Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Հունվար 13,2009 00:00

«Հետաքրքրվել եմ եւ պարզել, որ մասնավոր դպրոցների թիվը կտրուկ պակասել է: Առաջին պատճառը ֆինանսականն է, ապա՝ ծնողները սկսել են երեխաներին չտանել, չվստահել… Ե՞րբ ծնողը կցանկանա իր ընտանեկան բյուջեից գումար տալ կրթության համար. միայն մի դեպքում, երբ տեսնի, որ կա մասնավոր դպրոց, որը նույն պետական ծրագիրն իրականացնելու համար լուրջ նախաձեռնություններ է հանդես բերում, կրթության կազմակերպման այլընտրանքային, ավելի հետաքրքիր մեթոդներ է ներդնում: Մասնավոր դպրոցի գործունեության կարեւորագույն պայմանը պիտի լինի աշակերտակենտրոն կրթության կազմակերպումը: Ուսուցչի դերն այսօր բոլորովին այն չէ, որ, ինչպես առաջ էին ասում՝ դասագիրքը մի օր առաջ կարդա, հաջորդ օրը գա եւ այդ դասը բացատրի: Ուսուցիչը պիտի կրթությունը կազմակերպի այնպես, որ երեխան սովորելու ցանկություն ունենա՝ գիտելիքի համը պիտի դնի երեխայի բերանը, որ նա զգա՝ ինքնուրույն կարողանում է հարցեր դնել, խնդիրներ լուծել, ոգեւորվի, ավելին իմանալու ցանկություն ունենա: Բացի մի 4-5 դպրոցներից, մնացած մասնավոր դպրոցները պետական դպրոցների ավելի վատ տարբերակն են, որովհետեւ իրենց մոտից լավ ուսուցիչները գնում են, քանի որ իրենք չեն կարողանում պետականի չափ աշխատավարձ տալ, ամառվա համար չեն վճարում, գումարներ չունեն, որ ուղարկեն վերապատրաստումների, եւ այլն: Արդյունքում՝ ծնողների մոտ անվստահություն է առաջանում, երեխաներին հանում են այդ դպրոցներից: Փաստորեն, պետությունը չի կատարում իր պարտականությունը մասնավոր դպրոցի նկատմամբ, մասնավոր դպրոցը չի կայանում, ու քանի դեռ մասնավոր դպրոցը չի կայացել, չի լինի մրցակցություն մասնավորի ու պետականի միջեւ, եւ պետականը կտուժի՝ պետական դպրոցների որակը չի բարձրանա: Իր հերթին՝ կրթության բնագավառին լիցենզիա տվող կազմակերպությունն իր գործունեությամբ բոլորովին չի խթանում մասնավոր դպրոցի ճիշտ կայացմանը: Մասնավոր դպրոցին պետք է տալ հնարավորություն, որ ինքը կայանա, բայց պետք է վերահսկել: Կրթության չափորոշիչներ է ընդունել պետությունը, ինչ գործիքներով որոշում են հանրակրթական պետական դպրոցների գիտելիքները՝ ԳԹԿ-ի միջոցով, նույն ձեւով պիտի չափեն մասնավոր դպրոցի տված գիտելիքները»,- մասնավոր դպրոցների մասին իր մտահոգությունները մեզ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել