայաստանին պատերազմով, ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա: Որպես ստեղծված իրավիճակի արդյունք՝ հետեւում են ՄԱԿ-ի ոչ հայանպաստ որոշումները, հայկական կողմի դիվանագիտական պարտությունները, միջազգային հասարակական կարծիքի՝ ադրբեջանական կողմ թեքվելը: Այս իրավիճակի ստեղծմանը քիչ բանով չնպաստեցին ՀՀ իշխանությունները՝ իրենց պասիվ, զիջողական դիրքով»:

Բանախոսի կարծիքով, Ադրբեջանը հաշվարկել էր, որ եթե որպես հակամարտող ու բանակցող կողմ ընդունվի ԼՂՀ-ն, ապա, ըստ ՄԱԿ-ի խարտիայի առաջին հոդվածի երկրորդ կետի՝ «Հավասար իրավունքները եւ ինքնորոշումը ամենահիմնական սկզբունքներն են» դրույթի, ինքը դիվանագիտական լուրջ պարտություն է կրելու. «Այս դեպքում է, որ ինքնորոշվող ժողովուրդը՝ արցախահայությունը, կարող է որոշել ինքնորոշման դեպքերից՝ ա. անկախ պետության ստեղծումը, բ. միացումը անկախ պետությանը, գ. այլ քաղաքական իրավիճակը, որ ինքն է ցանկանում ընտրել: Ինքնորոշման իրավունքը գերակայում է նաեւ 1966թ. ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոնվենցիայի ներքաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքի առաջին հոդվածի առաջին կետով: 1975թ. Հելսինկիի ԵԱՀԽ խորհրդաժողովի վերջնական ակտի գլխավոր գրացուցակը, որպես ութերորդ սկզբունք, հաստատեց «հավասար իրավունքներ եւ ինքնորոշման իրավունք բոլոր ժողովուրդների համար»՝ ավելացնելով, որ «ժողովուրդների ազատ ինքնորոշումը կենսականորեն անհրաժեշտ խնդիր է եւ չի կարող սահմանափակվել միայն երրորդ աշխարհի գաղութային տարածքներով, այլ վերաբերում է նաեւ Եվրոպային»: Փաստորեն, ազատ ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի համընդհանուր կանոն է: Ադրբեջանն ու Թուրքիան, ցավոք, դուրս են մղել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից, որպես հակամարտող կողմ՝ նրա փոխարեն ներգրավելով Հայաստանի Հանրապետությանը: Այնինչ, ՀՀ-ն պետք է հանդես գա միայն որպես ԼՂ խնդրի կարգավորման միջնորդ եւ վտանգի ենթարկված իր ժողովրդի մի հատվածի անվտանգության ապահովման հովանավոր ու միջազգային ատյաններում որպես բանակցող կողմ ճանաչել տալ ԼՂՀ իշխանություններին»: Ըստ Բ. Կարապետյանի, Ադրբեջանը պատերազմել է ԼՂՀ-ի դեմ, իսկ եթե պատերազմում կռվում ես մեկի դեմ, ուրեմն ընդունում եւ ճանաչում ես նրան որպես հակամարտող կողմ: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում, դա դեռ իրավունք չի տալիս հրաժարվել հակառակորդ կողմի հետ բանակցելուց, իսկ եթե որպես բանակցող կողմ մերժվում է ԼՂՀ ներկայությունը, ապա այդ բանակցությունները երբեք ոչ մի արդյունքի չեն հասնի: Բ. Կարապետյանն իր հայտարարության մեջ նշում է. «Զինադադարը կնքել են Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկայացուցիչները, քանի որ իրականում միմյանց դեմ պատերազմում էին այդ երկրները: Սկզբնական շրջանում բանակցող կողմ էր ընդունվում ԼՂՀ-ն, սակայն շուտով այն դուրս մղվեց, իսկ ՀՀ ղեկավարներն էլ ընդառաջ գնացին Ադրբեջանի ցանկությանը: Դա ամենեւին դաս չեղավ մեր դիվանագիտության համար: Հաջորդ նախագահները եւս չփորձեցին շտկել իրավիճակը: Եվ ահա Մոսկովյան եռակողմ հանդիպման ընթացքում կրկին անտեսվել է Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտ հանդես գալու իրավունքը»:

«Շուշի» հիմնադրամը կոչ է անում հայաստանյան, ղարաբաղյան ու Սփյուռքի շահագրգիռ քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, անհատ անձանց միանալ նախաձեռնությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին՝ նպաստել ԼՂ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնմանը, որպես բանակցող կողմ ճանաչմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել