Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԵՐԸ ԿԻՆՔՆԱՈՉՆՉԱՆԱ՞Ն

Նոյեմբեր 11,2008 00:00

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ խոսեց Շիրակի մարզի գյուղերում՝ հատկապես Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանում գայլերի հարձակումների մասին: Վերջին շրջանում չկա մի օր, որ գայլերը չհյուրընկալվեն լեռնային գյուղեր ու անասուններին չհոշոտեն: Միայն Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյանից փախցրել էին 400 գլուխ ոչխար: Վարչության պետը տուժած գյուղացիներին մխիթարեց, որ մյուս տարի Շիրակի մարզում հիմնվելու է սպանդանոց: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն ու գյուղատնտեսության նախարարն այս հարցի շուրջ արդեն բանակցել են, մնում է որոշել՝ այն Ամասիայո՞ւմ է լինելու, թե՞ Աշոցքում: Մինդեռ այս հարցում ավելի «կոմպետենտ» Համլետ Գասպարյանը, որը նույն վարչության գլխավոր մասնագետն է, դեմ է գայլերի ոչնչացմանը, ըստ նրա՝ այս կենդանիների դեմ չարժե համակարգված պայքար մղել. «Գայլի տված վնասն ի՞նչ պիտի լինի, էն օրը Մուսայելյան գյուղում հիվանդ գայլ էին բռնել, միգուցե ինքնաոչնչանան»:

Մ. Մանուկյանն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզի բերքատվությանը: Ըստ պաշտոնյայի, մարզում այս տարի 2000 հեկտարից ավելի ցանքատարածություն ունենք, եւ եթե անցած տարի 51 հազար հա հացահատիկային մշակաբույսեր ենք ունեցել, ապա այս տարի այն հասել է 53 հազարի: Մ. Մանուկյանի խոսքերով՝ 5 անգամ պակասել են վնասի չափերը, ինչը պայմանավորվեց մարզի հյուսիսային հատվածում տեղադրված 6 հակակարկտային կայաններով: «Առավոտը» վարչության պետից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հիմնավոր այն լուրերը, որ հակակարկտային կայաններ տեղադրվում են այն գյուղերում, որտեղ մարզի պաշտոնյաները հողատարածքներ ունեն: «Դրանք իրականությանը բացարձակ չեն համապատասխանում, այն տարածքները, որտեղ մենք տեղադրել ենք այդ կայանքները՝ Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ ու մինչեւ Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղերը, այս ծրագիրը սկսվել էր վարչության 7-8 տարվա դիտարկումների հիման վրա, ուսումնասիրել ենք կարկտաբեր հոսանքները. որտեղի՞ց են մտնում, ի՞նչ տարածքներ են վնասում, մարզում դրանք 3 ուղղություն ունեն, մենք ամենաշատ կարկուտ տեղացող վայրում ենք տեղադրել»,- ասաց Մ. Մանուկյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել