Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԳԱԼ Է ՊԵՏՔ»

Դեկտեմբեր 11,2008 00:00

\"\"Ասում են շախմատի համաշխարհային օլիմպիադայում 6-րդ տեղը գրաված մեր կանանց հավաքականի անդամները

Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում գերազանց հանդես եկավ նաեւ Հայաստանի աղջիկների հավաքականը, որը երկու տարի առաջ Թուրինում ցույց տված 8-րդ ցուցանիշը բարելավեց երկու աստիճանով եւ 114 երկրների միջեւ պայքարը եզրափակեց 6-րդ հորիզոնականում:

Սակայն մեզ թվում է, որ տղաների նվաճած օլիմպիական ոսկե մեդալի ֆոնի վրա մեր շախմատիստուհիների այս հաջողությունը պատշաճ ուշադրության չի արժանանում, թեեւ, մեր տեղեկություններով, հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց դրամական պարգեւներ է հանձնել: Այդ պատճառով էլ «Առավոտը» օրերս հանդիպեց մեր կանանց հավաքականի՝ Երեւանում գտնվող անդամներին՝ Լիլիթ Մկրտչյանին, Նելլի Աղինյանին, Լիլիթ Գալոյանին եւ Սիրանուշ Անդրիասյանին (մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ամուսնացել եւ բնակվում է Հոլանդիայում):

«Առավոտ»: Գրաված 6-րդ տեղը գոհացնո՞ւմ է ձեզ:

Հարցին աղջիկների անունից պատասխանեց Նելլի Աղինյանը. «Եթե հաշվի առնենք, որ Թուրինում 8-րդն էինք, բնականաբար, բավարարված ենք: Չնայած, եթե ճակատագիրը եւ հաջողությունը մի փոքր ավելի ժպտային մեզ, կարող էինք նաեւ մրցանակային տեղ գրավել, անգամ հաղթող էլ դառնալ»:

«Առավոտ»: Շախմատում ի՞նչ ասել է ճակատագիր եւ հաջողություն:

Լիլիթ Գալոյան: «Մարզիկի համար հաջողակ լինելու գործոնը շատ կարեւոր է: Մասնավորապես, շախմատում այդ գործոնն ամեն մի պարտիայում եւ ամեն մի քայլի հետ կա՝ վիճակահանությամբ համեմատաբար թույլ մրցակից ստանալը, խաղի ժամանակ կարճ ժամանակամիջոցում ճիշտ կողմնորոշվելը: Օրինակ, Դրեզդենում մենք ընդհանուր առմամբ կրել ենք երեք պարտություն, որոնցից առնվազն երկուսում առավելություն ունեինք: Բայց ընդամենը մեկական սխալ քայլի պատճառով ամեն բան գլխիվայր շուռ եկավ: Դժվար է ասել, թե ինչո՞ւ առաջինը դու ես սխալվում, այլ ոչ մրցակիցդ: Դա ավելի շատ գալիս է պայքարի լարվածությունից, պատասխանատվության բարձր աստիճանից»:

«Առավոտ»: Շախմատում ձեր մակարդակի խաղացողների համար պատահականություն ասածն ինձ այնքան էլ չի համոզում:

Սիրանուշ Անդրիասյան: «Ստացված դիրքում պայքարը շարունակելու, ասենք, հինգ տարբերակ կա, բայց ժամանակը սուղ է: Մտածում-մտածում ես, հաշվարկում ու ընտրում մեկը, որը, պարզվում է, լավագույնը չէր: Ճի՞շտ ես վարվել, թե՞ ոչ՝ երեւում է պարտիայի ավարտից հետո: Հաղթեցի՞ր, ուրեմն ճիշտ շարունակություն ես գտել, պարտվեցի՞ր, ուրեմն պայքարը շարունակելու ավելի հուսալի եւ ճիշտ ճանապարհը չես ընտրել: Ասածս վերաբերում է առավելություն ունեցած, այլ ոչ թե հաղթած դիրքերին»:

Լիլիթ Մկրտչյան: «Պատահում էլ է, որ պարտվում ես նաեւ հաղթած դիրքում, երբ մի տեակ թուլանում ես, զգոնությունդ կորցնում: Դա բնորոշ է շատերին: Իսկ այդ դեպքում կորցրածը ետ բերելն արդեն անչափ դժվար կամ անիրագործելի է դառնում»:

«Առավոտ»: Ասում են՝ շախմատում շատ բան որոշում է սկզբնախաղը: Ձեր սկզբնախաղային գիտելիքները բավարա՞ր են:

Նելլի Աղինյան: «Սկզբնախաղը կարեւոր է, բայց որոշիչ չէ: Ամեն բան կախված է, թե մրցակիցդ քո ընտրած սկզբնախաղային քայլերին ինչո՞վ կպատասխանի: Կարող ես սկզբնախաղի այս կամ այն տարբերակին լավ տիրապետել, փորձել այդ ուղով պարտիան տանել, բայց մրցակիցդ հակաքայլերով քեզ զրկի այդ հեռանկարից: Շախմատում շատ բան որոշվում է արդեն միջնախաղում կամ վերջնախաղում, երբ արդեն պիտի կարողանաս ստեղծված իրադրությունը ճիշտ գնահատել եւ համապատասխան քայլերն անսխալ գտնել»:

«Առավոտ»: Իսկ ձեր անհատական արդյունքներից գո՞հ եք:

Լիլիթ Մկրտչյան: «Երկրորդ խաղատախտակի առջեւ մասնակցել եմ բոլոր 11 տուրերին եւ թիմին բերել 8,0 միավոր: Գոհ եմ: Բայց կարող էի ավելին անել»:

Նելլի Աղինյան: 9 տուրում վաստակել է 5,5 միավոր: «Նորմալ է: Շատ գոհ չեմ, որովհետեւ հաստատ կարող էի ավելի լավ խաղալ»:

Լիլիթ Գալոյան: 10 տուր, 6,5 միավոր: «Գործակից եմ բարձրացրել: Ընդհանրապես, թիմի բոլոր աղջիկներն էլ գործակից բարձրացրին: Ասեմ, որ բոլորիս արդյունքները դրական են: Բայց շախմատիստները մաքսիմալիստ են: Հիմա, երբ վերլուծում եմ իմ պարտիաները, տեսնում եմ, որ կարող էի ավելի շատ միավոր վաստակել: Բավարարված կարելի է լինել միայն առավելագույն արդյունքի դեպքում»:

Սիրանուշ Անդրիասյան: 4 տուր, 2,5 միավոր: «Չեմ ասի, թե դժգոհ եմ: Շախմատիստների մեջ մի այսպիսի մտածելակերպ կա: Եթե մրցաշարն ավարտում են միավորների պլյուսով՝ վատ չէ: Բայց ընդամենը չորս պարտիայով չէի ասի, թե գոհ եմ»:

Խոսելով Էլինա Դանիելյանի արդյունքի մասին՝ շախմատիստուհիներն ասացին, որ հավաքականի առաջատարը 10 պարտիայում վաստակել է 5,5 միավոր, ինչը լավ ցուցանիշ է, քանի որ առաջին խաղատախտակի առջեւ բոլոր թիմերում հանդես են գալիս ուժեղագույնները:

«Առավոտ»: Զրույցի սկզբում ասացիք, որ կարող էիք նաեւ մրցանակային տեղ գրավել, անգամ չեմպիոն դառնալ: Ի՞նչը խանգարեց:

Լիլիթ Մկրտչյան: «Եթե 10-րդ տուրում հաղթեինք Լեհաստանին, ինչին մոտ էինք, դուրս էինք գալիս թիմային 1-ին տեղ եւ եզրափակիչ տուրում հանդիպում Սերբիայի թիմի հետ, որը մեզանից թույլ էր: Եվ եթե նրան էլ հաղթեինք, չեմպիոն կամ գոնե մեդալակիր դառնալու հեռանկար էլ կարող էինք ունենալ»:

«Առավոտ»: Տղաների հաղթանակը հիմնականում վերագրվում է թիմային ոգուն: Դուք դրա պակասն զգո՞ւմ էիք:

Նելլի Աղինյան: «Իհարկե, ոչ: Համենայնդեպս, չենք զիջել»: Բոլորը միաձայն. «Եթե անհատական մրցաշար լիներ, յուրաքանչյուրս պատրաստ կլինեինք կոնկրետ դեպքում ռիսկի դիմել: Բայց օլիմպիական թիմային մրցաշարում անձնական ամբիցիաները ստորադասում ես ընդհանուրին: Եթե անհատական պայքարում քեզ կարող ես թույլ տալ այս կամ այն քայլը կատարելով մրցակցիդ անակնկալի բերել եւ հաղթանակ կորզելու հույս փայփայել, թիմայինի պարագայում առաջնայինը թիմին անհրաժեշտ ընդհանուր միավորներն են: Այս առումով մենք էլ աշխատում էինք ընդհանուր արդյունքի համար»:

«Առավոտ»: Տղաները չեմպիոնությունը կռեցին հիմնականում չորս հոգով: Ձեզանից յուրաքանչյուրն այս արդյունքում իր մասնակցությունն ունեցավ: Ինչպե՞ս էիք որոշում, թե տվյալ օրը ո՞վ է խաղալու:

Սիրանուշ Անդրիասյան: «Վերջնական որոշում կայացնում էր մարզիչ Արսեն Եղիազարյանը, քանի որ նա ավելի լավ էր տեսնում, թե մեզանից ով ինչ մարզավիճակում է եւ որքանով է պատրաստ: Իհարկե, գլխավորն այն սկզբունքն էր, որ հաղթողը պետք է շարունակի խաղալ: Բայց նաեւ հաշվի էր առնվում յուրաքանչյուրիս կարծիքը: Օրինակ, եթե որեւէ մեկը ցանկանում էր հանգստանալ՝ հաշվի առնվում էր: Այդպես բոլորս, բացի Լիլիթ Մկրտչյանից, օլիմպիադայում առնվազն մեկ տուր հանգստացանք»:

«Առավոտ»: Պայքարից դուրս Դրեզդենում հիշարժան որեւէ բան կարո՞ղ եք պատմել:

Ընդհանուր պատասխանն այս էր. «Ճիշտն ասած, ի տարբերություն այլ հավաքականների, անկախ նրանից, թե տվյալ օրը մեզանից ո՞վ էր խաղալու, բոլորս դահլիճում էինք: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Ինչպե՞ս տեղում չլինեինք, երբ խաղում էր քո ընկերուհին, թիմակիցը: Այ, թիմային ոգին հենց դա է: Երբ գիտես, որ ամեն բան միայն քեզանից է կախված, բայց զգում ես ընկերոջդ ներկայությունը, աջակցությունը, շատ բաներ ավելի հեշտ ես հաղթահարում: Այդ զգացողությունը խոսքերով բացատրել հնարավոր չէ: Ապրել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել