Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամուսինը դավաճանում է՝ կինն է թերացել

Հունվար 10,2009 00:00

Ըստ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի՝ դավաճանության մեջ մեղավոր կողմ չկա

Աշխարհում տարածված երեւույթը՝ դավաճանությունը, Հայաստանում եւս արդիական է: Մեր կատարած հարցախույզի ընթացքում պարզվեց, որ երիտասարդ ամուսիններից շատերը համոզված են՝ ընտանիքի ամրության հիմքը հավատարմությունն է: 25-ամյա Արգիշտին ասաց. «Այսօր ոչ միայն տղամարդիկ են դավաճանում, այլեւ՝ կանայք: Դավաճանությունը կարծես մոդա է դարձել: Իմ համոզմամբ՝ դա աններելի է»: Ըստ 60-ամյա տիկին Գյուլիի, «Դավաճանությունը մնում է դավաճանություն, բայց եթե արանքում կա երեխա, ուրեմն կարելի է ներել»: 30-ամյա նորապսակ Նարինեն էլ համոզված է. «Դավաճանությունը ընտանիքի փլուզման հիմքն է, ես երբեք չեմ ների ամուսնուս ինձ դավաճանելու համար: Իսկ ինչ վերաբերում է կնոջ դավաճանությանը, ապա դա հարիր չէ հայերիս: Ինձ թվում է՝ հայ կանայք ընդունակ չեն դրան»: 23-ամյա ե Վահեն էլ կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղամարդկանց ներելի է, իսկ կանանց՝ ո՛չ: Յուրաքանչյուր նորմալ տղամարդ էլ կարող է եւ իրավունք ունի գոնե մեկ անգամ իր կնոջը դավաճանել, դա ժամանակավոր հրապուրանք է. այսօր կդավաճանես, վաղը կարթնանաս եւ չես էլ հիշի… Դա չի նշանակում, որ դու դադարում ես սիրել ու մեծարել կնոջդ: Ես չեմ կարող ասել՝ կդավաճանե՞մ, թե՞ ոչ, բայց եթե հանկարծ նա դավաճանի, Աստված գիտի, թե ինչպես կվարվեմ նրա հետ…»:
Ներելի է, արդյո՞ք, դավաճանությունը, թե՞ ոչ, եւ հնարավո՞ր է դավաճանությունից հետո վերականգնել նախկին ամուր ընտանիքը՝ «Առավոտը» զրուցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: «Դավաճանության մասին Ավետիք Իսահակյանն ասել է՝ եթե տղամարդն է դավաճանում, նշանակում է՝ դու նստած ես քո պատշգամբում եւ դուրս ես թքում, իսկ եթե կինը՝ ուրեմն դրսից ինչ-որ մեկը քո պատշգամբից ներս է թքում… Հայաստանում, եթե կնոջը «շնության» մեջ բռնում էին, նա եւս քարկոծվում էր, իսկ տղամարդը չէր քարկոծվում, որովհետեւ միշտ համարվել է, որ ընտանիքի բարոյական սյուները պահողը կինն է, եւ եթե դրանք խարխլվեն, ուրեմն կինն ինչ-որ տեղ թերացել է: Տղամարդն էլ համարվել է դրսի մարդ, որսորդ՝ գնացել, հայթայթել է եւ վերադարձել տուն, կնոջ մոտ»: Ամուսինների դավաճանության պատճառների մասին քահանան նշում է. «Տարբեր պատճառներ կան. օրինակ՝ շուտ ամուսնանալը, այս դեպքում հնարավոր է, որ մեկը մյուսին չի հասկանում, չի սիրում… Եվ հանկարծ տեսադաշտում հայտնվում է մեկ ուրիշը, որին սիրահարվում են եւ կողակիցը որպես ֆիզիկական անձ իրեն այլեւս չի ձգում: Ժամանակի ընթացքում խնդիրներ են առաջանում եւ ամուսինները աստիճանաբար սկսում են միմյանց հանդեպ սառչել: Ամուսինների մեջ առաջանում է «պակասի» զգացողություն, որը բնականաբար լրացվում է ուրիշի միջոցով: Այսօր երիտասարդները շատ վաղ տարիքում են մտնում ամուսնական կյանք: Երբեմն հանդիպում ես զույգերի, որոնցից միայն մեկն է սիրում, դա էլ իր ազդեցությունն ունի: Պատճառներից մեկը նաեւ ոչ լիարժեք ինտիմ կյանքով ապրելն է: Չի բացառվում նաեւ, որ կյանքում ամուսինները միմյանց հասկանան, իսկ անկողնում՝ ոչ»: Ըստ քահանայի, դավաճանությունը դավաճանություն է, ու ոչ մի կապ չունի՝ դավաճանողը տղամարդն է, թե կինը. «Տարբերություն չկա: Մեր հասարակությունը սովոր չէ դավաճանողի դերում կնոջը տեսնել, դա ընկալվում է որպես անբարոյականություն, ինչ է՝ տղամարդու դավաճանությունը նույն անբարոյականությունը չէ՞: Խնդիրը միայն մոտեցման մեջ է: Օրինակ, հյուսիսային ազգեր կան, որոնք իրենց պատվավոր հյուրերին պարտադիր հրամցնում են իրենց տիկնոջը կամ աղջիկներին՝ որպես պատիվ: Դե արի եւ ասա, որ դա դավաճանություն է»:
Ինչ վերաբերում է դավաճանությունը ներել-չներելուն, ապա տեր Շմավոնը գտնում է, որ արարքը կներվի միայն այն դեպքում, եթե խոստովանվի. «Ցանկացած դավաճանություն հնարավոր է ներել: Աստված մարդկանց բոլոր մեղքերն էլ ներում է, բացի Սուրբ Երրորդության հայհոյությունը: Պետք է ներել. եթե չներես, ապա կկորցնես ունեցածդ: Ներումը խիստ անձնավորված է: Ցանկացած հարցում ամուսինները կարող են գալ եզրահանգման՝ խոստովանելով իրենց մեղքը: Իսկ եթե խոստովանելուց հետո կարողանան նաեւ խոստանալ, որ այլեւս նման մեղք չեն գործի՝ կհասկանանք, որ սխալմունք է եղել, պատահականություն…»: Քահանան նաեւ հավելեց. «Ես շատ ընտանիքների եմ օգնել խոստովանության միջոցով: Խորհուրդ կտամ ամուսիններին միմյանց շատ սիրել, լինել ողջախոհ եւ հարգել մեկմեկու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել